Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Հոկտեմբեր 15,2005 00:00

Հայաստանի ամենաերիտասարդ ծրագրավորողը Լեհաստանում օգոստոսի 18-25-ը տեղի ունեցած Ինֆորմատիկայի հերթական օլիմպիադայում երեւանցի 16-ամյա Վահե Մուսոյանը շահել է ոսկե մեդալ: 2004 թվականի Համահայկական ծրագրավորման մրցույթում Վահե Մուսոյանն ամենաերիտասարդ մասնակիցն էր՝ 15 տարեկան: Այս մրցույթի անհատական փուլում նա գրավեց 5-րդ տեղը, իսկ թիմային փուլում՝ 2-րդը: Ընդ որում՝ մրցույթի խնդիրների ստուգման եւ գնահատման ծրագիրը նա էր մշակել: Ծրագրավորման բաց մրցույթի այս տարվա 200 մասնակիցների մեջ Վահեն անհատական եւ թիմային ձեւերում գրավել է առաջին տեղերը: 14 տարեկանից Վահեն մասնակցում է ինֆորմատիկա եւ մաթեմատիկա առարկաների օլիմպիադաների եւ ծրագրավորման մրցույթների: Այս տարի էլ Մեքսիկայում Մաթեմատիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայից վերադառնալու հենց հաջորդ օրը նա մասնակցեց Հայաստանի Ծրագրավորման բաց մրցույթին: Առաջին անգամ Վահեն օլիմպիադային մասնակցել է 2003 թվականին. ԱՄՆ-ում տեղի ունեցած Ինֆորմատիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում ստացել է վկայական եւ արժանացել բրոնզե մեդալի: Նույն թվականին Ճապոնիայում անցկացված Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադիայից հետո, ինչպես ինքն է նշում, «հասկացա, որ մաթմատիկա պետք է ավելի շատ պարապեմ»: 2004-ին Հունաստանում կայացած Ինֆորմատիկայի 16-րդ միջազգային օլիմպիադան ավելացրեց Վահեի բրոնզե մեդալների շարքը: Վահեն ծնվել է 1989 թվականին, Մեծամորում: Հետո ընտանիքով տեղափոխվել են Երեւան: Ծնողները մասնագիտությամբ ծրագրավորողներ են: Քույրը սովորում է ԱՄՆ-ում՝ ծրագրավորման բնագավառում, իսկ եղբայրը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ապրում եւ աշխատում է Ֆրանսիայում: «Տան խոսակցության թեմաները հաճախ էին առնչվում համակարգչին, նոր տեխնոլոգիաներին, այդ պատճառով դեռ փոքր տարիքից հնարավորություն եմ ունեցել օգտվել համակարգչից,- ասում է Վահեն:- «Քվանտ» վարժարանում ծրագրավորման դասընթացներին մասնակցելուց հետո հասկացա, որ ծրագրավորման ոլորտն ինձ շատ է հետաքրքրում»: «Քվանտում» Վահեն սովորել է 7-րդ դասարանից: «Վարժարանում ուսանելն ինձ շատ օգնեց, որովհետեւ մինչ այդ՝ միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակ ինֆորմատիկա առարկան ինձ այնքան էլ հասկանալի չէր»: Սեպտեմբերից Վահեն ուսումը շարունակում է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում: Որպես միջազգային օլիմպիադաների մասնակից՝ նա առանց քննությունների կարող էր ընդունվել ցանկացած պետական բուհ: Ուսման հետ կապված միակ դժվարությունը Վահեի համար մասնագիտական գրքերի անմատչելիությունն է: «Մասնագիտական գրքերից օգտվելը մի փոքր բարդ է, Հայաստանում այդպիսի գրքեր շատ քիչ կան: Ինտերնետով պատվիրելու դեպքում էլ, երբ հերթը հասնում է առաքման վայրը նշելուն, համակարգը չի ընդունում՝ ասելով, որ իրենց ծառայությունը չի իրականացվում Հայաստանի տարածքում»: Վահեն երազում է ուսում ստանալուց հետո հետաքրքիր աշխատանք գտնել: «Որպես աշխատավարձ՝ գումար դեռ չեմ վաստակել: Տարբեր մրցույթների մասնակցելով ու որոշակի մրցանակային տեղեր գրավելով՝ ստացել եմ դրամական պարգեւներ: Բացի դրանից, Ինտերնետում կան կայքեր, որտեղ առաջարկում են որոշակի գումարով ծրագրեր գրել կամ իրենց փոխարեն կատարել հանձնարարություն, որեւէ աշխատանք: Այդպես մի անգամ 40 ԱՄՆ դոլար եմ աշխատել, բայց բանկային հաշվից դեռ չեմ հանել: Սակայն չէի ցանկանա ժամանակ ծախսել այդպիսի փոքր գործեր կատարելու վրա, դրա փոխարեն կլրացնեմ գիտելիքներս ավելի լուրջ աշխատանքով զբաղվելու համար»,- ասում է Վահեն: Վահեն ազատ ժամանակ գրեթե չի ունենում: Մանավանդ օլիմպիադաների շրջանում ստիպված է պարապել օրական 10 ժամ, հիմնականում ինքնուրույն՝ Ինտերնետում հատուկ կայքերում տեղադրված խնդիրները լուծելով: Մնացած ժամանակը անցկացնում է ընկերների հետ: Նրանք բոլորը ֆիզիկայի եւ աստղագիտության օլիմպիադաների մասնակիցներ են: Սիրած հեծանիվն արդեն վաղուց չի քշում՝ փոքրացել է: ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել