ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹Գլուխ չորրորդ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ Հրանուշն ինքնամոռաց պատմում էր, ու ես կլանված իրեն էի լսում ու անհամբեր սպասում էի, թե ինչով է ավարտվելու իր ու իր աղջկա պատմությունը: – Հետո՞,- հարցրի ես, երբ Հրանուշը մի պահ դադար տվեց։ – Էլ ի՞նչ հետո։ Հաջորդ օրն աղջիկս մենմենակ գնաց հյուրանոց, ավելի ճիշտ՝ հաջորդ օրվա հաշվով Ալեքսը մենակ իրան էր կանչել։ – Մենակ գնա՞ց,- զարմացա ես։ – Իրան որ մնար՝ դժվար թե գնար։ Զագսի վկայականն ու մնացած սաղ փաստաթղթերը ձեռը տվի ու հետը մինչեւ «Արմենիայի» դուռը գնացի, թե չէ՝ իրան որ թողեի, ճամփի կեսից վայ թե փախներ։ – Ի՞նչ փաստաթղթեր էին,- հարցրի ես։ – Իրանց զագսի վկայականն ու հարեւանների ցուցմունքները մոտս էի պահում, որ մարդը ձեռից չխլի։ – Ի՞նչ ցուցմունքներ,- հարցրի ես։ – Ես արդեն որոշել էի իրանց գործերը դատարան տամ, ու իրանց համարյա սաղ հարեւանները ստորագրություն էին տվել, որ էդ վայրենին ամեն օր աղջկաս ծեծում ա։ – Հետո՞։- Ես որ քիչ առաջ ընդամենն ականջիս պոչով էի Հրուշի պատմությունը լսում, հիմա արդեն ինքս էի խնդրում, որ շարունակի։ – Էլ ի՞նչ հետո։ Դե լավ, կարճ կապեմ. երեւի վռազում ես,- հաղթական ասաց Հրանուշը։ – Չեմ վռազում, հանգիստ պատմի,- խնդրեցի ես։ – Մի խոսքով՝ հենց էդ նույն օրն Ալեքսը դատարանով աղջկաս էդ ալկաշից օրինական բաժանել էր։ – Մի օրվա մեջ ո՞նց են բաժանել,- զարմացա ես։ – Հա՛. ընդամենը մի օրվա մեջ։ Ալեքսը միջազգային գծով հա՛մ իրավապաշտպան ա, համ էլ՝ իրավաբան, ու իրանք արդարադատության գծով մերոնց հետ պայմանագիր ունեն կնքած, ու հենց էդ օրը Աննայիս ու իրա էդ այլանդակ մարդուն ինչ-որ թղթեր էին ստորագրել տվել ու, փաստորեն, մի ժամվա մեջ աղջկաս բաժանեցին էդ ոչուփուչից ու նույն էդ իրիկուն էլ դատական կատարածուներ ուղարկեցին իրանց տուն, ու աղջկաս իրա վեշերով-բանով հսկողության տակ բերին իմ տուն, որ հանկարծ էդ վայրենին աղջկաս վնաս չտա։ – Մարդը երեւի կատաղել էր,- ասացի ես։ – Ի՞նչ կատաղել. էդ դատավորի ու Ալեքսի դեմ իսկական կատու էր դառել, որովհետեւ դատավորն էդ անասունին ասել էր, որ բաժանվելով չի պրծնելու, հըլը բանտ էլ պիտի նստի աղջկաս ծեծելու համար։ – Դու էդ դատին ներկա էի՞ր,- հարցրի ես։ – Չէ, էդ դատը փակ էին անում։ Ես դատարանի դռանն աղջկաս էի սպասում, ու հեչ մտքիս ծերով էլ չէր անցնում, որ ընդամենը մի ժամում կարան դրանց իրարից բաժանեն։ – Սովորաբար էդքան արագ չեն բաժանում,- ասացի ես։ – Հա՛, բայց Ալեքսն էդ իրավունքներն ունի. ինքը հատուկ կանանց իրավունքների պաշտպան ա, ու մերոնց հետ էլ իրանք էդ գծով հատուկ պայմանագիր ունեն կնքած։ – Հետո՞։ – Էլ ի՞նչ հետո։ Սկզբում վախենում էի, որ էդ վայրենին էրեխիս վնաս կտա, բայց աղջիկս ասեց, որ էդ ոչնչությունը դատավորի ու Ալեքսի դեմ տերեւի պես դողում էր, որովհետեւ դատավորն իրան ասել էր, որ բաժանվելով չի պրծնելու։ – Հետո՞. փեսիդ նստացնել տվի՞ր,- հարցրի ես։ – Որ մտքիս դնեի, էդ էլ կարայի անեի,- ասաց Հրանուշը,- բայց զահլա չունեինք էդ վիժվածքի սֆաթն էլի տենայինք։ Նստացնելու հարց վաբշե չի էղել. ուղղակի դատավորն իրան վախացնում էր, որ հանկարծ ռիսկ չանի աղջկաս մազին կպնի։ – Հետո՞։ – Էլ ի՞նչ հետո։ Էդ դատի հաջորդ օրն Ալեքսը պիտի Փարիզ թռներ, բայց հատուկ աղջկաս էդ գործի խաթեր մնաց. Էդիտին հաջորդ օրը Փարիզ թռցրեց ու ինքը մի շաբաթ ավել Երեւանում մնաց։ – Էդ եվրոպացիք իրանց գործը շատ բարեխիղճ են անում. մերոնց պես չեն,- ասացի ես։ – Ի՞նչ բարեխիղճ, ա՛յ Արմո,- ծիծաղեց Հրուշը.- ասում եմ՝ Ալեքսը գժի պես սիրահարվել էր Աննայիս։ Ես էլ էի սկզբում մտածում, թե բարեխիղճ ա։ – Որ չսիրահարվեր, աղջկադ չէր օգնի՞,- հարցրի ես։ – Օգնելը կօգներ, բայց կարող ա իրանց բաժանել չտար իրարից, էն էլ՝ էդքան արագ։ Կարող ա փեսիս մի քիչ վախացնեին ու՝ վերջ։ – Փեսիդ լավ էլ վախացրել են,- ասացի ես։ – Կարող ա վախացնեին, ու էդ գործն ըտենց էլ փակվեր, շարունակություն չունենար,- ասաց Հրուշը։ – Ի՞նչ շարունակություն։ Վերջը ի՞նչ էղավ,- հարցրի ես։ – Սիրահարվելու վերջն ի՞նչ ա ըլնում,- ծիծաղեց Հրուշը։- Մի շաբաթ Ալեքսն աղջկաս հյուրանոց տարավ-բերեց՝ իբր էդ գործի հաշվով, բայց ես հո հարիֆ չե՞մ. զգում էի, որ գժի պես սիրահարվել ա։ – Հետո՞։ – Էլ ի՞նչ հետո։ Ալեքսին մեր էստեղի ֆրանսիական դեսպանատանը սաղ ճանաչում էին. ինքն էրեխիս վիզան ու ամեն ինչը մի օրվա մեջ սարքել տվեց ու էդ դատ-դատաստանից ուղիղ մի շաբաթ հետո՝ հայդե~ Փարիզ։ – Հետո՞։ – Ալեքսն աղջկաս սամալյոտի տոմսը որ ցույց տվեց, արդեն, փաստորեն, առաջարկությունն արել էր, ու Աննաս էլ իրա համաձայնությունն արդեն տվել էր։ – Հիմա Փարիզում ե՞ն,- հարցրի ես։ – Չէ. արդեն տարուց ավել ա՝ տեղափոխվել են Մարսել։ Ալեքսին ավելի են առաջ քաշել, ու հիմի իրանց օֆիսը Մարսելում ա։ Փարիզի իրանց սեփական տունը վարձով են տվել, ու Մարսելի հենց ամենակենտրոնում տուն են վարձել։ Ալեքսի պաշտոնի անունը չեմ հիշում, բայց շատ մեծ պաշտոն ա։ Ես ցնցված էի Հրուշի պատմությունից եւ շատ ուրախ էի դեպքերի էդ տեսակ զարգացումից, որովհետեւ Հրուշն իսկապես շատ ծանր կյանք էր ապրել։ – Բա քեզ հեչ չեն կանչո՞ւմ իրանց մոտ,- հարցրի ես։ – Ո՞նց չեն կանչում. մի ամիս էլ չկա, որ էկել եմ։ Իրանց երկրորդ էրեխեն՝ աղջիկը, յոթ ամսական ա, էդ յոթ ամսից վեցը ես եմ պահել։ – Երեխաներ էլ ունե՞ն,- զարմացա ես։ – Մեկի տեղ էրկու հատ՝ տղա ու աղջիկ։ Մեծ թոռս՝ Ժանոն, ուտելու բան ա, իրան էլ եմ առաջին վեց ամիսը պահել, հետո նոր՝ դայակ վարձեցին, որովհետեւ Աննաս Ալեքսի հիմնարկում կամպյուտերով ինչ-որ գործեր ա անում. իրա էդ էրկու հղիության վախտերը համ լավ կամպյուտեր սովորեց, համ էլ՝ ֆրանսերեն։ Թոռներիս ցավը տանեմ, Ժանոս արդեն տարիկեսկան ա, աղջիկը՝ յոթ ամսական։ Աղջկա անունն էլ գիտե՞ս ինչ են դրել։ – Ի՞նչ են դրել։ – Տղա ես՝ գլխի ընկի,- ժպտաց Հրանուշը։ – Հո Հրանուշ չե՞ն դրել,- հարցրի ես։ – Ապրես, գլխի՛ ընկար,- ասաց Հրանուշը։- Էրեխի օրինական անունը Հրանուշ ա, բայց իրան Անուշ կամ Անուշկա են ասում, որովհետեւ ֆրանսիացիք չեն կարում Հրանուշ ասեն։ – Շատ ճիշտ են արել, որ քո անունն են դրել. փաստորեն, դո՛ւ ես իրանց ծանոթացրել ու պսակել,- ասացի ես։ – Ես որ չըլնեի, մինչեւ էսօր խեղճ էրեխես էն անասունի ձեռը պիտի տանջվեր։ Որ հիշում եմ՝ քիչ ա մնում սիրտս պայթի։ – Լավ եք պրծել։ Փաստորեն, Հրո՛ւշ, իրանք քո շնորհիվ են երջանկացել,- ասացի ես։ – Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ,- ասաց Հրուշը։- Էդ անասունն էլ Աննայիցս հետո պսակվեց, բայց մինչեւ հիմի էրեխա չունեն. մի քանի օր առաջ եմ հարեւաններից ճշտել։ – Փաստորեն, Էրեխա չունենալու պատճառն աղջիկդ չի Էղել,- ասացի ես։ – Աղջկաս էին ազգուտակով չբեր ասում. դե թող հիմի իմանան՝ ով ա չբերը,- հաղթական ասաց Հրանուշը։ – Վատը մենակ էն ա, որ իրանք էնտեղ են, դու՝ էստեղ,- ասացի ես։ – Իրանք ինձ մի գլուխ համոզում են, որ մշտական մոտները տեղափոխվեմ, բայց իմ համար կարեւորն էն ա, որ իրանց համար լավ ըլնի։ Ես արդեն կյանքից առանձնապես սպասելիք չունեմ,- ասաց Հրանուշը։ – Ճիշտ ես անում, որ իրանց մոտ չես տեղափոխվում,- ասացի ես.- իրանց համար թող հանգիստ ապրեն։ – Նամյոկդ հասկանում եմ, Արմո ջան, բայց ես որ չըլնեի, էսօրվա օրով իրանք դժվար թե նույն հիմնարկում աշխատեին,- ասաց Հրանուշը.- էրկու թոռներիս էլ առաջին վեց ամիսը մենմենակ եմ պահել: Էրեխեքի տեր ես, երեւի կիմանաս, որ ամենադժվարն էդ առաջին վեց ամիսներն են: – Հա. առաջին ամիսներն ամենադժվարն են,- համաձայնվեցի ես: – Որ դու էդ հասարակ բանը հասկանում ես, իրանք էլ կհասկանային. հո մի քանի օրեկան էրեխին դայակին դավերիա չէի՞ն անի,- ասաց Հրանուշը: – Փաստորեն, էնտեղ առավոտից իրիկուն էրեխա ես պահել. երեւի էդ երկիրը կարգին չես էլ տեսել,- ասացի ես: – Տեսել եմ,- ասաց Հրուշը.- ինչ որ պետք ա՝ տեսել եմ: Աննաս որ Ժանուլովս հղի էր, իրա էդ առաջին հղիության վերջին էրկու ամիսն իրանց մոտ էի ու ինչ որ տեսել եմ՝ էդ էրկու ամսում եմ տեսել: Ալեքսն էդ էրկու ամիսն ինձ Փարիզում լավ ման տվեց: – Բա ասում ես՝ Մարսելո՞ւմ են ապրում: – Էն վախտ իմ բախտից իրանք հըլը Փարիզում էին ապրում ու աշխատում,- ասաց Հրուշը:- Էյֆելյան աշտարակը, Աստվածամոր տաճարը, Լուվրն ու ամեն ինչն էդ էրկու ամսում տեսա: – Լավ տեղեր են,- ասացի ես: – Էդ տեղերը պիտի սեփական աչքով տենաս, տելեվիզորով է՛ն չի. պիտի էդ ամեն ինչը ժիվոյ տենաս,- ասաց Հրուշը: – Էդ ամեն ինչը ժիվոյ տեսել եմ,- ասացի ես: – Ո՞նց ես տեսել,- զարմացավ Հրուշը: – Մեկ-մեկ մենք էլ ենք հաց ուտում,- ասացի ես: – Քե՞զ ով էր հրավիրել,- հարցրեց Հրուշը: – Գրողական միջոցառում էր: – Գողական միջոցառո՞ւմ: – Գրողակա՛ն: Գրողներով էինք գնացել: – Դե լավ ա: Ուրեմն՝ գրող ըլնելն էլ ա ձեռնտու գործ,- ասաց Հրուշը: – Դժգոհ չեմ,- ասացի ես:- Էս պատմածդ ծերից ծեր գրելու բան ա: – Կարող ա՞ մի օր էս պատմածներս գրես,- հարցրեց Հրուշը: – Շատ հնարավոր ա,- ասացի ես: – Որ գրես, անուններս էլ ե՞ս գրելու,- հարցրեց Հրուշը: – Անունները կարեւոր չեն, կարեւորը բովանդակությունն ա,- ասացի ես:- Անունները կարելի ա փոխել: – Հա. կարեւորը իմաստն ա,- ասաց Հրանուշը:- Էդ ամեն ինչի մասին գրի, որ իրանց կնիկներին մշտական ծեծող էդ վայրենիները մի քիչ դաստիարակվեն: – Շատ հնարավոր ա, որ գրեմ,- ասացի ես:- Շատ հետաքրքիր պատմություն ա: – Ուրեմն, ասում ես՝ Փարիզը տեսել ե՞ս, Արմո՛,- հարցրեց Հրուշը: – Հա,- ասացի ես.- էդ ասածդ տեղերն էղել եմ: – Լուվրում է՞լ: – Չէ,- ասացի ես.- տղերքը Լուվր գնացին, բայց ես հետները չգնացի, որովհետեւ ընդամենը մի շաբաթ էինք Փարիզ մնալու. որ իրանց հետ գնայի, էդ մի օրը լրիվ Լուվրի վրա պիտի կորցնեի: Մտածեցի՝ ավելի լավ ա Փարիզում մի օր ավել ոտով ֆռֆռամ: – Շատ էլ ճիշտ ես արել, որ չես գնացել, Արմո՛ ջան,- ասաց Հրուշը.- էդ Լուվրի պատճառով մի շաբաթ ոտներիս մազոլները չէին անցնում: Օպերա էլ երեւի չես գնացել, չէ՞: – Օպերա չեմ գնացել, բայց օպերայի շենքը դրսից տեսել եմ,- ասացի ես: – Ներս չէիր էլ կարա մտնես, որովհետեւ էդ օպերայի տոմսերի գները հիսուն դոլարից են սկսվում: Հիմի եվրոյով երեւի ավելի թանկ կըլնեն, որովհետեւ էս եվրոյից հետո իրանց կյանքը շատ ա թանկացել: Էդ ամենաառաջին անգամ, որ իրանց մոտ էի, համարյա ամեն օր կաֆե ու ռեստորան էինք գնում, բայց հիմի էդ ամեն ինչն ահավոր ա թանկացել: – Ասում ես՝ փեսեդ քեզ օպերա էլ ա՞ տարել,- հարցրի ես: – Հա,- ծիծաղեց Հրուշը:- Էն Պաղտասար աղբարի ասածի պես՝ ոտս կոտրվեր, օպերա չգնայի: Աղջկաս ու փեսիս, փաստորեն, խայտառակ արեցի: – Ո՞նց խայտառակ արեցիր,- հարցրի ես: – Ամեն ձեւի,- ծիծաղեց Հրանուշը:- Էդ օրն օպերայում «Սեւիլյան սափրիչն» էին ցույց տալի: Կիրակի օր էր, հիշում եմ: Սկզբում Էյֆելյան աշտարակի մոտերն ահագին ֆռֆռացինք, հետո ռեստորան գնացինք, ու որ իրիկվա կողմ էդ օպերան սկսվեց, արդեն ահավոր հոգնած էինք՝ ե՛ս էլ, աղջի՛կս էլ: Խեղճն արդեն, փաստորեն, յոթամսական հղի էր: – Ասում ես՝ «Սեւիլյան սափրիչն» է՞ր: – Հա: Էդ անտերը որ սկսվեց, սկզբում ահագին ժամանակ երաժշտություն նվագեցին, հետո որ վարագույրը բացվեց, աչքերս իրանք իրանց փակվեցին: – Քնեցի՞ր,- հարցրի ես: – Աղջիկս ասում ա, որ ամբողջ առաջին գործողության վախտ ծերից ծեր քնած եմ էղել, բայց ինքը մի քիչ չափազանցնում ա: – Ինչի՞ պիտի չափազանցնի: – Ես որ էդ ամբողջ ժամանակ ք նած ըլնեի, ո՞նց պիտի տենայի, որ ինքն էլ ա քնած: – Ո՞վ՝ աղջի՞կդ: – Հա: Խեղճին մեղադրելու էլ չէր: Յոթամսական հղի վիճակում սաղ օրը ոտով ման էր էկել, հետո էլ՝ էդ ռեստորանը: Ռեստորանում ինքը, ճիշտ ա, բան չխմեց, բայց ես մի քանի բաժակ շամպայն խմեցի ու հետո հասկացա, որ էդ բանը չպիտի անեի, որովհետեւ միշտ էլ մի քանի բաժակից հետո աչքերս իրանք իրանց փակվում են: – Հետո՞: Մինչեւ վերջ քնած մնացի՞ք: – Ի՞նչ մինչեւ վերջ: Հենց որ առաջին գործողությունը պրծավ, Ալեքսը մեզ բոթելով զարթնացրեց, ավելի ճիշտ՝ Ալեքսը աղջկաս բոթեց ու զարթնացրեց, աղջիկս էլ՝ ինձ: Սաղ զալը մեզ էր նայում, ամոթից գետինն էինք մտել: – Հետո՞: – Էլ ի՞նչ հետո: Առաջին գործողությունը հենց որ պրծավ, զալից դուրս թռանք ու Ալեքսի ավտոյով մեզ գցեցինք տուն: – Փեսեդ ավտո ունի՞,- հարցրի ես: – Ավտո ունենալն էնտեղ մեծ բան չի համարվում. էնտեղ համարյա սաղն էլ ավտո ունեն: – Ասում ես՝ ամբողջ դահլիճը ձեզ է՞ր նայում: – Հա: Ես Ալեքսին չասեցի, բայց քեզ հանգիստ խղճով կարամ ասեմ, որ կյանքիս մեջ առաջին անգամ էի օպերա ոտ դնում: Էդ անտեր երաժշտությունից մարդու աչքերն իրանք իրանց փակվում են: Ես վաբշե անքնություն ունեմ՝ գիշերները շատ վատ եմ քնում, բայց որ տելեվիզորով համերգ-բան եմ նայում, կրեսլոյի մեջ տեղնուտեղը քնում եմ: – Ես էլ եմ գիշերները վատ քնում,- ասացի ես: – Էս կյանք ա՞, որ մարդ կարենա նորմալ քնի,- ասաց Հրուշը: – Դո՞ւ ինչի ես դժգոհում, ա՛յ Հրուշ,- ասացի ես.- աղջիկդ վերջապես նորմալ բախտի ա արժանացել, արդեն էրեխեք ու խելքը գլխին մարդ ունի. դրանից ավել ի՞նչ ես ուզում: – Թու-թու-թու. սատանի ականջը խուլ: Բայց, Արմո ջան, ամեն դեպքում՝ շատ դժվար ա. իրանք էնտեղ, ես՝ էստեղ: Մեկ-մեկ քիչ ա մնում կարոտից գժվեմ: – Հա. էդ իմաստով դժվար ա,- համաձայնվեցի ես: – Ասում ես՝ էս աղջկաս պատմությունն իսկական գրելու բան ա, չէ՞: – Հա. շատ հետաքրքիր պատմություն ա: Մի օր հաստատ կգրեմ,- ասացի ես: – Որ գրելու ըլնես, մեր անունները նույնությամբ չես գրի, չէ՞,- հարցրեց Հրանուշը: – Որ չես ուզում՝ կարամ անուններդ փոխեմ,- ասացի ես: – Հա, փոխի՛,- ասաց Հրուշը.- հազար ու մի չուզող ունենք. մեկ էլ տեսար՝ աչքով տվին: – Անուններդ կփոխեմ,- ասացի ես: – Բայց, ա՛յ Արմո, ինչքան գիտեմ՝ դու էդ տեսակ նորմալ բաներ չես գրում,- ասաց Հրուշը: – Քո կարծիքով, էդ պատմածդ նորմալ բա՞ն էր,- ծիծաղեցի ես: – Ուզում եմ ասեմ՝ դու մենակ ոտանավորի պես ես, չէ՞, գրում: Մի անգամ թերթի մեջ կարդացի, բայց ոչ մի բան չհասկացա: Մեր դասարանի սաղ էրեխեքի անունները գրել էիր, իմ ու էն ոչ բարով մարդուս անուններն էլ էիր իրար կողքի գրել: Յանի խի՞ էիր էդքան անուններն իրար պոչ-պոչի շարել: – Գիտես թե՝ ես շատ ե՞մ հասկանում: Գուգոյի՞ց ինչ խաբար կա. ինքը գոնե գիտի՞, որ աղջիկդ Փարիզում ա ապրում: – Մարսելում,- ճշտեց Հրանուշը:- Չէ, ո՞նց պիտի իմանա: Էդ ախմախ ընկերդ ինձնից բաժանվելուց հետո ռուսաստաններն ընկավ, մի հատ ռուս բոզի հետ պսակվեց, կարծեմ էրեխեք էլ ունի էդ փչացածից, ու արդեն տասը տարուց ավել կըլնի՝ իրանից ձեն-ձուն չկա: Իմ ու իրա անունները շատ իզուր էլ ըտենց քիփ իրար կողքի գրել էիր: – Էդ պոեմը որ գրում էի, չգիտեի, որ իրարից բաժանվել եք,- ասացի ես: – Այսինքն՝ էդ գրածդ պոեմ էր, հա՞: Իրա հետ շունն էլ յոլա չէր գնա: Ես որ էդ կապելու գժին տասը տարի յոլա տարա, ինձ հերոսի կոչում ա հասնում: – Բայց էն վախտ ինքը քեզ գժի պես էր սիրում,- ասացի ես: – Շատ ուժեղ հիշողություն ունես,- ասաց Հրանուշը:- Հետո պարզվեց, որ ոչ թե գժի պես ա սիրում, այլ ուղղակի գիժ ա: Լավ ա գոնե մենակ անուններս էիր գրել: Էրեւում ա՝ գրելու թեմա չես ունեցել, որ հերթը մեզ ա հասել: – Հա,- ասացի ես.- ամեն ինչ մեզանից առաջ արդեն գրել պրծել են: – Բայց Աննայիս էս պատմության պես հետաքրքիր պատմություն երեւի ոչ մեկը չի գրել,- ասաց Հրանուշը: – Պիտի էդ տեսակ պատմություն ինչ-որ մեկից լսած ըլնեն, որ գրեն: Ամեն ինչ հո չե՞ս կարա հնարես: – Հես ա՝ դու լսեցիր: Բայց աղջկաս ու Ալեքսի էս պատմությունը ոտանավորով դժվար թե հնարավոր ըլնի գրել: – Փաստորեն, իրանք քո շնորհիվ են հանդիպել ու բախտավորվել,- ասացի ես: – Էդ մոմենտը ճիշտ ես ասում, բայց Ալեքսը հո էրեխա չէ՞ր. որ ամուսնացան, արդեն երեսունն անց տղամարդ էր, այսինքն՝ ինքը կյանքում հազար ու մի աղջիկ ու կնիկ էր արդեն տեսել, բայց անձամբ հենց Աննայիս հավանեց ու տուն տարավ: Ուզում եմ ասեմ, որ մենակ իմ շնորհքը չի. աղջկաս տեսքն ու մակարդակն էլ են մեծ դեր խաղացել: – Ճիշտ ես ասում,- ասացի ես: – Ուզում եմ ասեմ՝ մեր էս պատմությունը շատ բարդ ու շատ հոգեբանական պատմություն ա. ըտենց ոտանավորով դժվար թե հաջողացնես էդ ամբողջն արտահայտես: Մեր էս պատմությունն իսկական ձեւով պիտի գրվի՝ էն որ լենքին, ամբողջ էջով մեկ գրում են: Դրա անունն ինչ է՞ր: – Արձա՞կ: – Հա, արձակ. վեպի պես: Մեր էս պատմությունը վեպի ձեւով պիտի գրվի: – Ճիշտ ես ասում. որ գրեմ, վեպի պես եմ գրելու: Առանց էդ էլ՝ ոտանավոր գրելը թարգել եմ,- ասացի ես: – Շատ էլ ճիշտ ես արել, որ թարգել ես,- ասաց Հրանուշը:- Իբր էդ թերթի մեջի գրածդ ինչի՞ նման էր. հազար հատ անուն էիր իրար պոչի շարել՝ մանկապարտե՞զ ա, ինչ ա: Իմ ու էդ տականքի անուններն իրար կողքի որ տեսա, արունը խփեց գլխիս: – Ձեր էս պատմությունը շատ լավ կգրեմ,- խոստացա ես: – Որ քեզ մի քիչ նեղություն տաս՝ լավ կստացվի,- ասաց Հրանուշը: – Կփորձեմ,- ասացի ես: – Ինչքան հիշում եմ՝ դու էլ ազատ շարադրությունից վատ չէիր: – Շարադրություններս լավ չեմ հիշում,- ասացի ես: – Դե լավ, Արմո ջան, զահլեդ շատ տարա. գլուխդ երեւի արդեն ցավացրի,- ասաց Հրանուշը:- Գնամ. թոռներիս համար սպիտակեղեն պիտի առնեմ. իրանց մոտ էդ բաներն ահավոր թանկ են: Վաղը թռնող կա՝ հետը ուղարկելու եմ: Հեն ա՝ կակռազ մարշրուտկես էկավ: Հաջո՛ղ, Արմո՛ ջան: – Հաջողություն,- ասացի ես: Երբ Հրանուշն արդեն նստում էր երթուղայինը, հանկարծ շրջվեց ու գոռաց. – Արմո՜: – Հը՞-, ասացի ես: – Արմո ջան, էդ բաները որ հանկարծ գրելու ըլնես, լափ էլ հենց մեր իսկական անուններով գրի: – Աչքիս վրա, Հրո՛ւշ ջան,- ասացի ես: – Անուններս գրի՝ թող չուզողներս նախանձից տրաքեն,- գոռաց Հրանուշն ու խցկվեց երեսունվեց համարի երթուղայինի մեջ: Ես Հրանուշի եւ իր աղջկա էս ամբողջ պատմությունը հիշեցի ու ձեզ համար գրի առա, որովհետեւ ցանկացա ցույց տալ, որ մեզանում էլ են երբեմն չգրված օրենքներից շեղումներ լինում, ու որպեսզի իրենց ամուսինների ձեռամբ ռեգուլյար ծեծվող մեր մյուս կանայք շատ չոգեւորվեն Հրանուշենց պատմության փառահեղ հանգուցալուծումից ու չսկսեն իրենց անձնական հարցերով աջուձախ եվրոպացի իրավապաշտպաններին դիմել, հենց հիմա պիտի նաեւ ասեմ ու շեշտեմ, որ Հրանուշենց դեպքը պարզապես երջանիկ բացառություններից է, եւ սովորաբար չգրված օրենքներից շեղվելը հիմնականում վատ է վերջանում հենց շեղվողի համար, եւ ընդհանրապես ուրիշների օրինակների նմանակումով սեփական կյանքը կառուցողներն ու դասավորողները սովորաբար դրական արդյունքների չեն հասնում, ու թեպետ դժբախտությունից ճողոպրելու ուղիները հազարավոր են, բայց դա դեռ չի նշանակում, որ դրանցից մեկնումեկն անպայման հենց քեզ է բաժին ընկնելու, քանզի դեպի դժբախտություն տանող ճանապարհներն էլ են հազարավոր, ու թարսի պես ոչ թե դո՛ւ ես ընտրում էդ հազարավոր ճանապարհներից մեկնումեկը, այլ, ընդհակառակը, էդ ճանապարհներից մեկնումեկն է քեզ ընտրում, եւ եթե նույնիսկ անձամբ դու էլ ընտրած լինես, միեւնույն է՝ մինչեւ վերջ անտեղյակ ես մնալու եւ մոտավորապես անգամ չես կռահելու, թե ընտրածդ էդ ճանապարհն ուր է տանում ու էդ ճանապարհի ավարտին ինչ կա-չկա, որովհետեւ եթե նույնիսկ ընտրությունը քոնն է, էլի չես իմանալու՝ ինչ ես ընտրել, ու եթե նույնիսկ քեզ ինքնահոսի ես մատնած եղել, էլի անհաղորդ ես լինելու վերջին ու դեպի վերջը բերող ընթացքին, որովհետեւ շատ հաճախ ամենավերջում էլ ստույգ չես իմանում՝ ինչ եղավ, քանզի ամենավերջում դու արդեն չես լինում, այսինքն, մեղմ ասած, բացակայում ես կյանքից, այսինքն, հայերեն ասած, մեռած ես լինում, իսկ ավելի հայերեն ասած՝ արդեն ոչ եւս ես եղած լինում, ու եթե ամենավերջում լավ կամ վատ որեւէ բան լինում էլ է, քո փոխարեն արդեն ուրիշներն են դա իմանում: Եթե, իհարկե, իմանում են: Գլուխ հինգերորդ