Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՀԵԼՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ «ԿՈՒԲԻ»

Հոկտեմբեր 15,2005 00:00

ՋԱՀԵԼՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ «ԿՈՒԲԻ» Պարզվում է՝ «Արմենիա» եւ «TV 5» հեռուստաալիքներով հեռարձակվող «Կուբ» հեռուստախաղից նյարդայնացողների թիվն օրեցօր աճում է: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նամակ է հղել ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին: Երիտասարդ դաշնակցականները խստիվ դատապարտել են «Կուբը»: Ըստ նրանց՝ հեռուստաշոուն օտարամուտ եւ օտարածին արժեքների դրսեւորում է: «Նիկոլ Աղբալյան» միությունը խիստ անհանգստացած է հաղորդման ընթացքում թուրքական ապրանքանիշի գովազդով, քանի որ այն, իրենց կարծիքով, խաթարում է մատաղ սերնդի աշխարհայացքը: Նամակում կազմակերպիչներին կոչ է արվում դադարեցնել «տխրահռչակ» ձեւով դրամ վաստակելու մոլուցքը: Հայտարարության վերջում «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հարց է տալիս. «Ե՞րբ ենք դադարելու հագուրդ տալ այլանդակ զեղումներին եւ սկսելու քարոզել մեր ստեղծածը»: Թե ով կպատասխանի ՀՅԴ երիտասարդների այս մտահոգությանը, առայժմ հայտնի չէ, քանի որ ոչ մի պատասխան նամակ դեռ չի ստացվել: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նամակ-հայտարարության տակ ստորագրել է 19 երիտասարդական կազմակերպություն: Դրանց շարքում են Պետհամալսարանի, Ճարտարագիտականի, «Հայբուսակի» ուսխորհուրդները: ՀՌԱՀ- ի վերահսկողության վարչության պետ Հայկ Ավետիսյանը մեզնից պահանջել էր գրավոր ներկայացնել հարցն այն մասին՝ օրինակա՞ն է հայկական հեռուստատեսությունում խաղի հեռարձակումը՝ ռուսերեն: «Առավոտը» հարցը ներկայացրել էր հրապարակման միջոցով: Խմբագրություն զանգահարեց Հայկ Ավետիսյանն ու ասաց, որ ինքը խորհրդակցել է իրավաբանների հետ եւ իրեն ասել են, որ թերթի հրապարակումը գրավոր տարբերակ չէ: Նա նաեւ ավելացրեց. «ՀՌԱՀ- ի օրենքը նորից մանրամասն նայել եմ, եւ խաղի հեռարձակման մեջ որեւէ խախտում մեր մասով չեմ գտել: Այնպես որ, մեր օրենքով լեզվի խնդիր չկա, իսկ հաղորդումը միջազգային պրոյեկտ է»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել