Զինվորական համազգեստով մարդիկ չերեւացին
«Իմ միակ որդին զոհվել է 19 տարեկանում՝ պայքարելով արցախյան հողերի համար, այսօր ես պատրաստ եմ պայքարել եւ զոհվել իմ 400 քմ հողամասի համար, որը ինձ կերակրող այգի դարձնելու համար տարիներ շարունակ քրտինք եմ թափել»,- պատմում է Եսթեր Թովմասյանը: 1994 թ-ից, Շահումյանի գործկոմի հետ կնքված պայմանագրով, Վահան Զատիկյանի շնորհիվ, 27 (զոհված ազատամարտիկների, հաշմանդամների, պատերազմի մասնակիցների, բռնագաղթվածների եւ բազմազավակ) ընտանիք 10 տարի ժամկետով զբաղեցրել է Կուրղինյան եւ Սեբաստիա փողոցների հատվածում գտնվող 1.7 հա տարածքը: 10 տարին չլրացած՝ տարածքը Երեւանի քաղաքապետարանի կողմից վաճառվել է մի քանի մեծահարուստների, որոնք ամեն կերպ փորձում են վտարել նախկին հողատերերին: «Մեզ նույնիսկ հարկ չէին համարել տեղեկացնել, որ վաճառել են մեր հողերը»,- նշեց տիկին Ռիման: Բնակիչները մեզ հետ զրուցելիս վախենում էին նշել իրենց անունները, քանի որ մեծահարուստ գնորդներն ամեն վայրկյան սպառնում են հաշվեհարդար տեսնել հակառակվողների հետ:
Իսկ ասվածն արդեն մի քանի անգամ ապացուցվել էր: Բնակիչներից մի քանիսին արդեն ծեծել են, հայհոյում են հողամաս մտնողներին, արմատախիլ են անում բույսերն ու ծառերը: «Ամռանը տարվա առաջին բերքահավաքը պետք է անեինք, երբ գնացինք հողամաս ու տեսանք մարգերն ավերված են, արմատախիլ են արված բոլոր բույսերը: Բայց մենք ի՜նչ հույսով, ի՜նչ տանջանքով էինք աճեցրել դրանք: Մեզանից շատերի ընտանիքների համար այս հողամասը գրեթե միակ կերակրող աղբյուրն է: Օրինակ՝ Եսթեր տատիկը թոշակառու կին է, ոչ ոք չունի, բոլորս էլ գիտենք, որ այսօր թոշակով ապրել չի լինի, խեղճը գոնե բանջարեղենին փող չէր տալիս»,- պատմեց հողատերերից մեկը:
Զոհված ազատամարտիկի մայր Լեյլի Միրզոյանը պատմեց, որ հողերի համար պայքարը շարունակվում է արդեն 1 տարի 7 ամիս, սակայն՝ անօգուտ: «Ապրիլից, խնդրին արդար լուծում տալու նպատակով, դիմել ենք Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Գործի քննությունը իբրեւ թե հօգուտ մեզ անընդհատ հետաձգվում է: Դատավորն առաջարկում է հաշտության եզրեր գտնել քաղաքապետարանի հետ, բայց՝ ապարդյուն»,- ասաց հողատերերից մեկը: «Մեզ առաջարկում են թողնել մեր 10 տարի մշակած այգիներն ու նոր հողամաս կառուցել մոտակա ժայռի լանջին, որտեղ ջրի խնդիրը լուծված չէ, բացի այդ՝ փողոցից հեռու է, իսկ մեր մեջ կան նաեւ հաշմանդամներ, որոնք չեն կարող հենակներով անցնել քարքարոտ ճանապարհը»,- փաստեց մյուս հողատերը: «Մեր ամուսինները, տղաները գնացել՝ իրենց կյանքն են դրել ու թշնամուց մի ամբողջ երկիր են ազատագրել, որ հիմա մենք 400 քմ հողի համար կռիվ տանք մեր իսկ հայրենակիցների հետ, ամոթ չէ՞: Այս մասին երբ հիշեցնում ենք մեր հողամասերի գնորդներին, անմիջապես կատաղած ասում են՝ թող չգնային, չզոհվեին: Համ էլ մենք էլ ենք կռվել»:
Խնդրի լուծման համար նրանք տարբեր պաշտոնյաների դիմումներ են գրել՝ ՀՀ նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, քաղաքապետին, սակայն որեւէ հուսադրող պատասխան չեն ստացել: Ազատամարտիկների ընտանիքների վերջին հույսը ՀՀ պաշտպանության նախարարն էր: Վերջերս նրանք խնդիրը ներկայացրին գնդապետ Վարդան Ավետիսյանին: Նրա հրամանով կազմվեց հանձնախումբ, որը պետք է ծանոթանար հարցերին եւ փորձեր որեւէ լուծում գտնել: Եսթեր Թովմասյանը հույս ուներ, որ եթե հողամասերում երեւան զինվորական համազգեստով մարդիկ, ապա իրենց բազմիցս անհանգստացնող մեծահարուստները մի փոքր կզգաստանան. «Թե չէ ասում են՝ մենք որ ուզենք՝ մեր փողերով ոչ միայն ձեր 400 քմ հողամասը կառնենք, այլ ձեզ էլ հետը»:
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ