«ԵՐԿԻՐԸ ՏԱՓԱԿ Է, ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ՊՏՏՎՈՒՄ Է ԱՐԵԳԱԿԸ» Ասում է ադրբեջանցի ընդդիմադիր Փանահ Հուսեյնը Նոյեմբերի 6-ին Ադրբեջանում տեղի են ունենալու խորհրդարանի (Միլլի Մեջլիսի) ընտրությունները: Այս տարվա հունիսից ընդդիմադիր երեք կուսակցություններ՝ Ադրբեջանի ազգային ճակատը, Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցությունը եւ Մուսավաթը միավորվեցին «Ազադլիգ» (Ազատություն) դաշինքի մեջ: Դաշինքը միանգամից իր մասին հայտ ներկայացրեց բողոքի ցույցերով, որոնց նպատակը իշխանությունների նախապես մշակած ընտրական սցենարը տապալելն է: Որպես օրենք՝ ցույցերն ընթանում են Բաքվի կենտրոնական փողոցներում եւ հրապարակներում, առանց համապատասխան թույլտվության, այժմ արդեն գրեթե ամեն շաբաթ կամ կիրակի օրերին, ավարտվում են ոստիկանության եւ ցուցարարների միջեւ կարճատեւ բախումներով եւ մի քանի բողոքավոր գործիչների ձերբակալություններով: Ձերբակալվողներն առայժմ ոչ այնքան հայտնի դեմքեր են, որքան նրանց մերձավոր ընկերներն ու հարազատները: Այսպես, հոկտեմբերի 1-ի բախումներից հետո տարածվեց Մուսավաթի առաջնորդ Իսա Գամբարի եւ Ժողովրդական կուսակցության պաշտոնաթող նախագահ, այժմ «Ազադլիգ» դաշինքի շտաբի պետ Փանահ Հուսեյնի որդիների ձերբակալության մասին տեղեկատվությունը: Հոկտեմբերի 9-ին արձանագրվեցին նոր բախումներ ընդդիմադիր ուժերի եւ իշխանական կառույցների միջեւ: Նման լարված իրադարձությունները վկայում են, որ ընդդիմադիր ուժերի եւ իշխանությունների միջեւ ի սկզբանե չեն համաձայնեցվել ընտրական խաղի կանոնները, եւ որ երկուստեք վճռական են տրամադրված ադրբեջանական խորհրդարանում բաժնետոմսերի վերահսկող փաթեթի համար պայքարում: Նարնջագույն մեխակը «Ազադլիգ» դաշինքի կանոնավոր կազմակերպվող ցույցերն ունեն մեկ ընդգծված տարբերանշան, դրանք ընթանում են նարնջագույն տարբեր խորհրդանիշների առատությամբ, դրանով կարծես ընդգծելով այս երեք կուսակցությունների հեղափոխական տրամադրվածությունը: «Կովկասի լրագրողների ցանցում» (www.caucasusjournalists.net) «Հետքին» եւ վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում «Ազադլիգ» դաշինքի շտաբի նախագահ Փանահ Հուսեյնը պնդում էր, որ ստեղծված իրավիճակը ինքը կարող է բնութագրել որպես իրապես հեղափոխական. «Երկրում հասունանում է հեղափոխական փոթորիկը, քանի որ ներքեւները չեն ուզում ապրել, իսկ իշխանությունները չեն կարող ղեկավարել հին ձեւով: Սա միանշանակ է»: Մեր «Ինչու հենց նարնջագույն, արդյո՞ք դա մի տեսակ իրականացված սցենարի կրկնություն չէ կամ իշխանություններին հավասարակշռությունից նախապես հանելու մտադրություն» հարցին Փ. Հուսեյնը պատասխանեց. «Հունիսի սկզբներին մեր դաշինքը (այն ժամանակ դեռ անանուն) անցկացրեց իր առաջին կազմակերպչական նիստը, որի ժամանակ էլ քվեարկության միջոցով որոշվեց անունը՝ «Ազադլիգ», խորհրդանշանը՝ նարնջագույն մեխակ: Հիմա ես արդեն նույնիսկ չեմ հիշում իմ ընկերների՝ հենց դրանք ընտրելու պատճառները: Բայց արդեն ուշ է, ինչ լինելու՝ լինելու է»: Մյուս կողմից, նպատակը. «ոչ միայն հաղթանակն է սատարող եւ նույնիսկ կարեկցող հեռուստաալիքների բացակայության պայմաններում: Ընտրազանգվածը պատրաստ է օգնել մեզ իր ձայներով, բայց իշխանություններն ունեն կեղծիքների մեքենա, ինչի հնարավորություններն անսահման են: Այդ է պատճառը, որ մինչեւ նախընտրական փուլի ավարտը ուզում ենք բառացիորեն «պոկել» իշխանություններից մեր իսկ իրավունքները: Ի տարբերություն Ադրբեջանի «ազգային առաջնորդի», Է. Շեւարդնաձեն ոչ միայն ստեղծեց, այլեւ աճեցրեց ընդդիմությանը, ինչից հետո հանձնեց նրան իր իրավասությունները: Վստահ եմ, որ վրացիների պատմական վերաբերմունքը այս հիանալի դեմքի նկատմամբ կտարբերվի ադրբեջանցիների Ալիեւի նկատմամբ վերաբերմունքից, որը «ծիկավորվել» էր իր որդու վրա»: Հուսեյնը ձեւակերպեց այն պահանջները, որոնք առաջ են քաշում «Ազադլիգ» դաշինքի առաջնորդները եւ վանկարկվում ամեն ցույցի ժամանակ. «Ապահովել ընտրությունների ժողովրդավարությունն ու դադարեցնել դրանք կեղծելու փորձերը, վերանայել ընտրական հանձնաժողովների կազմը, լուծել ընտրողների մատները ընտրությունների ժամանակ հատուկ թանաքով ներկելու հարցը, վերացնել ցույցեր կազմակերպելու սահմանափակումները եւ թույլ տալ ընդդիմությանը դրանք անցկացնել իր նախընտրած վայրերում, ստեղծել թեկնածուների, այդ թվում նաեւ քաղաքական էմիգրանտների (նկատի ունի Մոսկվայում գտնվող Այազ Մութալիբովին եւ ԱՄՆ-ում ապաստան ստացած Ռասուլ Գուլիեւին- Լ. Բ.) համար, քարոզարշավի հավասար պայմաններ, դադարեցնել տեղական գործադիր մարմինների եւ ոստիկանության՝ ընտրական գործընթացներին միջամտությունները»: Իշխանությունը Իշխանություններին հարող ճամբարի նախընտրական պատկերը Փանահ Հուսեյնը բնութագրում է հետեւյալ կերպ. «Քաղաքական իշխանությունների համար դեռեւս Հեյդար Ալիեւի դարաշրջանն է: Նրա ներկայացուցիչները ոչ մի թիզ առաջ չեն գնացել իրենց աշխարհընկալմամբ: Ինձ երբեմն թվում է, որ «քաղաքական գործիչների» այս դասի համար Երկիրը տափակ է, եւ Արեգակը պտտվում է նրա շուրջը: Նրանք օգտագործում են թանկարժեք եթերային ժամանակը Էլչիբեյի ժամանակաշրջանի գործիչներին վարկաբեկելու եւ Հեյդար Ալիեւին գովերգելու համար: Դե, մահացել է մարդը, հանգիստ թողեք նրան: Իսկ նրանք, չէ, անպայման պետք է գովերգեն, իսկ հետո նվիրված հայացք գցեն տեսախցիկին: Միգուցե որեւէ մեկն իրենց կտեսնի եւ կառանձնացնի՞ մյուսներից: Հասարակական-քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ լուծված չէ կարեւորագույն խնդիրներից եւ ոչ մեկը, բացի նավթի արտահանումից, այն էլ այնպիսի պայմաններով, որոնք հայտնի չեն լայն հասարակությանը: Իշխանական ճգնաժամն ու իշխանությունների ու բնակչության միջեւ վստահության բացակայությունն ակնհայտ է»: Ոչ նարնջագույն ընդդիմությունը Փանահ Հուսեյնի խոսքերով՝ «Ազադլիգ» դաշինքում միավորվել են ներկայումս Ադրբեջանի ողնաշարը կազմող ուժերը»: Իմիջիայլոց, 2003 թ. հոկտեմբերի 16-ի բախումներից հետո ձերբակալված գործիչները, այդ թվում նաեւ մեր զրուցակիցը, հենց այս երեք կուսակցությունների անդամներն էին կամ դրանց սատարող ու հարող ուժերը: Նրանց մեծ մասը բանտերում մնաց մինչեւ 2005 թվականի մարտը, երբ որպես բարի կամքի դրսեւորում՝ Իլհամ Ալիեւը ստորագրեց «հոկտեմբերիկներին» (ադրբեջանական մամուլում հոկտեմբերյան իրադարձությունների պատճառով ձերբակալված գործիչների մասին տարածված բնութագրություն – Լ.Բ.) ազատ արձակելու մասին հրամանագիրը: «Այս ամենը, իհարկե, իմիտացիա էր, հաճելի բաների ջենթլմենական մի հավաքածու, որ Ալիեւը ներկայացրեց անդրօվկիանոսային իր հովանավորներին»: «Ընդդիմություն հասկացությունը բավական լայն բովանդակություն ունի: Այստեղ կա գաղափարական ամբողջ սպեկտրը՝ ծայրահեղ ձախերից մինչեւ ծայրահեղ աջերը: Իշխանությունների դեպքում ամեն ինչ պարզ է՝ այստեղ են նրանք, ում համար Հեյդար Ալիեւի գովերգումը կյանքի իմաստներից մեկն է»: Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիրներին, ապա, Հուսեյնի բնութագրմամբ, թեեւ լավ կլիներ, որ նրանց պայքարում էլ գերակշռեր նարնջագույնը, բայց բոլորը միասին կազմում են հակաալիեւյան լայն ճակատը: «Որքան շատ լինեն ընդդիմությունից թեկնածուները, այնքան քիչ «մուրթուզականություն» (նկատի ունի ներկայիս խոսնակ, իշխանական «Ենի Ազերբայջան» կուսակցությունը ներկայացնող Մուրթուզ Ալեսքերովին- Լ.Բ.) կլինի խորհրդարանում»: Քաղաքական այցեքարտը. Ինքը՝ Փանահ Հուսեյնը Ադրբեջանի քաղաքական երկարակյացներից մեկն է, ակտիվ քաղաքականության մեջ է Ադրբեջանի Ազգային ճակատի ստեղծման պահից ի վեր, Էլչիբեյի ժամանակ զբաղեցրել է սկզբում պետքարտուղարի, ապա վարչապետի պաշտոնները, այնուհետեւ Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո գործել է նրան անհաշտ ընդդիմություն կազմող գործիչների բանակում: Մի քանի անգամ ձերբակալվել է, ենթարկվել տարբեր ժամկետներով կալանքի: Չնայած այս ամենին, մեր այն հարցին՝ չի՞ կարծում, որ անընդհատ անհաջողությունների մատնվող գործիչներից ընտրողները հոգնում են եւ հավանաբար պատնեշը ճեղքելու համար նոր եւ երիտասարդ դեմքեր են պետք, պատասխանեց. «Պատմության գիրկն են անցնում ոչ միայն անցյալի սխալներով ծանրաբեռնված գործիչները, այլեւ հաջողակ, խարիզմատիկ դեմքերը: Կադրերի հերթափոխ տեղի է ունենում ամենուրեք եւ միշտ: Բայց անձամբ ես դեռ պատրաստ չեմ վերաորակավորվելու եւ զեղչվելու»: ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am