Լրահոս
Օրվա լրահոսը

«Առեղծվածային

Հոկտեմբեր 14,2005 00:00

«Առեղծվածային խեղկատակը»՝ Երեւանում Հայ-իտալական բարեկամության 10-րդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, առաջին անգամ Հայաստանում, ներկայացվեց Դարիո Ֆոյի «Առեղծվածային խեղկատակը» կատակերգությունը: Դարիո Ֆոն իտալական մշակույթն արտերկրում ներկայացնող ամենաճանաչված անհատներից է եւ քանի որ ավելի շատ «խոսում է մարմնով», նրա լեզուն համամարդկային է: «Առեղծվածային խեղկատակը» ներկայացրին «Աբսուրդա կոմիկա» թատրոնի դերասաններ Ստեֆանո դի Պիետրոն եւ Քրիստիանո Բեֆֆան: Ներկայացումը, որ չէր կրում ավանդական թատրոնին հատուկ երանգներ, հանդիսատեսի հետ հաղորդակցվում էր ավելի շատ արտահայտչական միջոցներով եւ միջնադարյան ծաղրածուներին հատուկ ոճով: Այն շատ հետաքրքիր էր իր տեսակի մեջ, որ բերում էր հայ հանդիսատեսի համար գրեթե անծանոթ մի մոտեցում՝ նրան ներկայացնելով միջնադարյան խեղկատակի եւ այսօրվա կատակերգուի մի հետաքրքիր զուգորդում: «Ներկայացվածը ինձ հետաքրքիր է, քանի որ իրենք արմատներին շատ մոտ են,- ասաց Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս Ստեփան Շահինյանը:- Տեղեկություն ստանում ես բուն ակունքից: Հենց սա է, որ շատ տպավորիչ է դարձնում խաղը: Ես բավականաչափ ուսումնասիրել եմ «Կոմեդի դը Արտեն», բայց ոչ այդ ծավալով: Իսկ այստեղ կարծես առաջին ձեռքից ես ստանում ամենը»: Ստեֆանո դի Պիետրոն ընդհանուր գիտի հայկական մշակույթը եւ «Առավոտին» ասաց, որ ինքը թեպետ տպավորված է Հայաստանից, սակայն դեռ պետք է ուսումնասիրի, հայտնագործի ու հայտնաբերի իր համար հայ մշակույթ կոչվածը: Քրիստիանո Բեֆֆան՝ երիտասարդ ու հմայիչ մի իտալացի, մեծ վարպետությամբ էր մարմնավորում քաղցած մարդուն, որ երեւակայում է, թե ուտում է իր մարմնի մասերը: Այնուհետեւ նույն երեւակայության օգնությամբ հայտնվում է այնպիսի խոհանոցում, ուր ամեն բան կա եւ ինքը վայելում է գտած բարիքները: «Առեղծվածային խեղկատակի» հեղինակը ինքը կատարյալ խեղկատակ է, որ իրեն վերապահված՝ զուտ մասնագիտությամբ պայմանավորված ազատությամբ վեր է հանում անարդարությունն ու կյանքի մանեւրները եւ միաժամանակ կոչ է անում գիտակցության արթնացման, քանզի միայն այդկերպ կարելի է գտնել արդարությունը: Իսկ երեկ Իտալիայի դեսպանատանը իտալացի կատակերգուները կազմակերպել էին «Դիմակներ եւ ծամածռություններ» կոնֆերանս-ներկայացումը, որտեղ տարբեր դիմակների մասին շատ հետաքրքիր բացատրություններ եղան՝ համեմված իրենց յուրօրինակ արվեստով: Շարունակվում է նաեւ իտալացի հայտնի վարպետների ֆիլմերի ցուցադրումը: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Տավիանի եղբայրների «Քաոս» ֆիլմը: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել