Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԷՐ

Հոկտեմբեր 18,2005 00:00

Էջմիածնի
քաղաքապետի թեկնածուներ Երվանդ Աղվանյանը եւ Սուսաննա Հարությունյանը հոկտեմբերի
16-ին հանդես եկան հայտարարությամբ, թե հաշվի առնելով իրենց «վստահված անձանց կյանքին
ու առողջությանը սպառնացող իրական վտանգը»՝ ստիպված են ժամը 14.30-ից դադարեցնել
ընտրություններին մասնակցությունը եւ տեղամասերից ետ կանչել իրենց ներկայացուցիչներին:
Մինչդեռ Արմավիրի ընտրություններին մարզպետ Ալբերտ Հերոյանի գնահատականն է.
«Արդեն 8-րդ տարին է՝ մարզպետ եմ, բազմաթիվ ընտրություններ ենք կազմակերպել, եւ կասեի,
որ ընտրությունից ընտրություն մենք առավել ժողովրդավարական ուղիով ենք գնում: Օրեցօր
ժողովուրդն ավելի տպավորվում եւ զգում է, որ այդ ընտրությամբ է պայմանավորված իր
վաղվա օրը»: Մեր դիտարկմանը, թե այդ տպավորության օգտին չէ ՏԻՄ ընտրությունների ամենաարտառոց
միջադեպը՝ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու (նա ստացավ 5600 ձայն) Երվանդ Աղվանյանի
նախընտրական շտաբի ներկայացուցիչներին առեւանգելն ու ծեծելը՝ պրն Հերոյանը հակադարձեց.
«Դա իրականությանը չի՛ համապատասխանում: Որպես մարզային իշխանության ներկայացուցիչ՝
պնդում եմ, դա 100%-անոց սուտ է: Առաջին հերթին՝ նրանք շտաբ չունեին, Աղվանյանի տանն
էին հավաքվում: Նրա վստահված անձանց մեծամասնությունն էլ Երեւանից ու Արտաշատից կամ
Հոկտեմբերյանից էին: Ինքս, որպես մարզպետ՝ ապշած մնացի, չհասկացա՝ ո՞վ է առեւանգվել…
Ես էլ գտնում եմ, որ իրե՛նք են դա արել: Տարել են, որ ինչ-որ շոու սարքեն: Իրավապահ
մարմիններին հանձնարարված էր, որ քննեն: Ման են գալիս՝ չեն կարողանում մարդ գտնել:
Ո՞վ է առեւանգվել, անուն-ազգանուն-հայրանունը կարո՞ղ են ասել, թե ով է դա»: Քաղաքապետի
թեկնածու Սուսաննա Հարությունյանը՝ մեր խնդրանքով հայտնեց մի առեւանգվածի տվյալները՝
Գեւորգ Աբրահամյան: Առեւանգված կողմնակիցներին 15-ի երեկոյան բաց էին թողել:
Սակայն քվեարկության կեսից վստահված անձինք ստիպված եղան հեռանալ տեղամասերից: Երվանդ
Աղվանյանը եւ Սուսաննա Հարությունյանը հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշվում
էր, թե բոլոր 21 ընտրատեղամասերում մինչեւ 14-ը կատարվել են «Ընտրական օրենսգրքի»
աղաղակող խախտումներ. «Մասնավորապես, իրականացվել են քվեաթերթիկների մեծաքանակ լցոնումներ,
շրջակա գյուղերի քվեարկության իրավունք չունեցող բնակիչների զանգվածային մասնակցություն
ընտրություններին»: Նշենք, որ 18850 ձայնով հաղթած թեկնածուի՝ Գագիկ Ավագյանի կողմնակիցներն
այսպես էին հակադարձում գյուղերից մեքենաներով շուրջ 7 հազար հոգու քվեարկության
բերելու վերաբերյալ մեղադրանքներին, թե տնկարան ունեն, որը պատկանում է Էջմիածնին,
բայց քաղաքից հեռու է, ուստի ավտոբուսներ էին տրամադրել, որ հողագործները նույնպես
մասնակցեն ընտրություններին: Սուսաննա Հարությունյանը զրույցի ընթացքում նշեց,
որ 3 օրվա ընթացքում տեղամասում ցուցակները ավելացան 300-400 մարդով. «6 հազար մարդ
3 օրում կարո՞ղ է գալ ու գրանցվել Էջմիածնում: Ի՞նչ է, ներգա՞ղթ է սկսվել: Պետական
մեքենան զեղծարարությամբ հասավ նրան, որ Էջմիածնի բնակչությունը 37 հազարից դարձել
է այսօր 42 հազար»: Հայտարարության մեջ նաեւ նշված է, թե բազմաթիվ էին «կրկնակի ընտրությունները,
հանրապետությունից բացակայողների եւ մահացածների դիմաց ստորագրությունները: Թեկնածուների
վստահված անձանց ցանկացած դիմում՝ ուղղված հանձնաժողովի անդամներին, վերջիններիս
կողմից արհամարհվում էր կամ արժանանում վիրավորանքի, ինչը բերում էր իրավիճակի գերլարման՝
հղի անկանխատեսելի հետեւանքներով: Մերժվում էր արձանագրություն կազմելու ցանկացած
խնդրանք»: 19/19 տեղամասային հանձնաժողովում «Արդարության» ներկայացուցիչ
Արտավազդ Վարդանյանը փորձել էր պաշտպանել Երվանդ Աղվանյանի վստահված անձի իրավունքները,
սակայն միջամտել էր ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: ՏԸՀ նախագահի հետ հանձնաժողովի
անդամի վեճին պրն Ազարյանն արձագանքել էր առաջարկով, որ ոստիկանություն կանչեն՝ ձերբակալեն
«Արդարության» ներկայացուցչին՝ հանձնաժողովի նախագահին վիրավորելու համար: Թիվ 11
դպրոցում տեղակայված ընտրատեղամասում «Արդարության» ներկայացուցիչ Ռոզա Աղվանյանին
ցանկացել էին դուրս հանել, ըստ Սուսաննա Հարությունյանի, զինվորական կամուֆլյաժ հագած
տղամարդիկ, եւ հեռացել էին՝ տեսնելով տեսանկարահանողների: Երկու թեկնածուների
հայտարարությունը Արմավիրի մարզպետը պատճառաբանեց միայն մի հանգամանքով. «Տեսավ,
որ պարտվում է: Գագիկ Ավագյանի շտաբը 20 օր աշխատել է, ընդգրկել 800-900 աշխատակից
եւ կարողացել է իր կառույցով կարգավորել խնդիրները: Իսկ Աղվանյանն իր տանը նստած
կարո՞ղ է առանց աշխատելու, քրտինք թափելու հաղթել»: Գագիկ Ավագյանի կողմնակիցների
մասին ամեն ինչ ասված է՝ ընտրության օրն էլ նրա շտաբի դիմաց բազմաթիվ էին պաշտպանության
նախարարության համարանիշով մեքենաները: Այստեղ էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն
Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբոն), ու ինքը՝ Արմավիրի մարզպետը: Սակայն վերջինս մեր զրույցի
ընթացքում պնդեց. «Բացարձա՛կ չեմ խառնվել եւ ոչ մի համայնքի ղեկավարի ընտրությանը»:
Խոստովանեց, թե զգուշանում էր Էջմիածնում ստեղծված իրավիճակից. «Վախեցել եմ, որ կարող
է ընդհարում լինի: Սակայն Գագիկ Ավագյանի կողմնակիցներին մեկ առ մեկ ասվել է, որ
անգամ եթե միջադեպ սարքեն՝ չգնան սադրանքի»: Սուսաննա Հարությունյանը մեր
զրույցի ընթացքում պնդեց. «Հոկտեմբերի 15-ին Ավագյան Գագիկի շտաբ էր եկել պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանը: Ե՛ս եմ տեսել»: Հավելենք սրան մեր ունեցած տեղեկությունը,
որ ընտրություններից առաջ Արմավիրի մարզ էր այցելել նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար
Արտաշես Թումանյանը եւ հանդիպում ունեցել Բաղրամյանի տարածքի գյուղապետերի հետ: Թեեւ
սա դիտվել էր առավել իբրեւ նախընտրական այց՝ սեփական կուսակցության ստեղծման ճանապարհին:
Արմավիրի մարզպետը հերքեց 2 այցերի մասին լուրերն էլ. «Բացարձա՛կ ոչ մի բարձրաստիճան
ղեկավար չի եկել եւ չի էլ միջամտել: Գոնե կզանգեին ինձ՝ որպես մարզպետի: Բայց ոչ
մի իշխանավոր չի հետաքրքրվել բացարձակապես»: Ալբերտ Հերոյանը հերքեց նաեւ
այն պնդումը, թե գեներալ Սեյրան Սարոյանը Հայաստանում է. «Նա Մոսկվայում է, սովորում
է ակադեմիայում: Եվ եթե պիտի հավատաք այդպիսի ստախոս մարդկանց… Ի վերջո՝ ճանաչում
եմ, չէ՞, իմ քաղաքացիներին՝ ով, ինչ է…»: Վերջին դիտարկումները վերաբերում էին
Սուսաննա Հարությունյանի պնդումներին, թե Ս. Սարոյանը Մոսկվայից վերադարձել եւ ներկա
է եղել իրենց հանրահավաքին, իսկ գեներալի քեռու որդին «500-600 մարդու մոտ ասաց,
որ պիտի պատասխան տամ իմ զավակների կյանքով»: … Տեղամասերից Երվանդ Աղվանյանի
եւ Սուսաննա Հարությունյանի վստահված անձանց հեռանալուց հետո քվեարկությունը շատ
հանգիստ ընթացք ունեցավ: Եվ երեկ թիվ 19 ԸԸՀ-ն անգամ բողոքներ չէր ստացել: Սակայն
Սուսաննա Հարությունյանը պնդում է, թե ունեն վստահված անձանց 70 բողոքներ եւ բոլորում
էլ առկա է քրեական հանցակազմ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել