Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հոկտեմբեր 15,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ. ԽՆԱՄՎԱԾ, ԱՆԽՆԱՄ ԵՎ «ԾԱՆՈԹԻ ՄԻՋՈՑՈՎ» Հայաստանը ծով չունի: Բայց Հայաստանն ունի վեհապանծ լեռներ, ունի անզուգական ճարտարապետությամբ եկեղեցիներ: Իսկ դրանք արդեն իսկ ի վերուստ կամ մեր նախնիների կողմից մեզ թողնված հարստություն են: Հարստություն, որը կարելի է կամ պահպանել եւ բազմապատկել, կամ մսխել: Սյունյաց լեռներում ծվարած Տաթեւը զբոսաշրջիկների համար փնտրված հրաշալիք է: Երեւանից 316 կմ հեռավորության վրա գտնվող 9-րդ դարի այս վանքը տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմաճարտարապետական կարեւորագույն հուշարձանների ցանկում: Սակայն այդ հուշարձանը տեսնելու ցանկություն ունեցողները պետք է զինվեն անսպառ համբերությամբ եւ, ամենակարեւորը՝ ամուր, անխափան, ամենագնաց մեքենայով: Ցանկալի է՝ «Համմերով» կամ գոնե որեւէ «Ջիպով»: Դե, իսկ ամենածայրահեղ դեպքում՝ «Նիվայով» կամ «Վիլիսով»: Քանի որ Երեւան-Գորիս բարեկարգ մայրուղուց թեքվելուց հետո Տաթեւ հասնելու համար հարկավոր է կտրել մոտ 15-20 կմ-անոց սարսափելի ճանապարհ: Դա խլում է առնվազն 1,5, իսկ վատ եղանակին՝ ամբողջ երկու ժամ: Համենայնդեպս, մեզնից Երեւան- Տաթեւ ճանապարհը խլեց վեց ժամ: Ազնիվ լինելու համար նշենք, որ մենք սկզբում շեղվեցինք ճանապարհից, մտադիր էինք հիանալ Շաքիի ջրվեժով, որը Հայաստանում ամենամեծն է: Սակայն հասնելով Շաքի, տեսանք մետաղե դարպասներ: Դարպասներից այն կողմ գտնվող երիտասարդից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ ենք եկել դեպի ջրվեժ: «Այո,-հնչեց պատասխանը,-բայց ջրվեժը անջատված է»: Այնքան էլ լավ չհասկանալով, թե ի՞նչ է նշանակում՝ «ջրվեժն անջատված է» արտահայտությունը, ենթադրեցինք, որ հավանաբար ջրվեժի ջուրն օգտագործվում է հերթական ԳԷՍ-ի համար: Այնուամենայնիվ հարցրինք՝ «իսկ ե՞րբ կաշխատի»: Լսվեց՝ «երբ որ շեֆն ասի՝ կմիացնենք, եթե շեֆին ծանոթ եք, զանգեք, թող ասի՝ միացնենք»: Շեֆին ծանոթ չէինք, ու չգիտեինք էլ, թե հատկապես ո՞ր շեֆն է ընդհանրապես Շաքիի ջրվեժի «միացնել-անջատելու» հարցը լուծում: Հիասթափված հեռացանք, հուսալով, որ գոնե Տաթեւը որեւէ շեֆ «անջատած» չի լինի: Բայց Տաթեւն անջատված է ողջ աշխարհից խայտառակ ճանապարհով: Շինուհայրից ոլորապտույտ եւ քարուքանդ ճանապարհով մեքենան իջնում է մինչեւ ձոր, ապա ճիշտ նույնպիսի ոլորապտույտ, եւ նույնքան քարուքանդ ճանապարհով բարձրանում դեպի այն սարը, որի գագաթին հպարտորեն բազմել է Տաթեւը՝ ամբողջովին հակված դեպի անդնդախոր ձորը: Բավական է հասնել Տաթեւ՝ եւ մոռանում ես ճանապարհին կրած տանջանքները: Մոռանում ես, բայց խոստանում ինքդ քեզ, որ չնայած եղել ես դրախտում, բայց այլեւս այնտեղ չես վերադառնա: Որովհետեւ չես կարող ստիպել քեզ կրել նույնպիսի տանջանքներ՝ մինչեւ հասնես դրախտ: Այնինչ՝ զբոսաշրջությունը զարգացնել հնարավոր է միայն այնպիսի տեսարժան վայրերի հաշվին, որոնք քեզ կստիպեն անել ճիշտ հակառակը. խոստանալ ինքդ քեզ՝ ամեն ինչ անել կրկին վերադառնալու համար: Տաթեւում տեսնելու շատ բան կա: Վանքային ողջ համալիրը, մատուռը, առանցքակալների վրա կառուցված այն սյունը, որն անգամ թույլ զեփյուռից ճոճվել է, սակայն տեղահան չի եղել: Ըստ ավանդույթի, նույնիսկ Լենկ-Թեմուրը երկար փորձել է տեղահան անել այդ սյունը, սակայն՝ ապարդյուն: Բերել է, մի քանի ձիուց կապել է այդ սյունը, եւ հրամայել՝ ձիերին քշել: Ձիերը ողջ ուժով ձգել են, բայց սյունը դուրս չի եկել, փոխարենը՝ սյան ներքեւի հատվածից ուժգին կայծեր են դուրս եկել: Լենկ-Թեմուրը առանցքակալների մասին չի իմացել, եւ գերբնական ուժերի է վերագրել այդ կայծերն ու վախեցած հեռացել: Սակայն անցել են դարեր, եւ 20-րդ դարի 30-ական թվականներին գերբնական ուժերին չհավատացող ու դրանցից չվախեցող կոմունիստները հետաքրքրությունից դրդված քանդել են սյան ստորին հատվածը, բացահայտել ճոճվող սյան գաղտնիքն ու չկարողանալով վերականգնել նախկին վիճակը՝ մետաղե գոտիներով ամրացրել են այն: Տաթեւը հրաշալի է ոչ միայն իր ճարտարապետական կերտվածքով: Վանական համալիրը գտնվում է այնպիսի բարձրության վրա, որ տարվա գրեթե բոլոր եղանակներին, հատկապես գարնանն ու աշնանը, շրջապատված է ամպերով: Բառացիորեն գտնվում ես ամպերի մեջ: Կախված եղանակից, հնարավոր է նույնիսկ՝ ամպերի վրա: Վանքը կախված է անդունդի եզրին, եւ ամեն պահ աչքիդ առաջ վիհը գահավիժելու վտանգն է: Սակայն էլ ավելի վտանգավոր է վանական համալիրը եզրագծող բերդապարսպի վրայով քայլելը: Պարիսպները դեռ ոչինչ, սակայն բերդը զուրկ է հատակից: Հատակի փոխարեն մի քանի տախտակ է ամրացված, որ ճոճվում է, իսկ մի քանիսը կիսաջարդած է: Սակայն ինչպես համոզվեցինք ինքներս մի քանի օր առաջ, տաքարյուն երիտասարդներին (ինչպիսիք հանդիպեցին մեզ Տաթեւում) ոչինչ չի կարող հետ պահել նման գայթակղիչ զբոսանքից՝ բերդապարսպի վրայով: Իսկ այդպիսի զբոսանքի հետեւանքները կարող են անկանխատեսելի եւ ամենեւին ոչ զվարճալի լինել: Անխնամ եւ հոգատարության կարիք ունեցող Տաթեւում ստացած տպավորությունները ցրելու առումով մեծ մխիթարություն էր Նորավանքի վանական համալիրը տեսնելը: Գարեգին Ա-ի ջանքերով վերակառուցված 12-16-րդ դարերի այս չքնաղ վանական համալիրը գտնվում է անսովոր գեղեցկությամբ ժայռերի մեջ: Կարմրին տվող լեռները որքան վեհ են՝ նույնքան ահազդու: Սակայն ճանապարհը, որ ժայռերի միջով քեզ տանում է Նորավանք՝ բարեկարգ է, մաքուր, ճիշտ այնպես՝ ինչպես վանական համալիրի ողջ տարածքը. ծաղիկներ, ճեմուղի, նստարաններ, աղբյուր, զուգարան… Մի խոսքով՝ զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներն այստեղ հաշվի են առնված: Իսկ այդ «ենթա»-ները երբեմն շատ ավելի կարեւոր են, քան բուն կառույցները: Համենայնդեպս՝ զբոսաշրջիկների համար: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել