Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի ամենաերիտասարդ ծրագրավորողը

Հոկտեմբեր 15,2005 00:00

Լեհաստանում
օգոստոսի 18-25-ը տեղի ունեցած Ինֆորմատիկայի հերթական օլիմպիադայում երեւանցի 16-ամյա
Վահե Մուսոյանը շահել է ոսկե մեդալ: 2004 թվականի Համահայկական ծրագրավորման
մրցույթում Վահե Մուսոյանն ամենաերիտասարդ մասնակիցն էր՝ 15 տարեկան: Այս մրցույթի
անհատական փուլում նա գրավեց 5-րդ տեղը, իսկ թիմային փուլում՝ 2-րդը: Ընդ որում՝
մրցույթի խնդիրների ստուգման եւ գնահատման ծրագիրը նա էր մշակել: Ծրագրավորման բաց
մրցույթի այս տարվա 200 մասնակիցների մեջ Վահեն անհատական եւ թիմային ձեւերում գրավել
է առաջին տեղերը: 14 տարեկանից Վահեն մասնակցում է ինֆորմատիկա եւ մաթեմատիկա
առարկաների օլիմպիադաների եւ ծրագրավորման մրցույթների: Այս տարի էլ Մեքսիկայում
Մաթեմատիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայից վերադառնալու հենց հաջորդ օրը նա մասնակցեց
Հայաստանի Ծրագրավորման բաց մրցույթին: Առաջին անգամ Վահեն օլիմպիադային մասնակցել
է 2003 թվականին. ԱՄՆ-ում տեղի ունեցած Ինֆորմատիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում
ստացել է վկայական եւ արժանացել բրոնզե մեդալի: Նույն թվականին Ճապոնիայում անցկացված
Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադիայից հետո, ինչպես ինքն է նշում, «հասկացա, որ
մաթմատիկա պետք է ավելի շատ պարապեմ»: 2004-ին Հունաստանում կայացած Ինֆորմատիկայի
16-րդ միջազգային օլիմպիադան ավելացրեց Վահեի բրոնզե մեդալների շարքը: Վահեն
ծնվել է 1989 թվականին, Մեծամորում: Հետո ընտանիքով տեղափոխվել են Երեւան: Ծնողները
մասնագիտությամբ ծրագրավորողներ են: Քույրը սովորում է ԱՄՆ-ում՝ ծրագրավորման բնագավառում,
իսկ եղբայրը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ապրում եւ աշխատում է Ֆրանսիայում: «Տան
խոսակցության թեմաները հաճախ էին առնչվում համակարգչին, նոր տեխնոլոգիաներին, այդ
պատճառով դեռ փոքր տարիքից հնարավորություն եմ ունեցել օգտվել համակարգչից,- ասում
է Վահեն:- «Քվանտ» վարժարանում ծրագրավորման դասընթացներին մասնակցելուց հետո հասկացա,
որ ծրագրավորման ոլորտն ինձ շատ է հետաքրքրում»: «Քվանտում» Վահեն սովորել է 7-րդ
դասարանից: «Վարժարանում ուսանելն ինձ շատ օգնեց, որովհետեւ մինչ այդ՝ միջնակարգ
դպրոցում սովորելու ժամանակ ինֆորմատիկա առարկան ինձ այնքան էլ հասկանալի չէր»: Սեպտեմբերից
Վահեն ուսումը շարունակում է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի
եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում: Որպես միջազգային օլիմպիադաների մասնակից՝ նա առանց
քննությունների կարող էր ընդունվել ցանկացած պետական բուհ: Ուսման հետ կապված միակ
դժվարությունը Վահեի համար մասնագիտական գրքերի անմատչելիությունն է: «Մասնագիտական
գրքերից օգտվելը մի փոքր բարդ է, Հայաստանում այդպիսի գրքեր շատ քիչ կան: Ինտերնետով
պատվիրելու դեպքում էլ, երբ հերթը հասնում է առաքման վայրը նշելուն, համակարգը չի
ընդունում՝ ասելով, որ իրենց ծառայությունը չի իրականացվում Հայաստանի տարածքում»:
Վահեն երազում է ուսում ստանալուց հետո հետաքրքիր աշխատանք գտնել: «Որպես
աշխատավարձ՝ գումար դեռ չեմ վաստակել: Տարբեր մրցույթների մասնակցելով ու որոշակի
մրցանակային տեղեր գրավելով՝ ստացել եմ դրամական պարգեւներ: Բացի դրանից, Ինտերնետում
կան կայքեր, որտեղ առաջարկում են որոշակի գումարով ծրագրեր գրել կամ իրենց փոխարեն
կատարել հանձնարարություն, որեւէ աշխատանք: Այդպես մի անգամ 40 ԱՄՆ դոլար եմ աշխատել,
բայց բանկային հաշվից դեռ չեմ հանել: Սակայն չէի ցանկանա ժամանակ ծախսել այդպիսի
փոքր գործեր կատարելու վրա, դրա փոխարեն կլրացնեմ գիտելիքներս ավելի լուրջ աշխատանքով
զբաղվելու համար»,- ասում է Վահեն: Վահեն ազատ ժամանակ գրեթե չի ունենում:
Մանավանդ օլիմպիադաների շրջանում ստիպված է պարապել օրական 10 ժամ, հիմնականում ինքնուրույն՝
Ինտերնետում հատուկ կայքերում տեղադրված խնդիրները լուծելով: Մնացած ժամանակը անցկացնում
է ընկերների հետ: Նրանք բոլորը ֆիզիկայի եւ աստղագիտության օլիմպիադաների մասնակիցներ
են: Սիրած հեծանիվն արդեն վաղուց չի քշում՝ փոքրացել է: ԼԵՆԱ
ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել