Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 15,2005 00:00

Դա,
ըստ ԿԳ նախարար, լրագրող Սերգո Երիցյանի՝ լրագրությունն է Երեկ, Հայ մամուլի
օրվա կապակցությամբ, Սերգո Երիցյանը հանդիպեց հանրապետության պետական եւ ոչ պետական
բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների հետ: Ս. Երիցյանի կարծիքով՝
այսօր լրագրության մակարդակը բարձր եւ պատշաճ մակարդակի վրա չէ, վերջին տարիներին
ընկել է այս մասնագիտության վարկանիշը, ինչի ապացույցն էլ հենց այն է, որ այս տարիներին
ԵՊՀ լրագրության ֆակուլտետ են ընդունվում աննախադեպ ցածր միավորներով: Նախարարի տվյալներով՝
վերջին մեկ տարում հանրապետությունում պաշտպանվել է ընդամենը 1 թեկնածուական թեզ
եւ մեկ դոկտորական: «Իհարկե, ճիշտ է նախ թրծվել այդ ոլորտում, հետո գրել թեզ, բայց
խրվելով այդ հորձանուտում, մարդիկ մոռանում են հետագա ուսման մասին»: Իհարկե, գիտության
մեջ չխորանալու պատճառներից մեկն էլ, ըստ նախարարի, ասպիրանտական շատ ցածր կրթաթոշակն
է: «Պատրաստ եմ ղեկավարել թեկնածուական աշխատանքներ»,- առիթն օգտագործելով՝ առաջարկեց
նախարարը: Ներկայումս դասավանդող Ս. Երիցյանին լրագրության ուսուցման մեջ
հուզում է պրակտիկ պայմանների, գործնական աշխատանքների անբավարարությունը, լրագրողական
արվեստանոցների ստեղծման անհրաժեշտությունը՝ բոլոր բուհերում: Հանդիպման ժամանակ
Հյուսիսային համալսարանի ուսանողները բողոքում էին, որ հաճախ հեռուստաընկերություններում
իրենց վատ են վերաբերվում, չեն ընդգրկում աշխատանքներում, եւ իրենք չեն կարողանում
անհրաժեշտ պրակտիկա ձեռք բերել: Ասվածի առիթով անուններ չնշվեցին, սակայն իբրեւ լավ
օրինակ մեջբերվեց «Երկիր Մեդիան»: Ապագա լրագրողներին մտահոգում էր այն փաստը, որ
այսօր հատկապես հեռուստատեսությունը հեղեղված է ոչ մասնագետ լրագրողներով: Նախարարն
այս առնչությամբ ասաց, որ շատերը գնում են հեռուստատեսություն՝ էկրաններին երեւալու
համար. «Նրանք նման են թիթեռի, որ թռչում է դեպի պսպղացող կրակն ու այրում թեւերը»:
Ըստ Ս. Երիցյանի, դրանում մեղավոր է նաեւ մասնագետ պատրաստողը. «Եթե մեր դպրոցը բարձրակարգ
մասնագետներ պատրաստի՝ գործատուն էլ ընտրության հնարավորություն կունենա. ուրեմն
մենք էլ թերացում ունենք այստեղ: Որքան էլ զարմանալի է, այսօր լրագրության ֆակուլտետում
մրցույթ՝ որպես այդպիսին, չկա: Մենք՝ լրագրողներս պետք է բարձրացնենք լրագրության
վարկանիշը»: Ներկայիս լրագրողներից նախարարը մի դժգոհություն էլ ունի. «Տխրում
եմ, երբ նենգափոխվում է փաստը. ավելի լավ է՝ հարցնեն, պարզաբանում ստանան, նոր գրեն»:
Տարեվերջին ԿԳ նախարարությունը պատրաստվում է մրցանակներ հանձնել այն լրագրողներին,
ովքեր տարվա ընթացքում անդրադարձել են կրթական խնդիրներին, այս կամ այն չափով լուսաբանել
համակարգի գործունեությունը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել