Կարսը նորից «ազատագրվեց» Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի աջակցությամբ սեպտեմբերի 29-ին Թուրքիա մեկնեցին հայ գործարար կանայք՝ մասնակցելու բիզնես-ֆորումի: Նախատեսված էր կոնֆերանս եւ հարեւան երկրների տնտեսական համագործակցության շրջանակներում հայրենական արտադրանքի ցուցադրում: «Գարուն» բաց բաժնետիրական ընկերության նախագահ Գոհար Ենոքյանը այդ նպատակով իր հետ Թուրքիա էր տարել մի մեծ ճամպրուկ, որն այդպես էլ փակ իր հետ Երեւան բերեց: Ստամբուլից հայկական խումբը մեկնել էր Կարս քաղաք, ուր Առաքելոց եկեղեցու տարածքում «կազմակերպվել» էր բացօթյա տոնավաճառ: «Բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ տասնյակ անգամ գտնվել եմ եւ մասնակցել կոնֆերանսների, նմանօրինակ ցուցահանդեսները կազմակերպվում էին կոնֆերանսի մասնակիցների համար, նույն շենքում»,- ասում է Գ. Ենոքյանը, որը նաեւ նկարագրեց, թե ինչպես են ինքնաթիռից իջնելով հայտնվել Կարսի Առաքելոց եկեղեցու տարածքում, որն ամբողջությամբ ցեխի, կեղտի մեջ էր: «Հուզմունքիս հաջորդեց Առաքելոց եկեղեցու գագաթին շողշողացող թուրքական կիսալուսինը՝ հայկական խաչի փոխարեն: Ազերիները, վրացիները, թուրքերը իրենց զավեշտական ցուցանակներով եւ արտադրանքով (անգամ հատ-հատ վաճառվող խնձորով) փորձել էին այդկերպ մասնակցել տոնավաճառին»,- շարունակում է Գ. Ենոքյանը, որը հավուր պատշաճի էր նախապատրաստվել ներկայացնել «Գարունի» բացառիկ նմուշները՝ սակայն կոնֆերանսի շրջանակներում: «Իմանալով որ երկիր էի մեկնում, ընտրել էի լավագույնը»,- շարունակում է նա: Հետեւաբար նա հրաժարվում է այդ ծիծաղելի տոնավաճառից: Անակնկալը սպասվում էր մի քանի ժամ անց, երբ պատահաբար հայտնվելով Կարսի քաղաքապետարանի շենքի դիմաց, ականատես են լինում «համաքաղաքային» հանրահավաքի. «Հետո պիտի պարզվեր, որ Կարսում այդ ժամանակ նշվում էր իրենց քաղաքի տոնը՝ «գյավուրներից քաղաքի ազատագրման օրը»: Սակայն սրանով չի ավարտվում մեր տիկնանց ոդիսականը. նրանց Անի ուղեւորության են տանում, ուր անսպասելի պարզվում է, որ «Կովկասյան մշակութային երկրորդ փառատոն» է ընթանում: Հայաստանից «Կովկաս» պարի համույթն էր ելույթ ունենալու եւ նրանց նույնպես չէին ասել, որ հանդես են գալիս թուրքերի տոնի շրջանակներում: «Կովկաս» պարի համույթի ելույթի ժամանակ հանկարծ մեր եռագույնի կողքին թուրքերից մեկը սկսեց ճոճել իրենց կիսալուսնով դրոշը: Բազմաթիվ տեսախցիկներ ասես սպասում էին դրան: Նկատեցի, որ ոչ մի խմբի ելույթի ժամանակ թուրքերն այդպիսի «կամք» չդրսեւորեցին»,- հուզված շարունակում է զրուցակիցս՝ Գ. Ենոքյանը, որը չդիմանալով անակնկալին, հրել է թուրքին մի կողմ (որն անմիջապես հեռացավ), թույլ չտալով եռագույնի կողքին, «Իմ Հայաստան» երգի ներքո մեր խմբի ելույթի ժամանակ ծածանել թուրքական դրոշը: «Բացարձակ դեմ չեմ, որ խմբեր են գնում ու գալիս, բայց չէի ցանկանա, որ ազգային արժանապատվությանը ցավ պատճառող օրերին մեր խմբերը մասնակցեն այդպիսի միջոցառումների»,- շարունակում է Գ. Ենոքյանը: Հայտնի գործարարի մտահոգությունն այն էր, որ հայաստանյան խմբերի գործունեությունը կարգավորվի արտաքին գործերի, մշակույթի նախարարությունների, առհասարակ պետական մարմինների մակարդակով: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ