Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԾԱՂԿԱՁՈՐ-3»-Ը

Հոկտեմբեր 15,2005 00:00

«ԾԱՂԿԱՁՈՐ-3»-Ը ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է Այս ձմեռ Ծաղկաձորի ճոպանուղին լեռնադահուկային սպորտի սիրահարներին կներկայանա արդեն ամբողջական տեսքով: Համենայնդեպս, այդպես վստահեցնում են շինարարները: Ճոպանուղին հասնում է մինչեւ Թեղենիս լեռան գագաթը եւ նախատեսված է գլխավորապես դահուկային սպորտի վարպետների համար: Քաղաքաշինության պետական տեսչության պետի տեղակալ Մարտին Քյուրքչյանը, ում հանձնարարված է վերահսկել շինարարության ընթացքը, բավարարված է որակից: Նրա հավաստմամբ կատարված աշխատանքից գոհ են նաեւ ճոպանուղիների շինարարության ասպարեզում աշխարհում առաջատարներից համարվող «Լայթներ» ֆիրմայի մասնագետները: – Երրորդ հերթի տեխնիկական տվյալներն ինպիսի՞ն են: – Երկարությունը՝ 1650 մետր, աթոռների քանակը՝ 92, թողունակությունը՝ ժամում 600 մարդ, արագությունը կարգավորվող է: Գլխավոր փորձարկումը նախատեսված է այս օրերին, իսկ բացումը կկատարվի, հավանաբար, մինչեւ ամսվա վերջ: – Ճոպանուղին ամբողջությամբ ի՞նչ հզորություն է ունենալու: – Ընդհանուր երկարությունը կլինի մոտավորապես 4500 մետր, թողունակությունը՝ ժամում 2600 մարդ: – Դահուկուղիների մասի՞ն ինչ կասեք: – Լինելու են վայրէջքի՝ ցանկապատով միմյանցից բաժանված դահուկային, սահնակային եւ ձնագնացների ուղիներ: Հատկապես դահուկուղին, որ արդեն այս ձմռանը բաց կլինի Թեղենիսի գագաթից մինչեւ լեռան ստորոտ, համապատասխանում է միջազգայնորեն պահանջվող բոլոր նորմերին: – Ձմռանը մարդկանց մեծ հոսք կլինի Ծաղկաձոր: Սպասարկման հարցերը լուծվա՞ծ են: – Առաջին եւ երկրորդ հերթերի շրջակայքում, որտեղ սովորաբար մարդկանց ամենամեծ կուտակումներն են լինում, սպասարկման օբյեկտների կառուցումը նույնպես ավարտվում է: Կարծում եմ՝ դրանք էլ ճոպանուղու ընդհանուր շահագործման օրը իրենց դռները կբացեն ժողովրդի առջեւ: – Գները սովորական այցելուի համար մատչելի կլինե՞ն: – Ես այդ հարցերով չեմ զբաղվում: – Շինարարության ընթացքում ծառահատումներ են եղել: Այդ մասին շատ է ասվել ու գրվել: – Աշխատանքներն անհնար էր իրականացնել առանց մեծ տեխնիկայի: Անհրաժեշտ էր ճանապարհներ բացել: Բայց արվել է ամեն բան հատումները նվազագույնի հասցնելու համար՝ աշխատել ենք կտրել միայն չորացած ծառերը: Դա էլ կփոխհատուցվի ճոպանուղու ամբողջ երկայնքով մեծ ծառատունկ կազմակերպելով, որի նպատակով ձեռք են բերվել հազարավոր եղեւնիներ: Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել