Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բելլի գյուտի մասին գյուղերում տեղյակ չեն

Հոկտեմբեր 15,2005 00:00

Լեռնամերձցիներն
իրենց գյուղում ապագա չեն տեսնում Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչները
բողոքում են, որ օրերով ջուր չեն ունենում, լավագույն դեպքում տալիս են շաբաթը 1
անգամ. «Բերքը սաղ չորացել ա, պամիդորը քոլի վրա չիր ա դառել, էդ ա՞ իրանց տված ջրի
արդյունքը»: Խնդիրն այն է, որ չնայած գյուղացիների բողոքներին՝ Լեռնամերձի ոռոգման
ջրերի տեղամասի պետ Գեւորգ Սաֆարյանը հավաստիացնում է, թե գյուղը ջրի խնդիր չունի:
Իրականում ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջրի խնդիրը գյուղում խիստ մտահոգիչ է:
Վերջին 2 ամիսների ընթացքում ջրի ցանցը կաթվածահար է եղել: Բնակիչների ներկայացմամբ՝
ջուր տալիս են միայն առավոտյան 8-ին, այն էլ՝ մի քանի ժամով: Եթե մայրաքաղաքում «Երեւանի
ջրմուղկոյուղին» ջրամատակարարման գրաֆիկի խախտման դեպքում մեկ-երկու օր առաջ զգուշացնում
ու ներողություն է խնդրում բնակիչներից, ապա գյուղերում նման «ավանդույթ» չկա. «մեկ
էլ տենաս՝ օրերով ջուր չկա, ոչ զգուշացնում են, ոչ էլ ներողություն խնդրում»: Գ.
Սաֆարյանն «Առավոտի» հետ զրույցում թեեւ եւս մեկ անգամ հաստատեց, որ գյուղը ջրի խնդիր
չունի, բայց չկարողացավ ժխտել, որ գյուղի 100 հա վարելահողերից մշակվում է միայն
55 հեկտարը, իսկ մնացածն անմշակ է՝ ջուր չլինելու պատճառով: Ըստ պարոն Սաֆարյանի,
պատճառն այն է, որ մեկ պոմպակայանը չի բավարարում ողջ գյուղի պահանջները: Գյուղապետարանի
աշխատակազմի քարտուղար Արմեն Առաքելյանի համար գյուղացու այս խնդիրները սովորական
բան են. «Բնական երեւույթ է, գյուղ կա՞, որ նման խնդիրներ չունենա»: Լեռնամերձի
«բնական երեւույթներից» է նաեւ այն, որ ի տարբերություն հարեւան գյուղերի, այստեղ
գազ չկա՝ չնայած գազի խողովակները գյուղի նախաշեմին են: Լեռնամերձն իր կենսակերպով
դեռ 19-րդ դարում է: Բնակիչները նույնիսկ հեռախոս չունեն, ուստի հարկ եղած դեպքում
ստիպված են լինում հասնել հարեւան գյուղեր, քանի որ գյուղ գիծ չի մտնում: Իսկ համակարգչի
կամ առավել եւս՝ ինտերնետի գոյության մասին տեղյակ են միայն գյուղի ջահելները, այն
էլ՝ թերթերից ու հեռուստատեսությունից: Գյուղացիները ստիպված են հարեւան գյուղ հասնել՝
նաեւ սովորական գնումներ կատարելու համար, քանի որ Լեռնամերձում կրպակներ չկան: Ըստ
բնակիչների, այդ գործը ձեռնտու չէ, ապրանքներն իրենց «վրա են մնում», փողն էլ «քնացնում»:
Գյուղի ճանապարհները նույնպես ահավոր վիճակում են: Այս առնչությամբ Արմեն
Առաքելյանը «հույս տվեց», թե հարցը մարզպետարանի օրակարգում է. «Չգիտեմ երբ, բայց
անպայման վերանորոգելու ենք: Առայժմ ե՛ւ գյուղի բյուջեն, ե՛ւ կառավարության տրամադրած
դոտացիաները շատ քիչ են՝ նման աշխատանքներ կատարելու համար»: Հատկանշական
է, որ գյուղացիներն իրենց այս խնդիրների մեջ գյուղապետին այնքան էլ չեն մեղադրում,
քանի որ ամբողջ գյուղում անգամ գյուղապետարանի համար նորմալ շենք չի ճարվել. գյուղապետարանը
վարձակալական հիմունքներով ժամանակավորապես տեղակայվել է մի անշուք ու կիսաքանդ շենքում:
Նույն շենքում է «խցկվել» նաեւ գյուղի գրադարանը: Այնպես որ, եթե Լեռնամերձի գործերը
«վատ գնան», ու գյուղապետը չկարողանա ժամանակին տարածքի վարձը մուծել, շատ հնարավոր
է, որ իր աշխատակիցների ու գրքերի հետ հայտնվի փողոցում: Պատահական չէ, որ
լեռնամերձցիներն այս գյուղն անվանում են Չիբուխլու (նկատի ունեն Մուրացանի «Առաքյալ»
վիպակում ներկայացված գյուղի հետամնացությունը): Լեռնամերձի երիտասարդների
կարծիքով՝ «այստեղ ապագա չկա». սա է պատճառը, որ գյուղի 510 բնակիչներից 179-ը բռնել
է արտագաղթի ճանապարհը: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել