Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՊԱՐԱՆ.

Հոկտեմբեր 15,2005 00:00

ԱՊԱՐԱՆ. ՋՆՋԵԼ, ՆՈՐԻՑ ՍԿՍԵԼ Երեկ Արագածոտնի մարզի Ապարանի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի մասին դիմումներ են ներկայացրել Ապարան քաղաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրված բոլոր երեք թեկնածուները՝ գործող քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը, «Ամքոր» կազմակերպության կառավարիչ Գոռ Աբրահամյանն ու Իվան Բարսեղյանը: Համաձայն ՀՀ «Ընտրական օրենսգրքի», Ապարանում հոկտեմբերի 23-ին սպասվելիք քաղաքապետի ընտրությունները կհամարվեն չկայացած, իսկ նոր ընտրությունները, մարզպետի համապատասխան որոշմամբ, կկայանան 30 օր անց՝ նոյեմբերի 22-ին: Ըստ մեր աղբյուրների, մրցակից թեկնածուների համատեղ այս ակցիայի առիթ դարձել էր նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ հրավիրված «ապարանյան սխոդկան», որին մասնակցել էին Ապարանի գործող քաղաքապետը, նրա թեկնածությունը սատարող ՀՀ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանն ու նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը (Ռ. Պետրոսյանին պաշտպանում է նաեւ Ապարանի ԵԿՄ կառույցը), նաեւ քաղաքապետի թեկնածու Գոռ Աբրահամյանի շտաբի պետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ նաեւ ՀՀ ոստիկանության Արագածոտնի տարածաշրջանային վարչության պետ Գոռ Ալեքսանյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազը եւ գործող քաղաքապետին, եւ Մ. Մալխասյանին դեմ է տվել նրանց դեմ կուտակած «կոմպրոմատներն» ու «հորդորել» քաղաքապետին հանել իր թեկնածությունը: Ռ. Պետրոսյանի վերընտրության դեմ հանդես եկողների հիմնական փաստարկն այն է, որ նա անկանխատեսելի եւ բավարար չափով վստահելի չէ եւ վճռորոշ պահերին կարող է ինքնուրույն քայլեր անել ու որոշումներ ընդունել: Նրան մինչ այս էլ տարբեր մեթոդներով փորձել էին ստիպել հանել իր թեկնածությունը եւ անգամ չառաջադրվել, բայց նախորդ փորձերն անհաջողության էին մատնվել: Մեզ հասած տեղեկություններով, Ռ. Պետրոսյանն, ի վերջո, համաձայնել էր հանել իր թեկնածությունը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել