Այս
ձմեռ Ծաղկաձորի ճոպանուղին լեռնադահուկային սպորտի սիրահարներին կներկայանա արդեն
ամբողջական տեսքով: Համենայնդեպս, այդպես վստահեցնում են շինարարները: Ճոպանուղին
հասնում է մինչեւ Թեղենիս լեռան գագաթը եւ նախատեսված է գլխավորապես դահուկային սպորտի
վարպետների համար: Քաղաքաշինության պետական տեսչության պետի տեղակալ Մարտին Քյուրքչյանը,
ում հանձնարարված է վերահսկել շինարարության ընթացքը, բավարարված է որակից: Նրա հավաստմամբ
կատարված աշխատանքից գոհ են նաեւ ճոպանուղիների շինարարության ասպարեզում աշխարհում
առաջատարներից համարվող «Լայթներ» ֆիրմայի մասնագետները: –
Երրորդ հերթի տեխնիկական տվյալներն ինպիսի՞ն են: – Երկարությունը՝ 1650 մետր,
աթոռների քանակը՝ 92, թողունակությունը՝ ժամում 600 մարդ, արագությունը կարգավորվող
է: Գլխավոր փորձարկումը նախատեսված է այս օրերին, իսկ բացումը կկատարվի, հավանաբար,
մինչեւ ամսվա վերջ: – Ճոպանուղին ամբողջությամբ ի՞նչ հզորություն է ունենալու:
– Ընդհանուր երկարությունը կլինի մոտավորապես 4500 մետր, թողունակությունը՝
ժամում 2600 մարդ: – Դահուկուղիների մասի՞ն ինչ կասեք: – Լինելու են
վայրէջքի՝ ցանկապատով միմյանցից բաժանված դահուկային, սահնակային եւ ձնագնացների
ուղիներ: Հատկապես դահուկուղին, որ արդեն այս ձմռանը բաց կլինի Թեղենիսի գագաթից
մինչեւ լեռան ստորոտ, համապատասխանում է միջազգայնորեն պահանջվող բոլոր նորմերին:
– Ձմռանը մարդկանց մեծ հոսք կլինի Ծաղկաձոր: Սպասարկման հարցերը լուծվա՞ծ
են: – Առաջին եւ երկրորդ հերթերի շրջակայքում, որտեղ սովորաբար մարդկանց ամենամեծ
կուտակումներն են լինում, սպասարկման օբյեկտների կառուցումը նույնպես ավարտվում է:
Կարծում եմ՝ դրանք էլ ճոպանուղու ընդհանուր շահագործման օրը իրենց դռները կբացեն
ժողովրդի առջեւ: – Գները սովորական այցելուի համար մատչելի կլինե՞ն: –
Ես այդ հարցերով չեմ զբաղվում: – Շինարարության ընթացքում ծառահատումներ են
եղել: Այդ մասին շատ է ասվել ու գրվել: – Աշխատանքներն անհնար էր իրականացնել
առանց մեծ տեխնիկայի: Անհրաժեշտ էր ճանապարհներ բացել: Բայց արվել է ամեն բան հատումները
նվազագույնի հասցնելու համար՝ աշխատել ենք կտրել միայն չորացած ծառերը: Դա էլ կփոխհատուցվի
ճոպանուղու ամբողջ երկայնքով մեծ ծառատունկ կազմակերպելով, որի նպատակով ձեռք են
բերվել հազարավոր եղեւնիներ: Ա. Հ.