Երեկ Ժուռնալիստի տանը տեղի ունեցավ ամենամյա «Ազդարար-2005» մրցանակաբաշխությունը
Արդեն 2-րդ տարին է, որ հոկտեմբերի 14-ը նշվում է որպես Հայ մամուլի տոն: 1794-ին, այդ օրը լույս է տեսել առաջին հայ պարբերականը՝ «Ազդարարը»:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը իր բացման խոսքում շեշտեց, որ մրցանակները՝ ըստ սահմանված կարգի, շնորհվել են բացառապես Ժուռնալիստների միության անդամներին, եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք, հիշեցրեց, որ ժողովուրդը կարիք ունի ճիշտ տեղեկատվության եւ նյութի անաչառ մեկնաբանության: Նա ներկայացրեց մրցանակաբաշխության ժյուրիին՝ «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիրներ Գրիգոր Ջանիկյանի նախագահությամբ. Արմեն Մանուկյան, Ռաֆիկ Հովհաննիսյան, Մարգո Ղուկասյան, Ծովակ Խաչատրյան:
Ժյուրիի որոշմամբ՝ «Ազդարար-2005»-ը շնորհվել է հետեւյալ անվանակարգերում. «Պարբերական մամուլ»՝ Ջուլիետ Մարտիրոսյան («Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր), «Մարզային, քաղաքային մամուլ»՝ Ֆահրադ Ափուջանյան (Սպիտակի «Լուսաստղ» թերթի գլխավոր խմբագիր), «Հեռուստատեսություն»՝ Մանուկ Մուրադյան (Հանրային հեռուստատեսության «Կարոտ» ստեղծագործական խմբի ղեկավար), «Ռադիո»՝ Գոհար Մարտիկյան (Հանրային ռադիոյի խմբագիր, «Ապրելու բանաձեւ» հաղորդաշարի հեղինակ), «Ֆոտոլրագրություն»՝ Հակոբ Բերբերյան («Գոլոս Արմենիի» թերթի ֆոտոլրագրող), Արցախի հերոսամարտի լուսանկարչական վավերագրություն ստեղծելու համար: Վերջինս գտնվում էր արտասահմանյան գործուղման մեջ եւ մրցանակը ստացավ թերթի փոխխմբագիրը:
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանձնաժողովի եւ իր կողմից շնորհավորեց Հայ մամուլի տոնը, նշելով, որ այն վերելքների եւ վայրէջքների ժամանակաշրջան է ապրել, բայց այսօր բոլոր պայմանները կան՝ մամուլի ազատ հրապարակումների համար, օրենսդրորեն ստեղծված են ազատ, անկախ, անկաշկանդ գործելու բոլոր հնարավորությունները: Նա լրագրողներին մաղթեց հզոր գրիչ, պարգեւներ ու հաղթանակներ:
Մեր այն դիտարկմանը, թե ինքը համաձա՞յն է, որ արժանավորներն են ստացել մրցանակներ, մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը պարզաբանեց. «Ուրիշ դեպքում կարող էր մոտեցումը այլ լինել: Համաձայն եմ, որ հնարավոր է դրսում առավել հետաքրքիր ժուռնալիստներ լինեն, սակայն միության մեջ այս ընտրությունը ինձ բավարարեց»:
Հանդիսությանը ներկա Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը շնորհավորելով մամուլի աշխատողներին՝ ասաց. «Էս կինը հսկայական գործ է անում (նկատի ունենալով Աստղիկ Գեւորգյանին- Ռ. Ա.), որն այնքան էլ հեշտ չէ մեր ժամանակներում: Ողջունում եմ մրցանակաբաշխությունը եւ գտնում, որ մրցանակակիրներն արժանի են իրենց պարգեւներին»:
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ