ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ, ՔԱՐՈԶՆԵՐԸ՝ ՈՉ Այս ընտրությունների քարոզչական պաստառներում բազմաթիվ խախտումներ կան, բայց ոչ ոք դրանց համար դեռ չի պատժվել: Երեւանում համայնքապետի եւ ավագանու ընտրություններն արդեն ավարտվել են, բայց թեկնածուների քարոզչական պաստառները դեռ զարդարում են մայրաքաղաքի բոլոր փողոցները: Հատկապես Գարեգին Նժդեհի հրապարակը վերջին 2 ամիսների ընթացքում դարձել է քարոզչական պաստառների «աղբանոց», որտեղ այլեւս մաքուր պատ գտնել չի լինի: Քաղաքական գովազդի հետ կապված հարաբերությունները Հայաստանում կարգավորվում են միայն Ընտրական օրենսգրքով, որը այնքան էլ հստակ չի սահմանում, թե ով կամ երբ է պատասխանատու դրանք վերջապես մաքրել: Կան մի քանի դրույթներ, որոնցից կարելի է ենթադրել, որ պաստառներով պարտավոր են զբաղվել թաղապետարանները: Օրինակ՝ 21-րդ հոդվածի 5-րդ կետում նշված է. «Համայնքի ղեկավարներն ապահովում են, որպեսզի չքվեարկվող թեկնածուների եւ կուսակցությունների քարոզչական պաստառներն անհապաղ վերացվեն»: Այստեղից ստացվում է, որ հենց ընտրությունը կատարվի եւ քարոզչության խնդիր չլինի, համայնքապետերը պիտի հոգ տանեն դրանց վերացման մասին: Սակայն 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «Նախընտրական քարոզչությունն սկսվում է թեկնածուների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը եւ վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ: Քվեարկության եւ նրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է»: Հաշվի առնելով, որ քարոզչական ձեւերից են նաեւ պաստառները, այս հոդվածից էլ ենթադրվում է, թե դրանք պետք է մաքրված լինեն ընտրություններից առաջ եւ ոչ թե հետո: Այնպես որ, օրենքը երկիմաստության տեղիք է տալիս: Այնուամենայնիվ, փաստն այն է, որ քարոզչական պաստառները դեռ չեն մաքրվել, ուստի, ինչպես էլ ընկալելու լինենք օրենքը, այն արդեն խախտվել է համայնքապետերի կողմից: Բացի այդ, պաստառների մեծ մասը ընտրական օրենսգրքի խախտումներով է: Օրինակ՝ Նժդեհի փողոցում «հաստատված» Շենգավիթ համայնքի ավագանու թեկնածուներ Արմեն Սահակյանի, Էդուարդ Մադաթյանի եւ Սուրեն Մասումյանի քարոզչական պաստառների վրա նշված չեն այն հրատարակող ընկերության անունն ու տպաքանակը, մինչդեռ օրենսգրքի 21 հոդվածի 6-րդ կետը սահմանում է. «Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ»: Նույն խախտումը առկա է նաեւ Շենգավիթ համայնքի ավագանու «անարատ» թեկնածու Խաչատուր Միրզոյանի պաստառներում, որտեղ 3 պրոֆիլներից նկարված թեկնածուն քաղաքական շաբլոն դարձած «Վստահեք մեզ», «Միասին անցնենք բարեկեցության ճանապարհը», «Կառուցենք մեր երկրի ապագան» կարգախոսների փոխարեն իր եռագույն ֆոնով նկարի վրա «ռաբիս» ու անհեթեթ բանաստեղծություն է տպագրել. «Ես եմ, դու ես քվեաթերթը, եւ մեզ սպասող քվեատուփը, ուրեմն եկ ընտրենք ԵՍ-ին, հույս, անարատ Խաչատուրին»: Ինչպես պարզեցինք, ավագանու եւ համայնքապետի ընտրությունների ժամանակ քարոզչական պաստառներում խախտումներ թույլ չտալու պատասխանատվությունը կրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Շենգավիթի թաղապետարանից մեզ ասացին, որ մինչ պաստառները փողոցներում տարածելը դրանք պետք է ստուգեին, նոր թույլ տային տեղադրել: Կոնկրետ մեր հայտնաբերած խախտումների համար դիմեցինք թիվ 11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արտաշես Հովհաննիսյանին, որի պարզաբանմամբ՝ «ես ոչ մի պաստառ չեմ տեսել, ընդամենը 5 օր առաջ եմ էս պաշտոնը ստացել, իսկ առաջվա նախագահը պաշտոնանկ է արվել, թող ինքը հանձնարարեր ու պատժեր»: Իսկ թե ինչու մինչ օրս փողոցներից չեն վերացրել այդ քարոզչական պաստառները, Շենգավիթ համայնքի թաղապետի տեղակալ Համլետ Հակոբյանը մեկնաբանեց այն հանգամանքով, որ ավագանու ընտրությունները կանգնած էին անվավեր ճանաչվելու վտանգի առջեւ եւ հնարավոր էր կրկնակի ընտրություններ լինեին. «Դատարանը նոր է չեղյալ հայտարարել հանձնաժողովի որոշումը, իսկ մենք արդեն երեկ համատիրությունների համակարգողին հրաման ենք տվել դրանք մաքրելու»: Պարոն Հակոբյանի ներկայացմամբ՝ այդ հարցում իրենք այնքան պարտաճանաչ են, որ կարծես սպասում էին դատարանի որոշմանը, մինչդեռ Նժդեհի փողոցում դեռ փակցված են ոչ միայն ավագանու, այլեւ համայնքապետի թեկնածուի գովազդային պաստառները, բացի այդ, մնացել է անգամ տարիների վաղեմություն ունեցող Վազգեն Սարգսյանի քարոզչական պաստառներից մեկը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ