Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔՈՎ

Հոկտեմբեր 15,2005 00:00

ՔԱՂԱՔՈՎ ՄԵԿ ԿԱՆԳԱՌ Է Իսկ իսկական կանգառները շրջափակման մեջ են Մայրաքաղաքի կանգառների մեծ մասը, մեղմ ասած՝ անմխիթար վիճակում է. կամ նստարաններ չկան եւ փոխարենը դուրս ցցված երկաթներ են, կամ ծածկն է բացակայում, կամ էլ կանգառի երբեմնի գոյության մասին հուշում է խորհրդային տարիներից մնացած ցուցատախտակը՝ «N 4, 27 ավտոբուս»: Փոքր-ինչ բարվոք կանգառներից էլ, որոնք հիմնականում Կենտրոն համայնքում են տեղակայված եւ որոնց «գույքը» վերջին տարիներին է «թարմացվել»՝ կեղտոտ ու հակահիգիենիկ լինելու պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել: Շատ հաճախ դրանց նստարանները «բոմժերին» որպես գիշերատեղի, իսկ ապակե պատերը հայտարարությունների համար ստենդ է ծառայում: Կանգառները սարսափելի վիճակում են հատկապես ծայրամասերում: Այստեղ կանգառ ասվածը, եթե կա, մի քանի դուրս ցցված երկաթե ձող է, որ անզգույշ շարժման դեպքում կարող է վնասել մարդկանց: Բացի այդ, ոչ միայն կենտրոնում, այլեւ ցանկացած տարածքում, կանգառներում կայանելը «փիս խասիաթ» են դարձրել տաքսիների, մեծ ու փոքր բեռնատարների եւ այլ մեքենաների վարորդները: Հիմնական «շրջափակումը» ստեղծում են ֆիրմաների առաքիչները, քանի որ կանգառների մոտակայքում ամենուր խանութներ կան: Այդ իսկ պատճառով մարդիկ նախընտրում են կանգառներից հեռու մնալ եւ կանգնել՝ որտեղ պատահի, միայն թե հնարավոր լինի «որսալ» երթուղայինը: Թաղապետարանները ոչ միայն միջոցներ չեն հատկացնում դրանց տեսքի, մաքրության համար, այլեւ շատ դեպքերում առանց ծածկի աղբարկղերը տեղադրում են անմիջապես կանգառների հարեւանությամբ: Աղբահանությունն էլ իրականացվում է ոչ թե վաղ առավոտյան, ինչպես նախատեսված է, այլ համարյա կեսօրին՝ տրանսպորտին սպասող մարդկանց ներկայությամբ: Մայրաքաղաքի կանգառների տեսքի, կահավորման պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանն է, որին նույնպես չի հուզում դրանց սանիտարական վիճակը: Համաքաղաքային շաբաթօրյակների ժամանակ քաղաքային իշխանությունները սահմանափակվում են միայն ծառ տնկելով, փողոցները ջրելով, մեկ-մեկ էլ արձանները լվանալով, իսկ մի քանի մասնավոր ընկերությունների կողմից քաղաքին նվեր արած փոքր-ինչ բարեկարգ կանգառների մասին մոռանում են: Դրանք տարիներով ոչ ախտահանվում են, ոչ էլ մաքրվում: Փոխքաղաքապետ Սլավա Ավանեսյանի հաղորդմամբ՝ մայրաքաղաքում կանգառներ կառուցելու, վերակառուցելու համար մի մասնավոր ընկերություն է մրցույթը շահել, որը պարտավորվել է մայրաքաղաքում հիմնել 910 կանգառ: Ըստ փոխքաղաքապետի՝ յուրաքանչյուրի ծախսը կկազմի 1500-ից 2000 դոլար: Բացի կանգառներին տիրություն անելուց, դրանց ճիշտ տեղը որոշելը նույնպես քաղաքապետարանի գործն է, մասնավորապես՝ տրանսպորտի վարչության: Ըստ ճանապարհային երթեւեկության կանոնների, կանգառն արգելվում է շրջադարձերի, հետիոտնային անցումների վրա: Սահմանված կարգի համաձայն՝ կանգառը պետք է անցումներից ու շրջադարձերից 10-15 մետր առաջ կամ հետո լինի: Խորհրդային տարիներին սահմանված հեռավորությունը 100 մետր էր: Այնինչ, մեր քաղաքում տրանսպորտային միջոցները ամենաշատը հենց այդ հատվածներում են կանգառում: Պատճառը ակնհայտ է. որտեղ մարդկանց կուտակում՝ այնտեղ էլ արհեստածին կանգառ: Ավելին՝ ձգտելով ավելի շուտ ընկնել վարորդի աչքով եւ առաջինը նստելու նախապատվությունը ստանալ՝ մարդիկ աստիճանաբար, իրար «աբգոն անելով» հեռանում են կանգառից եւ սփռվում ողջ ճամփեզրով մեկ: Խախտումներն ակնառու են հատկապես «Բարեկամություն», «Երիտասարդական» մետրոների հրապարակների չորս անցումներում: Քիչ չէ, որ անհետեւողականության արդյունքում նշված վայրերում մարդկանց ու տրանսպորտային միջոցների կուտակումներ են լինում, տաքսիներն էլ՝ ուղեւոր փախցնելու հույսով, իրենց հերթին են այդ հատվածներում կայանում՝ երթեւեկությունն ավելի ծանրաբեռնելով: Այս խնդիրը պետք է կարգավորի տրանսպորտի վարչությունը՝ պետավտոտեսչության հետ համատեղ: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել