Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔՈՎ ՄԵԿ ԿԱՆԳԱՌ Է

Հոկտեմբեր 15,2005 00:00

Իսկ
իսկական կանգառները շրջափակման մեջ են Մայրաքաղաքի կանգառների մեծ մասը, մեղմ
ասած՝ անմխիթար վիճակում է. կամ նստարաններ չկան եւ փոխարենը դուրս ցցված երկաթներ
են, կամ ծածկն է բացակայում, կամ էլ կանգառի երբեմնի գոյության մասին հուշում է խորհրդային
տարիներից մնացած ցուցատախտակը՝ «N 4, 27 ավտոբուս»: Փոքր-ինչ բարվոք կանգառներից
էլ, որոնք հիմնականում Կենտրոն համայնքում են տեղակայված եւ որոնց «գույքը» վերջին
տարիներին է «թարմացվել»՝ կեղտոտ ու հակահիգիենիկ լինելու պատճառով մարդիկ չեն կարողանում
օգտվել: Շատ հաճախ դրանց նստարանները «բոմժերին» որպես գիշերատեղի, իսկ ապակե պատերը
հայտարարությունների համար ստենդ է ծառայում: Կանգառները սարսափելի վիճակում են հատկապես
ծայրամասերում: Այստեղ կանգառ ասվածը, եթե կա, մի քանի դուրս ցցված երկաթե ձող է,
որ անզգույշ շարժման դեպքում կարող է վնասել մարդկանց: Բացի այդ, ոչ միայն
կենտրոնում, այլեւ ցանկացած տարածքում, կանգառներում կայանելը «փիս խասիաթ» են դարձրել
տաքսիների, մեծ ու փոքր բեռնատարների եւ այլ մեքենաների վարորդները: Հիմնական «շրջափակումը»
ստեղծում են ֆիրմաների առաքիչները, քանի որ կանգառների մոտակայքում ամենուր խանութներ
կան: Այդ իսկ պատճառով մարդիկ նախընտրում են կանգառներից հեռու մնալ եւ կանգնել՝
որտեղ պատահի, միայն թե հնարավոր լինի «որսալ» երթուղայինը: Թաղապետարանները ոչ միայն
միջոցներ չեն հատկացնում դրանց տեսքի, մաքրության համար, այլեւ շատ դեպքերում առանց
ծածկի աղբարկղերը տեղադրում են անմիջապես կանգառների հարեւանությամբ: Աղբահանությունն
էլ իրականացվում է ոչ թե վաղ առավոտյան, ինչպես նախատեսված է, այլ համարյա կեսօրին՝
տրանսպորտին սպասող մարդկանց ներկայությամբ: Մայրաքաղաքի կանգառների տեսքի,
կահավորման պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանն է, որին նույնպես չի հուզում դրանց
սանիտարական վիճակը: Համաքաղաքային շաբաթօրյակների ժամանակ քաղաքային իշխանությունները
սահմանափակվում են միայն ծառ տնկելով, փողոցները ջրելով, մեկ-մեկ էլ արձանները լվանալով,
իսկ մի քանի մասնավոր ընկերությունների կողմից քաղաքին նվեր արած փոքր-ինչ բարեկարգ
կանգառների մասին մոռանում են: Դրանք տարիներով ոչ ախտահանվում են, ոչ էլ մաքրվում:
Փոխքաղաքապետ Սլավա Ավանեսյանի հաղորդմամբ՝ մայրաքաղաքում կանգառներ կառուցելու,
վերակառուցելու համար մի մասնավոր ընկերություն է մրցույթը շահել, որը պարտավորվել
է մայրաքաղաքում հիմնել 910 կանգառ: Ըստ փոխքաղաքապետի՝ յուրաքանչյուրի ծախսը կկազմի
1500-ից 2000 դոլար: Բացի կանգառներին տիրություն անելուց, դրանց ճիշտ տեղը
որոշելը նույնպես քաղաքապետարանի գործն է, մասնավորապես՝ տրանսպորտի վարչության:
Ըստ ճանապարհային երթեւեկության կանոնների, կանգառն արգելվում է շրջադարձերի, հետիոտնային
անցումների վրա: Սահմանված կարգի համաձայն՝ կանգառը պետք է անցումներից ու շրջադարձերից
10-15 մետր առաջ կամ հետո լինի: Խորհրդային տարիներին սահմանված հեռավորությունը
100 մետր էր: Այնինչ, մեր քաղաքում տրանսպորտային միջոցները ամենաշատը հենց այդ հատվածներում
են կանգառում: Պատճառը ակնհայտ է. որտեղ մարդկանց կուտակում՝ այնտեղ էլ արհեստածին
կանգառ: Ավելին՝ ձգտելով ավելի շուտ ընկնել վարորդի աչքով եւ առաջինը նստելու նախապատվությունը
ստանալ՝ մարդիկ աստիճանաբար, իրար «աբգոն անելով» հեռանում են կանգառից եւ սփռվում
ողջ ճամփեզրով մեկ: Խախտումներն ակնառու են հատկապես «Բարեկամություն», «Երիտասարդական»
մետրոների հրապարակների չորս անցումներում: Քիչ չէ, որ անհետեւողականության արդյունքում
նշված վայրերում մարդկանց ու տրանսպորտային միջոցների կուտակումներ են լինում, տաքսիներն
էլ՝ ուղեւոր փախցնելու հույսով, իրենց հերթին են այդ հատվածներում կայանում՝ երթեւեկությունն
ավելի ծանրաբեռնելով: Այս խնդիրը պետք է կարգավորի տրանսպորտի վարչությունը՝
պետավտոտեսչության հետ համատեղ: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել