Զինված եւ անհավասարակշիռ Վտանգավոր է, երբ «պսիխոպատ» քաղաքապետը զենք է կրում Վերջին շրջանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունն ամենատարբեր առիթներով եւ դեպքերի առնչությամբ է հայտնվում մամուլի էջերում: Վերջին անգամ մամուլը նրան հիշեց Գյումրիում տեղի ունեցած մի միջադեպի առիթով, երբ քաղաքապետն իրեն ամրակցված զենքով կրակել էր Գյումրիի մարդաշատ վայրում, մասնավորապես՝ իր եղբորը պատկանող «Օազիս» սրճարանում՝ իբր, հարբած զինվորականներին կարգի հրավիրելու համար: Օրերս էլ հայտնի դարձավ, որ նա որոշել է «զրպարտության» մեղադրանքով դատի տալ «168 ժամ» շաբաթաթերթի լրագրող Արման Գալոյանին, այն բանի համար, որ նա թերթում եղած իր հրապարակումներից մեկում, անդրադառնալով Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին, նշել էր, թե «վերջերս Գյումրիում տեղի ունեցած որոշ արտակարգ միջադեպերը, սպանություններն ու կրակահերթերը, որոնք, ի դեպ, վերագրում են քաղաքապետին ու նրա ընտանիքի անդամներին, լցրել են համբերության բաժակը»: Նկատի ունենալով հայ իրականությունը՝ միանգամայն բնական կարելի է համարել, որ Վ. Ղուկասյանի դիմումը դատախազությունը հարգել էր, բայց մյուս կողմից՝ առնվազն տարօրինակ է, երբ իրավապահ համակարգը աչք է փակում ու հանդուրժում է, որ փաստաթղթով «պսիխոպատը» ընդհանրապես զենք կրի, ավելին՝ չի էլ շտապում պատասխանատվության կանչել նրան զենք տվողին ու ետ ստանալ զենքը: Որ Վ. Ղուկասյանը «պսիխոպատիա» հիվանդությամբ է տառապում՝ անկասկած հայրենի իրավապահները լավ գիտեն, անկախ անգամ այն բանից, որ դրա մասին դեռ վաղուց գրել էին «ՀԺ»-ի մեր գործընկերները: Օրերս մեր ձեռքի տակ հայտնվեց նաեւ 1996թ.-ին Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ առաջադրված թեկնածու Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Գյումրի քաղաքի ռազմական ոստիկանության պետի հարցման արդյունքում Գյումրիի զինվորական կոմիսարիատի փոխգնդապետ պարոն Մաթեւոսյանի ստորագրությամբ ստացված փաստաթուղթը: Ըստ այդմ, փոխգնդապետը հայտնել էր. «Զինապարտ Վարդան Կոլյայի Ղուկասյանը՝ 1961թ. ծնված, ծառայել է Զինված ուժերում 1980թ. հոկտեմբերի 26-ից՝ թիվ 43065 զինվորական մասում, մինչեւ 1981թ. փետրվարի 6-ը: Զորացրվել է հիվանդության՝ «պսիխոպատիա» ախտորոշմամբ»: Այս գրության համար հիմք էր դարձել Վ. Ղուկասյանի հաշվառման թերթիկը: Իհարկե, չնայած ստացված պատասխանին՝ Վ. Ղուկասյանն այն ժամանակ դարձել էր քաղաքապետ: Հիմա էլ ինչ-որ տեղ հասկանալի է, թե ինչու են հայրենի իրավապահներն այդքան ներողամիտ նրա հանդեպ՝ անգամ վերջերս նրա կողմից զենքի անպատեհ գործածության դեպքից հետո. որովհետեւ նա ոչ միայն Գյումրիի քաղաքապետն է, այլեւ ՀՀ իշխանությունների հովանավորյալը: Բնական է, որ այս դեպքում նա միանգամայն հանգիստ կարող է, օրինակ, սեպտեմբերի 24-ին Գյումրիի օրվա կապակցությամբ քաղաքում կազմակերպված տոնակատարության ժամանակ «ՏՏ» տիպի ատրճանակը կողքից կախած պար գալ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Կարծում ենք՝ օրինաչափ կարող է լինել, եթե մի գեղեցիկ օր էլ Գյումրիի քաղաքապետը օրը ցերեկով քաղաքի կենտրոնում մարդ սպանի եւ, ի տարբերություն Նոր Հաճնի իր գործընկեր Արմեն Քեշիշյանի, որպես անմեղսունակ նույնիսկ չդատապարտվի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ