Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ

Հոկտեմբեր 15,2005 00:00

ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԸ ՏԱՊԱԼՎՈՒՄ ԵՆ Կառավարության որոշմամբ այս ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրան մտցվել է ավարտական քննական առարկաների ցանկ: Սակայն դպրոցները դրան, կարծես, պատրաստ չեն։ Ակնհայտ է, որ առողջ սերունդ ունենալը ցանկացած երկրի առաջնային պարտականությունն է, մի բան, որին, անկեղծ լինենք, մեր հանրակրթական դպրոցներում պատշաճ ուշադրություն չի հատկացվում: Մեզանում ֆիզիկական կուլտուրա առարկան, սկսած մանկապարտեզից, վերջացրած միջնակարգ ու բարձրագույն ուսումնական հաստատություններով, մի տեսակ երկրորդական է համարվել: Ու այդ տխուր «ավանդույթը» գալիս է դեռ խորհրդային տարիներից (դեռ այն ժամանակ հանրապետության միակ մարզական թերթը՝ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկը», բազմիցս անդրադարձել է այս խնդրին): Մասնագետները պնդում են. քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս՝ ֆիզկուլտուրայի դասերը ցանկալի է անցկացնել բացօթյա: Հետեւաբար, դպրոցամերձ խաղահրապարակները դասասենյակների նման արդեն սեպտեմբերի 1-ին պետք է պատրաստ լինեն: Սակայն անցած շաբաթ կատարած մեր ստուգայցը մայրաքաղաքի հանրակրթական մի քանի դպրոցներ՝ տխուր մտահոգությունների տեղիք տվեց: Մեր այցելած դպրոցներից եւ ոչ մեկում բարեկարգ խաղահրապարակ գրեթե չտեսանք: Օրինակ, հոկտեմբերի 4-ին եղանք Կենտրոն համայնքի մի քանի դպրոցներում: Երրորդ դասաժամին թիվ 3 դպրոցի խաղահրապարակը պարապուրդի էր մատնված: Այլ կերպ լինել չէր էլ կարող, որովհետեւ տպավորությունն այնպիսին էր, որ նրան երկար ժամանակ խնամող ձեռք չէր դիպել: Նշագծերը, ցատկափոսը թարմացված չէին: Էլ չենք խոսում դրա կողքին լցված շինարարական ավազի, բասկետբոլի կիսավեր վահանակների ու դաշտի ընդհանուր անմաքուր վիճակի մասին: Ուսմասվար Կարինե Շտիկյանի ասելով այդ օրը դասացուցակով ֆիզկուլտուրայի միայն մեկ դաս է եղել, այն էլ 1-ին ժամին, բայց նաեւ վստահեցրեց, որ իրենց մոտ ֆիզկուլտուրայի դասերը վատ չեն անցնում: Նրա ասածը «հաստատեց» ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռոբերտ Վարդանյանը՝ արդարանալով, որ աթլետիկա պարապելու պայմաններ չկան, դրա համար էլ տղաները դասերին ֆուտբոլ են խաղում, իսկ աղջիկները գերադասում են պարան կամ «գործագործ» խաղալ: Հետաքրքիր է՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչը դասին ինչո՞վ է զբաղվում: Դժվար թե նա աղջիկներին «գործագործի» կանոններն ու նրբությունները սովորեցնի: Մյուսը Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցն էր, որի խաղահրապարակը նախորդից միայն մեծությամբ էր տարբերվում: Մի խումբ տղաներ խրամատափոսերով շրջապատված դաշտում ֆուտբոլ էին խաղում: Ասացին, որ 6-ի 5-րդից են: Թե որտե՞ղ էր ֆիզկուլտուրայի ուսուցիչը, չգիտեին: «Ընկեր Սեդրակյա՞նը: Երեւի ներսում է», -եղավ հարցիս պատասխանը: Տեսնել ուսուցչին կամ զրուցել տնօրինության հետ հնարավոր չէր`դպրոցի դռները փակ էին: Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի խաղահրապարակի մասին խոսելն ավելորդ է: Համոզված ենք, որ աշակերտներն այդ մի բուռ տարածքը վաղուց ի վեր դասաժամերին ոտք չեն դնում: Մի երկու տարի առաջ մեզ զարմացրել էր խաղահրապարակում տեղադրված տնակը, որի «աշխատողի» գործը խաղադաշտում կայանող մեքենաները հսկելն ու վարձավճարները հավաքելն էր: Չգիտենք, հիմա է՞լ է այդպես, բայց տնակը դեռ տեղում է: Ղազարոս Աղայանի անվան թիվ 63 դպրոցի շենքի ետնամասում ժամանակին երկու փոքրիկ խաղահրապարակ կար: Ինքս այդ դպրոցում եմ սովորել ու հիշում եմ, թե ֆիզկուլտուրայի դասերն ինչ հաճույքով էինք այնտեղ անցկացնում: Պատկերն այսօր միանգամայն այլ է: Դեռ ոչինչ, որ այստեղ էլ բարձիթողի վիճակ է: Անհավատալի թվաց, բայց դաշտերից մեկի հենց մեջտեղում ինչ-որ տնակ էր կառուցվում: Տնօրեն տիկին Ափրոյանը պարզաբանեց, որ դպրոցը ներկայումս հիմնանորոգման մեջ է եւ նախագծողները շենքի լոկալ ջեռուցումն ապահովելու կոչված կաթսայատան համար խաղադաշտից ավելի հարմար տեղ չեն գտել: Տնօրենն, իհարկե, դրանում մեղք չունի: Նա, գուցե, անզոր է եղել պայքարել, թեեւ պարզ չեղավ՝ նման փորձ արե՞լ է արդյոք: Բայց այն, որ ինքն էլ գոհ չէր իր ղեկավարած դպրոցում ֆիզկուլտուրայի դասերի անցկացման որակից, կասկած չէր հարուցում: Կարելի է շարունակել տապալվող ֆիզկուլտուրայի դասերի թվարկումը: Բոլոր տեղերում էլ թերություններն ընդհանուր են՝ չկան բարվոք պայմաններ, նյութատեխնիկական բազա: Բայց ամենացավալին ֆիզկուլտուրայի ուսուցիչների, դպրոցների տնօրենների մի ստվար հատվածի անտարբեր վերաբերմունքն է առարկայի նկատմամբ: Մինչդեռ, պետք է հակառակը լինի՝ արվի ամեն բան եղած սուղ հնարավորություններն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել