Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳՎԱԾ Է «ԱՄԵՆԱԹԱՆԿ ԿԱՊԻՏԱԼԸ»

Հոկտեմբեր 15,2005 00:00

«Ֆլե՞շն» է քանդել կիսակառույցը, թե՞
քաղաքապետարանը Արարատ Ծովյանն իր ընտանիքը պահում է ակնոց վերանորոգելով:
Պուշկինի 15 հասցեում գտնվող նրա կենցաղսպասարկման օբյեկտը քանդվել է պետության՝
Հյուսիսային պողոտա ստեղծելու կարիքը հոգալու համար: Որպես փոխհատուցում՝ նրան տրվել
է 8.200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ Պուշկինի 15ա շենքին հարող 20 քմ տարածքը,
ուր հնարավոր էր կառուցել կենցաղսպասարկման կետ եւ շարունակել աշխատանքը: Երեւանի
քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ (թիվ 2320-Ա, 01.12.2003թ.), վարձակալության
իրավունքով, 10 տարի ժամկետով Ա. Ծովյանին է տրվել Պուշկինի 15ա շենքին հարող 20
քմ տարածքը: Նա, ըստ կարգի, կնքել է հողի վարձակալության պայմանագիր, ստացել վարձակալության
իրավունքի վկայական, հետո՝ շինթույլտվություն, նախագծել օբյեկտը, համաձայնեցրել քաղաքապետարանի
հետ եւ սկսել շինարարությունը: «Շինարարության ընթացքում մի քանի անգամ իմ շինարարաներին
մոտեցել են ինչ-որ մարդիկ եւ ասել. «Իզուր մի սարքեք, «Ֆլեշին» խանգարում է, մեկ
է՝ քանդվելու է»,- պատմում է Ա. Ծովյանը: Ա. Ծովյանին տրված տարածքին է հարում
նաեւ Պուշկինի 19 շենքը, որն այժմ պատկանում է «Ֆլեշ» ՍՊԸ-ին: Ընկերությունը, շենքի
բնակիչներին փոխհատուցելով, գնել է շենքը, ամբողջովին քանդել եւ հիմա այնտեղ կառուցվում
է շինություն, որտեղ գործելու է «Ֆլեշ» ընկերությանը պատկանող «Հայկապբանկը»: 2005թ.
մարտի 10-ին «Ֆլեշ» ընկերության տեխնիկայով քանդվել է Ա. Ծովյանի կիսակառույցը: «Քանդել
են, շինանյութի մի մասով իրենց բանվորների համար սանհանգույց եւ հանդերձարան կառուցել,
մի մասն էլ օրը ցերեկով բարձել են մեքենան ու տարել»,- ասում է Ա. Ծովյանը: «Ֆլեշ»
ընկերությունն այլ կերպ է ներկայացնում տեղի ունեցածը. «Իր կիսակառույցը մենք չենք
քանդել, այլ քանդել է քաղաքապետարանը: Երբ մենք քանդում էինք մեր գնած շենքը, որպեսզի
նորը կառուցենք, քանդման աշխատանքների ժամանակ կանգնած էին նաեւ Երեւանի գլխավոր
ճարտարապետ Սամվել Դանիելյանը, քաղաքապետարանի երկու վարչության պետեր (չմտաբերեց,
թե որ վարչությունների- Ա.Ե.) եւ երկու ոստիկան: Քաղաքապետարանի ներկայացուցիչներն
ասացին, որ քանդենք նաեւ Ա. Ծովյանի կիսակառույցը, քանի որ քաղաքապետի այդ որոշումը
սխալ է, ճարտարապետորեն սխալ հողհատկացում է, բացի այդ՝ կիսակառույցը իր նախագծին
չի համապատասխանում: Այնպես որ, դա քանդել է քաղաքապետարանը, ոչ թե «Ֆլեշը». ուղղակի
քաղաքապետարանը մեզնից խնդրեց մեր էքսկավատորը, մենք էլ տվեցինք, դրա համար նկարներում
կա «Ֆլեշի» տեխնիկան,- ասում է «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն ու ավելացնում,-
հիմա էլ Ա. Ծովյանը կարող է գալ ու կառուցել իր օբյեկտը, մենք իր տարածքի հետ գործ
չունենք, բայց հիմա մենք կխոչընդոտենք, որովհետեւ մեզ կխանգարի այդ կառույցը»: Հակառակ
Մ. Էլչյանի պնդման, թե այդ տարածքի հետ իրենք գործ չունեն՝ տեղում պարզ դարձավ, որ
հենց Ա. Ծովյանի տարածքում արդեն կառուցված է ապագա բանկի նախամուտքը, որի ներքեւում
էլ նախատեսված է ավտոկանգառ: Մ. Էլչյանի ասելով՝ քանդելուց հետո քաղաքապետարանի ներկայացուցիչները
խնդրել են «Ֆլեշին»՝ օգնել Ա. Ծովյանին, որպեսզի աղմուկ չբարձրանա, քանի որ նաեւ
«Ֆլեշին» էր ձեռնտու, որ տարածքն ազատ լինի: «Եթե իսկապես Ա. Ծովյանն օբյեկտը
կառուցել է նախագծից շեղվելով, ապա քաղաքապետարանը կամ քաղաքաշինական պետական տեսչությունը
նրան պետք է վարչական տուգանքի ենթարկեր կամ զգուշացներ, որ կառույցը պետք է բերել
նախագծային վիճակի: Սակայն նման բան չի եղել: Ես փաստաբանական հարցում եմ արել քաղաքապետարան
եւ պատասխան ստացել, որ Ա. Ծովյանի սպասարկման օբյեկտը կառուցվել է քաղաքաշինական
անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից չի իրականացվել
օբյեկտի քանդումը»,- մեկնաբանեց Ա. Ծովյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Բացի
այդ, երբ Պուշկինի 19 շենքի նախկին բնակիչների բողոքով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
դատախազությունն ուսումնասիրել է Ա. Ծովյանին տրված տարածքի օրինականությունը, պարզել
է, որ այն օրինական կառույց է եւ շինությունը կառուցվում է «Քաղաքաշինության մասին»
ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: «Սկզբում ես հավատացի «Ֆլեշ» ընկերության
աշխատակիցներին եւ հիմնադրին, որ ինձ տարածք կտան իրենց կառույցից, սակայն երբ հերթը
հասավ պայմանագիր ստորագրելուն, նրանք ձգձգեցին ու չստորագրեցին: Անգամ պայմանագիր
ենք մշակել հենց ընկերության իրավաբանի հետ, սակայն նրանք չցանկացան որեւէ փաստաթուղթ
ստորագրել»,- բողոքում է Ա. Ծովյանը: «Ֆլեշ» ՍՊԸ-ն պնդում է, որ Ա. Ծովյանի
կիսակառույցը քանդվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի եւ քաղաքապետարանի
երկու վարչությունների պետերի հրահանգով ու ներկայությամբ: Քաղաքապետարանի քաղաքաշինության
եւ հողի վերահսկողության վարչության պետ Գ. Խանգելդյանը գրավոր հարցմանը պատասխանել
է, որ քաղաքապետարանը չի իրականացրել այդ օբյեկտի քանդումը: Բացի այդ, կա Կենտրոն
եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության ուսումնասիրությունը, որը նույնպես ապացուցում
է, որ քաղաքապետարանն այդ կիսակառույցը քանդելու ոչ մի օրինական հիմք չէր կարող ունենալ:
Այս ամենից կարելի է ենթադրել հետեւյալը՝ կամ «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մ. Էլչյանը
զրպարտում է քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին, կամ գլխավոր ճարտարապետ
Ս. Դանիելյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ օրինական այդ կիսակառույցը «ճարտարապետորեն
սխալ» համարել միայն այն պատճառով, որ առնչվել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի շահերին: Ա.
Ծովյանը սպասում է Գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքներին: Դատախազությունը
պետք է որոշում կայացնի քրեական գործ հարուցելու կամ բողոքը մերժելու մասին: Մերժման
դեպքում Ա. Ծովյանը պատրաստվում է բողոքարկել վերադաս մարմին կամ վերաքննիչ դատարան:
««Ֆլեշը» Ա. Ծովյանին մեկ այլ տեղ հող էր առաջարկում կամ որոշակի գումար,
իսկ նա չուզեց: Հիմա մենք էլ ոչինչ չենք առաջարկում: Քաղաքապետարանն է քանդել, թող
քաղաքապետարանն էլ փոխհատուցի նրա վնասը»,- պնդում է Մ. Էլչյանը: Նա, հավանաբար,
փորձում է «չվնասել» «Ֆլեշի» կարգախոսը՝ «Բարի համբավն ամենաթանկ կապիտալն է»: ԱՂԱՎՆԻ
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել