ՍՈՒՍԱՆ,
ԶՐՊԱՐՏԵԼԸ ԼԱՎ ՉԷ «Առավոտ» թերթի հոկտեմբերի 14-ի համարում
«Էջմիածինը Մանվելի համար ոչ Աղդամ է, ոչ Ֆիզուլի» հրապարակման մեջ Վաղարշապատ քաղաքի
թեկնածուներից մեկի՝ Երվանդ Աղվանյանի կողմնակիցներից ոմն Սուսաննա Հարությունյան,
Վաղարշապատի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, արդեն իսկ կանխազգալով իրենց
պարտությունը, հայտարարել էր, որ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» իբր տեղամասային
ընտրական հանձնաժողովի տեղերը վաճառել է մրցակից թեկնածուին (նման անպտուղ փորձեր,
ինչպես հիշում է ընթերցողը, կիրառվեցին Երեւան քաղաքի Կենտրոնի համայնքապետի ընտրության
ժամանակ)։ Այս զառանցանքը կարելի էր չկարեւորել, եթե ակներեւ չլիներ միտում՝ արատավորել
օրըստօրե հեղինակությունն ամրապնդող «Ազգային Միաբանություն կուսակցությանը»։ Տարրական
տրամաբանությունը հուշում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների անաչառության
մասին կարելի է եզրակացություն անել ընտրությունների օրը եւ արդյունքներն ամփոփելիս,
եւ ոչ թե կանխավ՝ ընտրություններից 3 օր առաջ։ Կարծում ենք, որ Ս. Հարությունյանը
զրպարտիչ լինելու խարանից կձերբազատվի միայն այն դեպքում, եթե անվանական եւ փաստացի
տեղեկություններ ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ԱՄ-ի կողմից երաշխավորված
տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների օրինազանցության փաստերի մասին։ Այլապես
մենք բարոյական իրավունք ունենք պնդելու, որ կատարվել է տարրական զրպարտություն Ռ.
Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի սանիկի՝ Երվանդ Աղվանյանի թիմակցի կողմից։ ԿՈՐՅՈՒՆ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՄ փոխնախագահ