Բելլի գյուտի մասին գյուղերում տեղյակ չեն Լեռնամերձցիներն իրենց գյուղում ապագա չեն տեսնում Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչները բողոքում են, որ օրերով ջուր չեն ունենում, լավագույն դեպքում տալիս են շաբաթը 1 անգամ. «Բերքը սաղ չորացել ա, պամիդորը քոլի վրա չիր ա դառել, էդ ա՞ իրանց տված ջրի արդյունքը»: Խնդիրն այն է, որ չնայած գյուղացիների բողոքներին՝ Լեռնամերձի ոռոգման ջրերի տեղամասի պետ Գեւորգ Սաֆարյանը հավաստիացնում է, թե գյուղը ջրի խնդիր չունի: Իրականում ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջրի խնդիրը գյուղում խիստ մտահոգիչ է: Վերջին 2 ամիսների ընթացքում ջրի ցանցը կաթվածահար է եղել: Բնակիչների ներկայացմամբ՝ ջուր տալիս են միայն առավոտյան 8-ին, այն էլ՝ մի քանի ժամով: Եթե մայրաքաղաքում «Երեւանի ջրմուղկոյուղին» ջրամատակարարման գրաֆիկի խախտման դեպքում մեկ-երկու օր առաջ զգուշացնում ու ներողություն է խնդրում բնակիչներից, ապա գյուղերում նման «ավանդույթ» չկա. «մեկ էլ տենաս՝ օրերով ջուր չկա, ոչ զգուշացնում են, ոչ էլ ներողություն խնդրում»: Գ. Սաֆարյանն «Առավոտի» հետ զրույցում թեեւ եւս մեկ անգամ հաստատեց, որ գյուղը ջրի խնդիր չունի, բայց չկարողացավ ժխտել, որ գյուղի 100 հա վարելահողերից մշակվում է միայն 55 հեկտարը, իսկ մնացածն անմշակ է՝ ջուր չլինելու պատճառով: Ըստ պարոն Սաֆարյանի, պատճառն այն է, որ մեկ պոմպակայանը չի բավարարում ողջ գյուղի պահանջները: Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Արմեն Առաքելյանի համար գյուղացու այս խնդիրները սովորական բան են. «Բնական երեւույթ է, գյուղ կա՞, որ նման խնդիրներ չունենա»: Լեռնամերձի «բնական երեւույթներից» է նաեւ այն, որ ի տարբերություն հարեւան գյուղերի, այստեղ գազ չկա՝ չնայած գազի խողովակները գյուղի նախաշեմին են: Լեռնամերձն իր կենսակերպով դեռ 19-րդ դարում է: Բնակիչները նույնիսկ հեռախոս չունեն, ուստի հարկ եղած դեպքում ստիպված են լինում հասնել հարեւան գյուղեր, քանի որ գյուղ գիծ չի մտնում: Իսկ համակարգչի կամ առավել եւս՝ ինտերնետի գոյության մասին տեղյակ են միայն գյուղի ջահելները, այն էլ՝ թերթերից ու հեռուստատեսությունից: Գյուղացիները ստիպված են հարեւան գյուղ հասնել՝ նաեւ սովորական գնումներ կատարելու համար, քանի որ Լեռնամերձում կրպակներ չկան: Ըստ բնակիչների, այդ գործը ձեռնտու չէ, ապրանքներն իրենց «վրա են մնում», փողն էլ «քնացնում»: Գյուղի ճանապարհները նույնպես ահավոր վիճակում են: Այս առնչությամբ Արմեն Առաքելյանը «հույս տվեց», թե հարցը մարզպետարանի օրակարգում է. «Չգիտեմ երբ, բայց անպայման վերանորոգելու ենք: Առայժմ ե՛ւ գյուղի բյուջեն, ե՛ւ կառավարության տրամադրած դոտացիաները շատ քիչ են՝ նման աշխատանքներ կատարելու համար»: Հատկանշական է, որ գյուղացիներն իրենց այս խնդիրների մեջ գյուղապետին այնքան էլ չեն մեղադրում, քանի որ ամբողջ գյուղում անգամ գյուղապետարանի համար նորմալ շենք չի ճարվել. գյուղապետարանը վարձակալական հիմունքներով ժամանակավորապես տեղակայվել է մի անշուք ու կիսաքանդ շենքում: Նույն շենքում է «խցկվել» նաեւ գյուղի գրադարանը: Այնպես որ, եթե Լեռնամերձի գործերը «վատ գնան», ու գյուղապետը չկարողանա ժամանակին տարածքի վարձը մուծել, շատ հնարավոր է, որ իր աշխատակիցների ու գրքերի հետ հայտնվի փողոցում: Պատահական չէ, որ լեռնամերձցիներն այս գյուղն անվանում են Չիբուխլու (նկատի ունեն Մուրացանի «Առաքյալ» վիպակում ներկայացված գյուղի հետամնացությունը): Լեռնամերձի երիտասարդների կարծիքով՝ «այստեղ ապագա չկա». սա է պատճառը, որ գյուղի 510 բնակիչներից 179-ը բռնել է արտագաղթի ճանապարհը: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ