Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՅՈ» ԿԱՄ «ՈՉ» ՔԱՐՈԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ

Հոկտեմբեր 15,2005 00:00

«ԱՅՈ» ԿԱՄ «ՈՉ» ՔԱՐՈԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ Այս կարծիքին է Շավարշ Քոչարյանը Ստրասբուրգից վերադառնալով՝ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ8211ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ այնտեղ իրեն ասել են, թե սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացումը խիստ կարեւորում են: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նույն բաները ասվել է նաեւ պատվիրակության մյուս անդամներին, մասնավորապես՝ Շավարշ Քոչարյանին: Վերջինս չթաքցրեց, որ եթե Տիգրան Թորոսյանը Վան Դեր Լինդենի հետ հանդիպել է երեք երկրների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, պատգամավորական խմբերի ղեկավարների հետ, ինքը հանդիպել է առանձին. «Ես Վան Դեր Լինդենի հետ հանդիպել եմ, ի տարբերություն Տիգրան Թորոսյանի, առանձին, եւ նա մեր հանդիպման ժամանակ ասաց, որ գտնում է, թե սահմանադրական որոշ փոփոխություններ մի քայլ առաջ են, սակայն իրենք չեն ցանկանում, որ հանրաքվեն անցնի կեղծիքներով: Նրանք այս խնդիրը շատ ավելի են կարեւորում: Մի կարեւոր դրվագի մասին ասեմ. այդ հանդիպման ժամանակ Վան Դեր Լինդենը հարց է տվել՝ ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ այս փոփոխություններին: Տիգրան Թորոսյանը պատասխանել է՝ որովհետեւ ընդդիմությունը ունի միայն մեկ նպատակ, ընդդիմությանը չի հետաքրքրում Սահմանադրությունը, երկրի ապագան, իրենց հետաքրքրում է միայն իշխանությունը: Երբ որ արդեն մեր հանդիպման ժամանակ այդ մասին խոսք գնաց՝ ես Վան Դեր Լինդենին ասացի, որ չեմ ցանկանում նույն մակարդակի իջնել, որովհետեւ, եթե այդ մակարդակով պատասխանեմ, պետք է հետեւյալն ասեմ՝ Հայաստանի իշխանությանը չի հետաքրքրում երկրի ապագան, չի հետաքրքրում Սահմանադրությունը, իրենց հետաքրքրում է ամեն գնով իշխանության պահպանումը: Տվյալ պարագայում իշխանությունները գնացել են մասնակի փոփոխությունների, որովհետեւ դա ընկալում են որպես իրենց իշխանության պահպանման որոշակի երաշխիք»: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը չի մասնակցելու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին եւ ընտրողներին չի համոզելու ոչ «ոչ» ասել, ոչ էլ՝ «այո»: Սակայն, իր ասելով, ինքը միշտ պատրաստ է ներկայացնել իր կարծիքը նախագծի մասին. «Ես պատրաստ եմ ներկայացել նախագծի թերի եւ դրական կողմերը, հենց այս ամբողջական ընկալումն է հնարավորություն տալիս ընկալել մեր կուսակցության դիրքորոշումը, թե ինչու մենք բավարար հիմքեր չենք տեսնում «այո»-ն քարոզելու համար եւ ինչու «ոչ» քարոզելը համարում ենք սխալ»: Ի վերջո, Շավարշ Քոչարյանը միայնակ գայլ չէ, ներկայացնում է ընդդիմության մի մասնիկը, ինչպե՞ս է նա գնահատում ընդդիմության «ոչ»-ի քարոզչությունը, չի՞ ստացվում, որ ԱԺԿ նախագահը հայտնվում է երկակի դրության մեջ: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ եւ «ոչ»-ը, եւ բոյկոտը զուտ մարտավարական խնդիրներ են լուծում. «Բոյկոտելը, թե ակտիվորեն գնալ եւ «ոչ» ասելը տեղավորվում են ընդհանուր ռազմավարության մեջ: Ես չեմ ստորագրել խմբակցության հայտարարությունը, որովհետեւ, անկախ նրանից, որ ուղղությունն է ընդունվում, երկուսն էլ չեն տեղավորվում մեր գծի մեջ»: Իսկ ի՞նչ կլինի նոյեմբերի 27-ին կամ դրանից հետո, արդյոք դա կդառնա՞ լուրջ զարգացումների սկիզբ: Ըստ Շավարշ Քոչարյանի. «Կար երեք սցենար. ամենացանկալին այն էր, որ սահմանադրական փոփոխությունները լինեին ամբողջական, լիներ փոխհամաձայնություն՝ ընդդիմադիր դաշտի եւ իշխանության միջեւ, համաձայնություն լիներ հասարակության եւ քաղաքական դաշտի միջեւ, այս ամենը լիներ հրապարակային, հասարակությունը տեղյակ լիներ ընթացող գործընթացներին: Եթե լիներ այդպիսի մոտեցում, նախ բարեփոխումների փաթեթը կիսատ-պռատ չէր մնա, կլիներ ամբողջական, եւ այդ պարագայում հնարավոր կլիներ խոսել այն մասին, որ ընտրողների 1/3-ը կողմ կքվեարկեր: Զուգահեռ պետք է կատարվեին նաեւ ընտրական ինստիտուտի հանդեպ ժողովրդի վստահությունը վերականգնող քայլեր. դա ե՛ւ նախորդ ընտրություններում կեղծիքներ կատարածներին պատժելը կլիներ, ե՛ւ լրատվական դաշտի բացումը, ընտրացուցակների մաքրումը եւ այլն: Այս հնարավորությունը բաց է թողնվել, եւ հիմա ես չեմ կարծում, որ որեւէ ողջամիտ մարդ կարող է պնդել, թե ընտրողների 1/3-ը կգնա եւ կողմ կքվեարկի այդ Սահմանադրությանը: Դա բացառվում է, եւ բացառվում է երկու կարեւոր պատճառով: Առաջինը՝ ո՞վ է քարոզիչը. քարոզիչը իշխանությունն է, իսկ նրան չեն հավատում, մեղմ ասած՝ չեն սիրում, երկրորդը՝ չեն հավատում բուն ընտրական ինստիտուտին: Եվ սա ավելի ամրապնդվեց վերջին ՏԻՄ ընտրությունների ընթացքում»: Մնում են հաջորդ երկու սցենարները՝ հանրաքվեի տապալում եւ կեղծիքներով անցկացում: Ընտրելու է իշխանությունը: Շավարշ Քոչարյանը շատ ավելի վտանգավոր է համարում կեղծիքներով անցկացումը: Իսկ հանրաքվեի տապալման դեպքում կլինի եվրոպական կառույցների ճնշումը. «Այսինքն՝ այն, ինչ չկատարվեց նախորդ փուլում՝ հիմա է իրականացվելու: Դա նշանակում է՝ շտկել թերությունները եւ արդեն կոնսոլիդացված գնալ հանրաքվեի եւ այդ ընթացքում, արդեն ժողովրդի վստահությունը շահելու համար, կատարել մի քանի քայլեր, այն է՝ բացել «Ա1+»-ը, պատժել ընտրակեղծիքներ կատարածներին, մաքրել ցուցակները: Ոմանք առարկում են, որ հաջորդ հանրաքվեն կարելի է կատարել մեկ տարուց հետո, բայց դա սահմանադրական դրույթ չէ, դա օրենքի դրույթ է, որը միշտ էլ կարելի է փոխել»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել