Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐԸ՝ ՄԵԿԻ, ՄԵԿԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 15,2005 00:00

Հրացանակիրների
այս կարգախոսը, պարզվում է, հայ կասկադյորների նշանաբանն է «Առավոտը» հյուրընկալել
էր Հայաստանի կասկադյորների ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանին, որը միջազգային
նույնանուն ասոցիացիայի եւ ակադեմիայի ներկայացուցիչն է Կովկասում: Զրույցի
սկզբում մանրամասնելով իրենց կարգախոսը, նա հայտնեց հետեւյալը. «Կասկադյորը պարտադիր
պետք է ունենա որոշակի գիտելիքներ անատոմիայից: Մնացած բոլոր աշխատանքները ապահովում
են կոնկրետ մասնագետներ: Օրինակ՝ այս կամ այն հնարքի տեխնիկական մասի հետ կապված՝
օգնում են այդ ոլորտի գիտակները. հոգեբանը կասկադյորին պատրաստում է կայանալիք հնարքն
իրագործելուն, իր խորհուրդներով օգնում է բժիշկը, իսկ գիտնականը, հաշվարկելով հնարքը,
վնասվածքների ու ռիսկի գործոնը հասցնում է նվազագույնի: Թվարկածս բոլոր մասնագետները,
փաստորեն, աշխատում են մեկի՝ կասկադյորի համար: Իսկ վերջինս իր հնարքով ապահովում
է նրանց աշխատանքը: Ստացվում է՝ բոլորը՝ մեկի, մեկը բոլորի համար»: Խնդրեցինք
ներկայացնել իր ասոցիացիան: Ա. Պետրոսյանը տեղեկացրեց, որ հայ կասկադյորները իրենց
գործունեությունը այդ ոլորտում սկսել են 1998թ., իսկ որպես ասոցիացիա՝ գրանցվել 2002թ.:
Ասոցիացիայի նախագահի խոսքերով՝ այն չի ստեղծվել «վաշխառուական» նպատակով, այլ հայկական
կինոյին աջակցելու ու օգնելու ցանկությամբ: Ասոցիացիայի կազմում 40 հոգի են՝ կասկադյորներից
մինչեւ «իրենց սպասարկողները»: Իսկ մշտապես հայ կասկադյորների կողքին են ասոցիացիայի
սպորտային ճյուղերի ղեկավարները, որոնք, ըստ մեր զրուցակցի, կազմում են ասոցիացիայի
կմախքը: Նրանք են ԽՍՀՄ եւ Հայաստանի ավտոսպորտի բազմակի չեմպիոն Հենրիկ Աբրահամյանը,
ավտոմոբիլային եւ մոտոկրոս սպորտի Հայաստանի բազմակի հաղթող Անդրանիկ Հարությունյանը,
Պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի նախագահ Թեւոս Իլիկչյանը, Լեռնագնացների ազգային
ֆեդերացիայի նախագահ Հայկ Տոնոյանը (այն միակ հայը, որը երկու անգամ հասել է Արարատի
գագաթ) եւ այլք: Զրույցից պարզեցինք, որ հայ կասկադյորները, մասնավորապես
մեր զրուցակիցը, ոչ միայն նկարահանվում են հայրենական ֆիլմերում, այլեւ պահանջարկ
ունեն արտերկրի կինոշուկայում: Ա. Պետրոսյանը առաջին անգամ որպես կասկադյոր նկարահանվել
է Տ. Խզմալյանի «Օդից թեթեւ» ֆիլմում՝ փոխարինելով դերասան Վլադիմիր Մսրյանին: 2004թ.
Սոչիում կասկադյորը նկարահանվել է ռեժիսորներ Սերգեյ Նիկոնենկոյի եւ Գրիգորի Գյարդուշյանի
«Առողջարանային սիրավեպ» ռուսական սերիալում, այնուհետեւ «Սրիկաներ» ֆիլմում՝ նույնպես
Ռուսաստանի արտադրության (ռեժիսոր՝ Ալ. Աթանեսյան): Վերջերս Ա. Պետրոսյանը ավարտել
է իր աշխատանքը Ռոբերտ Գեդիկյանի «Արմենիա» ֆիլմում՝ կատարելով ավտոմեքենայի վարման
հետ կապված հնարքներ: Իսկ 2003-ին հայ կասկադյորը հրավեր էր ստացել ու նկարահանվել
ամերիկացի հայտնի ռեժիսոր Գրեգ Միչչելի «Իմ տունը» ֆիլմում: Մեր հյուրից տեղեկացանք
նաեւ, որ հայ կասկադյորները համագործակցում են ռուսների հետ, իսկ հրավերները Եվրոպայից
ու Ամերիկայից՝ ստանում են «չերեզ Ռուսաստան»: «Ես Հայաստանի կինեմատոգրաֆիստների
միության ակտիվի անդամ եմ, իսկ միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը աննկարագրելի
դուխ է տալիս մեզ»,- նշեց Ա. Պետրոսյանը: Մինչ այդ եղած մեր հարցապնդումներին՝ ֆինանսականի
հետ կապված, կասկադյորը հավելեց, որ իրենց ասոցիացիային աջակցում են Հայաստանի բարձրաստիճան
այրեր եւ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Ընդհանրապես, մենք վարձատրվում ենք ըստ
դուբլերի: Թաքցնելու ոչինչ չունեմ՝ եթե ամենաթեթեւ հնարքը վճարվում է $150-ի չափով,
ըստ դրանց բարդության, թիվը կարող է հասնել անսահմանության»,- ժպիտով նշեց մեր զրուցակիցը:
«Կյանքի համար վտանգավոր ձեր մասնագիտությունը ի՞նչ կազմակերպություն է ապահովագրում»
հարցին, Ա. Պետրոսյանը պատասխանեց. «Առայժմ այդ աշխատանքներն իրականացնում է Ռուսաստանի
պետական ապահովագրական կազմակերպությունը: Թեեւ ճիշտ կլիներ, որ մեր կյանքն ապահովագրվեր
Հայաստանում»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել