Լրահոս
Օրվա լրահոսը

Կորուստ՝ Հայաստանի համար

Հոկտեմբեր 18,2005 00:00

Արմեն
Օսկանյանի հիշատակին Հոկտեմբերի 16-ին լրացավ ողբերգության
զոհ դարձած Հայաստանի լավագույն ուսուցիչներից մեկի՝ Արմեն Վահեի Օսկանյանի մահվան
մեկ տարին: Այդ առիթով Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հուշ-երեկո, որտեղ
ներկա էին Ա. Օսկանյանի գործընկերները, հարազատներն ու սաները: Նրանք եւս մեկ անգամ
երաժշտության միջոցով հիշեցին հոգատար, բարի, եզակի նկարագրով այդ մարդուն, որի մահվան
հետ հաշտվելն անհնար է: ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս,
«Քվանտ» վարժարանի ուսուցիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Օսկանյանը 2004
թվականին Ղրիմում կայացած միջազգային օլիմպիադայի հաղթանակից հետո այլեւս չվերադարձավ:
Այդ օլիմպիադան Ա. Օսկանյանի ու նրա սան Արտակ Պապոյանի համար եղավ ճակատագրական.
ծովում տեսնելով, որ իր երեք սաները խեղդվում են, Արմեն Օսկանյանը կարողացել էր փրկել
երկուսին: Իսկ երրորդը զոհվեց ուսուցչի հետ: 2000 թվականից Ա. Օսկանյանի ղեկավարած
օլիմպիական թիմերը մշտապես վերադարձել են հայրենիք՝ աստղագիտության միջազգային օլիմպիադաներից
մշտապես բերելով թիմային առաջին տեղերը՝ արժանանալով ոսկե, ածաթե մեդալների եւ հատուկ
դիպլոմի՝ լավագույն աշխատանքի համար: Եվ ամեն անգամ Ա. Օսկանյանի անունը նշվում էր
իբրեւ լավագույն ուսուցիչ՝ միջազգային օլիմպիադաներում: 2004- ին Ա. Օսկանյանը արժանացավ
բնագիտության լավագույն ուսուցիչ կոչմանը՝ ստանալով Ամենայն հայոց կաթողիկոսի սահմանած
առաջին մրցանակը: «Իմ ուսանողական ընկերը՝ Արմենը, բարի, բարձրահասակ, գանգուր
մազերով, կիրթ, հանգիստ, անջատված կենցաղային ճղճիմ պրոբլեմներից, վեհ գաղափարներով
մարդ էր: Նրա ողբերգական մահը մեծ կորուստ էր ոչ միայն «Քվանտի» համար, այլեւ ողջ
Հայաստանի: Կորցրել ենք մեծ մանկավարժի, որին փոխարինող գտնելն անհնար է թե՛ մարդկային,
թե՛ մասնագիտական ու մանկավարժական առումով»,- այսպես է իր ընկերոջը հիշում «Քվանտ»
վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը: «Քվանտում» հոկտեմբերի 26-ին կկազմակերպվի
Ա. Օսկանյանի անվան հուշամրցաշար: Բացի այդ, «Քվանտի» այս տարվա լավագույն ուսուցիչը
կստանա Արմեն Օսկանյանի անվան մրցանակ: Մարդկային եզակի նկարագրով, իր գործով,
կյանքով ու կենսահաստատ մահով Արմեն Օսկանյանը մշտական իր անկյունը կունենա աշակերտների,
գործընկերների, իրեն իմացող բոլոր մարդկանց սրտերում… բացի մեր պետական այրերից:
Այսպես է կարծում Ա. Օսկանյանի այրին՝ Թերեզա Օսկանյանը. «Ուսուցչի օրվա առիթով պատվոգրեր
շնորհվեցին, միջոցառումներ եղան ի մեծարում ուսուցիչների, բայց ոչ ոք գոնե մեկ րոպե
լռությամբ չհարգեց Արմենի հիշատակը: Անցած տարվա ողբերգական հաղթանակից հետո եւս
լռություն էր: «Քվանտի» առաջին մեդալակրին ոչ ոք չշնորհավորեց: Դա բնորոշում է մեր
կառավարության եւ կրթության նախարարության աշխատաոճը»: ՀՐԱՉՈՒՀԻ
ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել