Օրերս այդ գերատեսչությունը խոստովանել է, որ ի վիճակի չէ հայտնաբերել իր անունից հանդես եկած երկու քաղաքացու:
Դեռ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի օրերին թաղապետի թեկնածու, ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանը ահազանգել էր, թե քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ իր հանդիպումները հետեւողականորեն եւ ծայրից ծայր նկարահանվում են անհայտ երիտասարդների կողմից: Վերջիններս Ռ. Խաչատրյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչներին ներկայացել էին որպես ԱԱԾ աշխատակիցներ՝ Արսեն եւ Արթուր անուններով: Ռ. Խաչատրյանը թաղապետի ընտրության օրն էլ՝ սեպտեմբերի 25-ին, գրավոր դիմել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գոռ Հակոբյանին՝ խնդրելով պարզաբանում տալ, թե արդյոք ԱԱԾ-ն իրականում նկարահանե՞լ է իր՝ ընտրողների հետ հանդիպումները եւ ի՞նչ նպատակով է դա արել, արդյոք հիշյալ Արսենն ու Արթուրը իսկապե՞ս ԱԱԾ աշխատակիցներ են: Ռ. Խաչատրյանն իր դիմումում ընդգծել էր, որ հիշյալ գործողությամբ ոտնահարվել է իր եւ իր հետ եղած անձանց անձնական կյանքի գաղտնիության եւ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված ընտրական իրավունքները:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության պետ Զ. Նանյանի ստորագրությամբ թաղապետի՝ արդեն նախկին թեկնածուն պատասխան գրություն էր ստացել, որտեղ ասված էր, թե ՀՀ ԱԱԾ ղեկավարությունը քննարկել է Ռ. Խաչատրյանի դիմումը եւ հայտնել էր, որ «թեկնածուի նախընտրական քարոզարշավի ժամանակ նկարահանումներ կատարող ոմն Արսենն ու Արթուրը ԱԱԾ աշխատակիցներ չեն»: Զ. Նանյանը նաեւ հավելել էր. «Զանգվածային միջոցառումների ժամանակ նկարահանումներ կատարող անձանց ինքնության պարզումը ՀՀ ԱԱԾ խնդիրների եւ գործառույթների մեջ չի մտնում, եւ հետեւաբար՝ նրանք մեզ հայտնի չեն եղել: Լրացուցիչ կատարված աշխատանքների արդյունքում պարզել վերը նշված անձանց չի հաջողվել»:
ԱԱԾ-ի համար երկսայր այս գրությունը ստանալուց հետո Ռ. Խաչատրյանը նույնաբովանդակ նամակով արդեն հոկտեմբերի 6-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ կցելով նաեւ ԱԱԾ-ից ստացված պատասխանն ու խնդրել էր վարույթ հարուցել՝ բացահայտելու եւ կանխելու իր իրավունքները խախտողներին, եթե նրանք ԱԱԾ աշխատակիցներ չեն հանդիսանում: Նա միաժամանակ մատնանշել էր, որ «Արսենի» եւ «Արթուրի» լուսանկարները հրապարակվել են «Առավոտ» թերթի 15.09.2005թ. համարում:
Երեկ Ռ. Խաչատրյանն ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազությունից իր դիմումին առայժմ որեւէ արձագանք չկա, ինչը նա օրինաչափ համարեց: Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ-ից ստացված գրությանը` «Արդարություն» դաշինքի մամլո խոսնակն ասաց. «Այն պատասխանը, որ ես ստացա ԱԱԾ-ից՝ ինձ չզարմացրեց, որովհետեւ անցած տարիների փորձից ելնելով՝ մենք արդեն սովոր ենք, որ այդ գերատեսչությունը գործնականում բացարձակ այլ ֆունկցիաներ ունի, քան ազգային անվտանգության ապահովումն է: Կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ ու ազնիվ կլիներ ընդունել, որ այդ ծառայությունը կոչված է պահպանել միայն իշխանության կամ իշխանավորների աթոռները: Պատահական չէ, կարծում եմ, որ ՀՀ ԱԱԾ-ն անգամ իր գրության մեջ էլ չի թաքցրել, թե անզոր է եղել գտնել հրապարակված լուսանկարներում պատկերված անձանց: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչպե՞ս էր պատահում, որ ԱԱԾ-ն եւ ուժային մյուս կառույցները շատ օպերատիվորեն կարողանում էին գտնել անգամ գյուղերից Երեւան եկած ու ընդդիմության հանրահավաքներին մասնակցած մարդկանց, ում հետո բաժիններ էին տանում ու վարչական կամ քրեական պատժի էին ենթարկում: Հիշեցնեմ, որ այն ժամանակ էլ ընդդիմության հանրահավաքներն էին նկարահանվում համապատասխան ծառայությունների կողմից, եւ հենց այդ նկարահանումների միջոցով էր, որ իշխանությունները արագ բացահայտում էին ըմբոստներին:
Ես համոզված եմ, որ պատկան մարմինները շատ էլ լավ գիտեն, թե ովքեր են նկարահանել իմ հանդիպումներն ընտրողների հետ: Ավելին, որպես ՀՀ քաղաքացի ես կարող եմ հուշել անօգնականության մեջ հայտնված իրավապահներին, թե որտեղ կարելի է գտնել այդ մարդկանց. նրանք, մեր տվյալներով, Կենտրոն թաղապետարանի աշխատակիցներ կամ նրանց հետ համագործակցող անձինք են, որովհետեւ նրանց կարելի է ամեն օր տարբեր ժամերի տեսնել հենց թաղապետարանում կամ դրա շենքի մատույցներում»:
Մյուս կողմից, ըստ Ռ. Խաչատրյանի, եթե անգամ հավատանք, որ ԱԱԾ-ն իրոք չի կարողացել ի հայտ բերել հիշյալ անձանց, ապա դա էլ այս գերատեսչության օգտին չի խոսում: «Եթե մեր ԱԱԾ-ն չի կարողանում իր անունից հանդես եկող երկու հոգու ի հայտ բերել, հասկանալի է, թե ինչպես հնարավոր եղավ ԱԱԾ-ի քթի տակ իրականացնել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը: Պարզվում է, որ ՀՀ քաղաքացիներն իզուր են պաշտպանության հույսեր կապում ԱԱԾ-ի հետ եւ որպես հարկատուներ իզուր են պահում այդ գերատեսչությունը»,- հայտարարեց Ռ. Խաչատրյանը:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ