Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

Հոկտեմբեր 18,2005 00:00

Վանաձորում
ընտրողը մահացել է հենց տեղամասում Հոկտեմբերի 16-ին Լոռու
մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: Առաջադրված երեք
թեկնածու կար. գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանը, որը, ընտրությունների
նախնական տվյալներով, հաղթող է ճանաչվել՝ ստանալով ընտրություններիՆ մասնակցած 47799
վանաձորցիներից 25014-ի քվեն, Գագիկ Հովսեփյանը, որը ստացել է 19800, եւ Կոմկուսի
ներկայացուցիչ Անդրանիկ Ղուկասյանը, որին ձայն է տվել 1283 ընտրող: «Դեռ ընտրությունների
նախորդ օրը երեկոյան եւ քվեարկության ողջ ընթացքում Ս. Դարբինյանի վստահված անձինք,
համախոհները, քաղաքապետարանի աշխատակիցները, որոնց բոլորին մեկ առ մեկ գիտենք, օրինակ՝
Լյովա Կարապետյան, Վիկտոր Դարբինյան եւ այլք, համատարած ընտրակաշառք էին բաժանում,
ընդ որում՝ ոչ միայն Ս. Դարբինյանի նախընտրական շտաբներում, այլեւ տեղամասերի մոտ
գտնվող տարածքներում՝ իրենց սեփական ավտոմեքենաներից, որտեղ հսկայական հերթեր էին
գոյացել: Կաշառքի չափը հիմնականում 2000 դրամ էր: Մի քանի տեղեր մենք գնացինք, գոյացած
հերթերը լուսանկարեցինք, բայց շտաբներ մտնել չէր հաջողվում՝ լրագրողներին վռնդում
էին: Վերահսկողության հիմնական մեխանիզմը եղել է բաց քվեարկությունը: Այդպիսի դեպքեր
գրանցվել են մասնավորապես թիվ 30/49, 30/50, 30/51 տեղամասերում»,- երեկ մեզ փոխանցեց
Գ. Հովսեփյանի շտաբի ղեկավար Ֆելիքս Մովսիսյանը: Ինչ վերաբերում է ընտրացուցակներին,
շտաբի ղեկավարի ասելով՝ դրանք անհավանական խայտառակ վիճակում են եղել. «Մարդահամարի
տվյալներով Վանաձոր քաղաքում ապրում է 106 հազար մարդ, իսկ ընտրացուցակներում ընդգրկված
ընտրողների թիվը կազմում էր 101047 մարդ: Այս ցուցակից զատ, ընտրություններին մասնակցել
են նաեւ դատական կարգով իրենց ընտրական իրավունքը վերականգնած քաղաքացիներ: Հետաքրքիրն
այն է, որ ընտրացուցակները մինչեւ ընտրությունները «ճշտելուց» հետո էր ընտրողների
թիվն ավելացել, իսկ ահա մահացածների անունները ցուցակներից հանված չեն եղել»: Վանաձորում
ընտրությունների օրը նաեւ մահվան դեպք է գրանցվել: «Ընտրող Ադելա Պողոսյանը՝ 1936
թ. ծնված, որը թեկնածու Գագիկ Հովսեփյանի բարեկամներից է եղել, որպես ընտրող ներկայացել
էր թիվ 30/26 ընտրատեղամաս, բայց նրան թույլ չէին տվել ընտրել՝ պատճառաբանելով, թե
նրա անունը ցուցակում չկա, թեեւ իրականում եղել էր: Տեղամասային հանձնաժողովի ղեկավարությունը
նրան ուղարկել է դատարան, դատարանում նրան ետ էին ուղարկել տեղամաս՝ խորհուրդ տալով
իր հարցերը տեղամասում պարզել՝ հավելելով, թե նրա անունը ցուցակում կա: Մի խոսքով՝
այս կինը ստիպված էր եղել երեք անգամ գնալ ու գալ տեղամասից դատարան ու ետ: Ի վերջո,
այդ կնոջ հետ հանձնաժողովի անդամներն ու թեկնածու Ս. Դարբինյանի կողմնակիցները ոչ
միայն կոպտորեն էին վարվել, վիրավորել, այլեւ հրել, գցել էին: Ա. Պողոսյանն ընկել
էր ու սրտի կաթվածից մահացել»: «Ընդ որում, դրա տեսաժապավենը կա: Ինչի կարելի՞ է
մարդկանց կյանքի գնով ընտրություն անել»,- վրդովվեց Ֆ. Մովսիսյանը: Հանձնաժողովի
աշխատակիցները միայն տիկնոջ մահից հետո էին ընտրացուցակում հայտնաբերել նրա անունը:
Ստեղծված իրավիճակի պատճառով տեղամասում միառժամանակ դադարեցվել էր ընտրությունների
ընթացքը: Ուշագրավն այն է, որ տարբեր տեղամասերում հանձնաժողովների ղեկավարները
դատարաններ էին ուղարկել հատկապես Գ. Հովսեփյանի օգտին քվեարկողներին, որոնց անուններն
իրականում ընտրացուցակներում եղել են: «Եղել են նաեւ «կարուսելի» դեպքեր,
որոնք արձանագրել են հենց թիվ 30 ԸԸՀ անդամները: Դրսից եկած եւ տեղամասերում գրանցում
չունեցողների քվեարկության դեպքեր չեն գրանցվել: Փոխարենը եղել են դեպքեր, երբ մարդկանց
խմբերը մի քանի տեղամասերում են քվեարկել՝ ունենալով գրանցումներ այդ բոլոր տեղամասերում»,-
ասաց Ֆ. Մովսիսյանը: Հարկ է, թերեւս, ընդգծել, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ
իշխանությունները սկսել են փորձարկել ընտրակեղծիքի մի նոր տեխնոլոգիա, որը փայլուն
հաջողություն է ունեցել հոկտեմբերի 9-ին, մասնավորապես Զովունիում տեղի ունեցած ընտրությունների
ժամանակ: Այսպես, մարդկանց որոշակի խումբ, ընտրություններից մի քանի օր առաջ իրենց
անձնագրերում ունենալով ոստիկանության անձնագրային բաժանմունքների կողմից կոնկրետ
տեղամասում գրանցված լինելու կնիքը, ընդ որում՝ առանց նախորդ գրանցման վայրից դուրս
գալու մասին նշումի, այցելում են իրենց հրահանգված տեղամաս ու քվեարկում: Ինչպես
ողջ ընտրարշավի ընթացքում, քվեարկության օրն էլ Վանաձորում է եղել մարզպետ Հենրիկ
Քոչինյանը, նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի անդամները, որոնք հանգրվանել են քաղաքապետին
պատկանող «Արգիշտի» հյուրանոցում: Ֆ. Մովսիսյանի ասելով, տեղամասերից մեկում՝
30/12, Գ. Հովսեփյանի վստահված անձը ընտրության եկած մի անձնավորության մոտ հայտնաբերել
է 60-ից ավելի անձնագիր՝ գրպանները լցրած: Վստահված անձը փորձել է անձնագրերը ձեռքից
խլել՝ դրանք թափվել են հատակին, ոստիկաններ են վրա հասել, բայց հետո ասել են, թե
իրենք ոչինչ չեն տեսել: Իհարկե, համապատասխան արձանագրություններ կազմվել են այն
բոլոր տեղամասերում, որտեղ ընտրախախտումներ են եղել: Ֆ. Մովսիսյանը երեկ մեր զրույցի
ժամանակ ակնարկեց, որ ընտրությունների արդյունքների պաշտոնական ու վերջնական հրապարակումից
հետո համապատասխան քայլեր կլինեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել