Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

… Իսկ գյուղերում խաղաղ էր

Հոկտեմբեր 18,2005 00:00

Հոկտեմբերի 16-ին Արմավիրի 65 համայնքներ
ընտրեցին իրենց ղեկավարներին Դրանց զգալի մասում՝ 24 համայնքներում
առաջադրված էին միայն մեկական թեկնածուներ: Ասենք, Արշալույս գյուղում վերընտրվեց
գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, եւ գյուղի 3100 ընտրողներից 2506-ը քվեարկեցին այլընտրանք
չունեցող այս թեկնածուի օգտին: Մեծամոր քաղաքում վերընտրվեց Աշոտ Գրիգորյանը, որի
օգտին էին քվեարկել 8936 ընտրողներից 4883-ը: Գրիգորյան ազգանունը պատահական չէ՝
քաղաքապետը ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի եղբայրն է, եւ ի դեպ՝ ունի շատ տարօրինակ
մականուն՝ «Ճանճ»: Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը մեկ թեկնածուների առկայությունը
բացատրեց այսպես, որ մյուս հավակնորդները գիտակցել են, թե պարտվելու են, ուստի չէին
առաջադրվել: Ըստ նրա, այն համայնքապետերը, որոնք միայնակ են առաջադրվել՝ շուրջ 10-15
տարի ղեկավարում են այդ գյուղերը: Արմավիրում եւս պահպանվեց այլ մարզերին
հատուկ միտումը՝ գերազանցապես վերընտրվեցին գործող համայնքապետերը: Սակայն ի տարբերություն
այլ մարզերի՝ այստեղ առաջադրված թեկնածուների գերակշիռ մեծամասնությունն անկուսակցականներ
էին, իսկ եթե «կուսակցական պատկանելությունը» բաժնում որեւէ նշում կար էլ, ապա այն
վերաբերում էր միայն կոալիցիայի կուսակցություններին: Բացառությամբ՝ Արաքս գյուղի,
որտեղ ՀԺԿ ներկայացուցիչը ավելի քան 100 ձայնի տարբերությամբ հաղթեց ՕԵԿ անդամին,
մարզի որեւէ այլ համայնքում չէին առաջադրվել ընդդիմադիրներ: Եվ իշխանության թեկնածուներն
էլի որոշ համայնքներում մրցակցում էին իրար հետ: Ասենք, Արեւաշատ գյուղում մրցակցում
էին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները, եւ հաղթեց վերջինս: Պտղունք եւ Լենուղի գյուղերում
մրցակցում էին երկուական հանրապետականներ: Մյասնիկյան գյուղում գործող գյուղապետի
դեմ, որ հանրապետական է, իրենց թեկնածությունն առաջադրել էին երկու դաշնակցականներ
ու պարտվեցին: Այգեշատ համայնքը շարունակելու է ղեկավարել ՀՅԴ մարզային կառույցի
ղեկավար Արամայիս Մխիթարյանը, թեեւ տեղի հանրապետականները ոչ բացահայտորեն փորձում
էին խափանել նրա վերընտրությունը: Արմավիրի մարզի ընտրությունների առանձնահատկությունը
քվեարկության ժամանակ ձայների բավական փոքր տարբերությունն է: Ասենք, Ակնաշեն գյուղում
անկուսակցական թեկնածուն ընդամենը 8 ձայնով էր հաղթել ՕԵԿ ներկայացուցչին: Մրգաստանում
ՕԵԿ թեկնածուն միայն 2 ձայնով էր առաջ անցել մյուս հավակնորդից: Բնականաբար, նման
պայմաններում պիտի լինեին նաեւ բողոքարկումներ: Ասենք, Ծիածան գյուղում թեկնածուների
միջեւ տարբերությունն ընդամենը 1 ձայն էր, եւ քանի որ անվավերները շատ էին՝ 201 ձայն
ստացած թեկնածուն դիմել էր թիվ 20 ԸԸՀ-ին՝ վերահաշվարկի պահանջով: Արմավիրի մարզի
թիվ 21 ընտրատարածքում բողոքներն արդեն 2-ն էին՝ Տանձուտ եւ Հուշակերտ գյուղերից:
Տանձուտում առաջադրված թեկնածուն բողոքել էր, թե իր վստահված անձին թույլ չեն տվել
հետեւել վերահաշվարկին: Իսկ Հուշակերտում առաջադրված թեկնածու Լեւոն Ավետիսյանի կողմնակիցները
երեկ գրոհել էին Արմավիրի մարզպետարանը՝ պահանջելով հենց տեղում կազմակերպել վերաքվեարկություն:
Թեկնածուն 194 ձայն էր ստացել, իսկ մրցակից գործող գյուղապետը, որ հանրապետական է՝
244, սակայն 91 քվեաթերթիկ համարվել էր անվավեր: Եվ ԸԸՀ-ին իր բողոքում Լեւոն Ավետիսյանը
կասկած էր հայտնել, թե այդ անվավերներն իրականում իր օգտին քվեարկված քվեաթերթիկներ
են: Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը պատմեց, որ մի համայնքում ինքն էլ է
տանուլ տվել. «Արտաշարում առաջադրված մի թեկնածուն 72 տարեկան մարդ է, կոմունիստ:
Իմ ցանկությունն էր, որ անցնի, բայց ստացավ ընդամենը 88 ձայն: Իսկ ես ուզում էի,
որ գոնե մի նմուշ լինի՝ չմոռանանք պատմությունը»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել