Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳՎԱԾ

Հոկտեմբեր 15,2005 00:00

ՎՏԱՆԳՎԱԾ Է «ԱՄԵՆԱԹԱՆԿ ԿԱՊԻՏԱԼԸ» «Ֆլե՞շն» է քանդել կիսակառույցը, թե՞ քաղաքապետարանը Արարատ Ծովյանն իր ընտանիքը պահում է ակնոց վերանորոգելով: Պուշկինի 15 հասցեում գտնվող նրա կենցաղսպասարկման օբյեկտը քանդվել է պետության՝ Հյուսիսային պողոտա ստեղծելու կարիքը հոգալու համար: Որպես փոխհատուցում՝ նրան տրվել է 8.200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ Պուշկինի 15ա շենքին հարող 20 քմ տարածքը, ուր հնարավոր էր կառուցել կենցաղսպասարկման կետ եւ շարունակել աշխատանքը: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ (թիվ 2320-Ա, 01.12.2003թ.), վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով Ա. Ծովյանին է տրվել Պուշկինի 15ա շենքին հարող 20 քմ տարածքը: Նա, ըստ կարգի, կնքել է հողի վարձակալության պայմանագիր, ստացել վարձակալության իրավունքի վկայական, հետո՝ շինթույլտվություն, նախագծել օբյեկտը, համաձայնեցրել քաղաքապետարանի հետ եւ սկսել շինարարությունը: «Շինարարության ընթացքում մի քանի անգամ իմ շինարարաներին մոտեցել են ինչ-որ մարդիկ եւ ասել. «Իզուր մի սարքեք, «Ֆլեշին» խանգարում է, մեկ է՝ քանդվելու է»,- պատմում է Ա. Ծովյանը: Ա. Ծովյանին տրված տարածքին է հարում նաեւ Պուշկինի 19 շենքը, որն այժմ պատկանում է «Ֆլեշ» ՍՊԸ-ին: Ընկերությունը, շենքի բնակիչներին փոխհատուցելով, գնել է շենքը, ամբողջովին քանդել եւ հիմա այնտեղ կառուցվում է շինություն, որտեղ գործելու է «Ֆլեշ» ընկերությանը պատկանող «Հայկապբանկը»: 2005թ. մարտի 10-ին «Ֆլեշ» ընկերության տեխնիկայով քանդվել է Ա. Ծովյանի կիսակառույցը: «Քանդել են, շինանյութի մի մասով իրենց բանվորների համար սանհանգույց եւ հանդերձարան կառուցել, մի մասն էլ օրը ցերեկով բարձել են մեքենան ու տարել»,- ասում է Ա. Ծովյանը: «Ֆլեշ» ընկերությունն այլ կերպ է ներկայացնում տեղի ունեցածը. «Իր կիսակառույցը մենք չենք քանդել, այլ քանդել է քաղաքապետարանը: Երբ մենք քանդում էինք մեր գնած շենքը, որպեսզի նորը կառուցենք, քանդման աշխատանքների ժամանակ կանգնած էին նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, քաղաքապետարանի երկու վարչության պետեր (չմտաբերեց, թե որ վարչությունների- Ա.Ե.) եւ երկու ոստիկան: Քաղաքապետարանի ներկայացուցիչներն ասացին, որ քանդենք նաեւ Ա. Ծովյանի կիսակառույցը, քանի որ քաղաքապետի այդ որոշումը սխալ է, ճարտարապետորեն սխալ հողհատկացում է, բացի այդ՝ կիսակառույցը իր նախագծին չի համապատասխանում: Այնպես որ, դա քանդել է քաղաքապետարանը, ոչ թե «Ֆլեշը». ուղղակի քաղաքապետարանը մեզնից խնդրեց մեր էքսկավատորը, մենք էլ տվեցինք, դրա համար նկարներում կա «Ֆլեշի» տեխնիկան,- ասում է «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն ու ավելացնում,- հիմա էլ Ա. Ծովյանը կարող է գալ ու կառուցել իր օբյեկտը, մենք իր տարածքի հետ գործ չունենք, բայց հիմա մենք կխոչընդոտենք, որովհետեւ մեզ կխանգարի այդ կառույցը»: Հակառակ Մ. Էլչյանի պնդման, թե այդ տարածքի հետ իրենք գործ չունեն՝ տեղում պարզ դարձավ, որ հենց Ա. Ծովյանի տարածքում արդեն կառուցված է ապագա բանկի նախամուտքը, որի ներքեւում էլ նախատեսված է ավտոկանգառ: Մ. Էլչյանի ասելով՝ քանդելուց հետո քաղաքապետարանի ներկայացուցիչները խնդրել են «Ֆլեշին»՝ օգնել Ա. Ծովյանին, որպեսզի աղմուկ չբարձրանա, քանի որ նաեւ «Ֆլեշին» էր ձեռնտու, որ տարածքն ազատ լինի: «Եթե իսկապես Ա. Ծովյանն օբյեկտը կառուցել է նախագծից շեղվելով, ապա քաղաքապետարանը կամ քաղաքաշինական պետական տեսչությունը նրան պետք է վարչական տուգանքի ենթարկեր կամ զգուշացներ, որ կառույցը պետք է բերել նախագծային վիճակի: Սակայն նման բան չի եղել: Ես փաստաբանական հարցում եմ արել քաղաքապետարան եւ պատասխան ստացել, որ Ա. Ծովյանի սպասարկման օբյեկտը կառուցվել է քաղաքաշինական անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից չի իրականացվել օբյեկտի քանդումը»,- մեկնաբանեց Ա. Ծովյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Բացի այդ, երբ Պուշկինի 19 շենքի նախկին բնակիչների բողոքով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունն ուսումնասիրել է Ա. Ծովյանին տրված տարածքի օրինականությունը, պարզել է, որ այն օրինական կառույց է եւ շինությունը կառուցվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: «Սկզբում ես հավատացի «Ֆլեշ» ընկերության աշխատակիցներին եւ հիմնադրին, որ ինձ տարածք կտան իրենց կառույցից, սակայն երբ հերթը հասավ պայմանագիր ստորագրելուն, նրանք ձգձգեցին ու չստորագրեցին: Անգամ պայմանագիր ենք մշակել հենց ընկերության իրավաբանի հետ, սակայն նրանք չցանկացան որեւէ փաստաթուղթ ստորագրել»,- բողոքում է Ա. Ծովյանը: «Ֆլեշ» ՍՊԸ-ն պնդում է, որ Ա. Ծովյանի կիսակառույցը քանդվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի եւ քաղաքապետարանի երկու վարչությունների պետերի հրահանգով ու ներկայությամբ: Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Գ. Խանգելդյանը գրավոր հարցմանը պատասխանել է, որ քաղաքապետարանը չի իրականացրել այդ օբյեկտի քանդումը: Բացի այդ, կա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության ուսումնասիրությունը, որը նույնպես ապացուցում է, որ քաղաքապետարանն այդ կիսակառույցը քանդելու ոչ մի օրինական հիմք չէր կարող ունենալ: Այս ամենից կարելի է ենթադրել հետեւյալը՝ կամ «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մ. Էլչյանը զրպարտում է քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին, կամ գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ օրինական այդ կիսակառույցը «ճարտարապետորեն սխալ» համարել միայն այն պատճառով, որ առնչվել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի շահերին: Ա. Ծովյանը սպասում է Գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքներին: Դատախազությունը պետք է որոշում կայացնի քրեական գործ հարուցելու կամ բողոքը մերժելու մասին: Մերժման դեպքում Ա. Ծովյանը պատրաստվում է բողոքարկել վերադաս մարմին կամ վերաքննիչ դատարան: ««Ֆլեշը» Ա. Ծովյանին մեկ այլ տեղ հող էր առաջարկում կամ որոշակի գումար, իսկ նա չուզեց: Հիմա մենք էլ ոչինչ չենք առաջարկում: Քաղաքապետարանն է քանդել, թող քաղաքապետարանն էլ փոխհատուցի նրա վնասը»,- պնդում է Մ. Էլչյանը: Նա, հավանաբար, փորձում է «չվնասել» «Ֆլեշի» կարգախոսը՝ «Բարի համբավն ամենաթանկ կապիտալն է»: ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել