Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՏՔԵՐԸ

Հոկտեմբեր 14,2005 00:00

«ՈՏՔԵՐԸ ՀԵՌՈ՛Ւ ԲՈՒՀԵՐԻՑ» Երեկ տարբեր բուհերի ուսանողների հերթական ակցիան տեղի ունեցավ կառավարության շենքի առաջ՝ ընդդեմ կառավարության թիվ 975-Ն որոշման, որը սահմանում է բուհական խորհուրդների ձեւավորման նոր կարգը: Ակցիայի հիմնական կազմակերպիչը «Բուհերի ավտոնոմիայի պաշտպանության խորհուրդն» է, որ պատրաստվում է գնալ մինչեւ վերջ՝ մինչեւ կառավարության սույն որոշման կասեցում: Խորհրդին չի բավարարում այն փաստը, որ որոշ բուհերում, այդ թվում՝ ԵՊՀ-ում, բուհի ներկայացուցիչների 50 տոկոսը պետք է դառնա 62. «Ես այս գործընթացը կասկածի տակ չեմ դնում, մենք հասնելու ենք որոշման կասեցմանը,- ասում է խորհրդի անդամ Գոհար Վեզիրյանը:- Եթե գործող կարգը չէր բավարարում նոր կրթական համակարգի չափորոշիչներին, միասին նստեինք, գրեինք նոր կարգ, բայց դա բացառապես պետք է լիներ երկխոսության շրջանակներում: Այսինքն՝ բուհերում սովորող, աշխատող մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրենց տեսակետը ներկայացնել: Որովհետեւ դա աշխատանքային փաստաթուղթ է»: Ըստ Գ. Վեզիրյանի, այստեղ միարժեք խնդիրը քաղաքական է. «Հենց թեկուզ տարբեր բուհերում թռուցիկների բաժանման հարցը, որ արվել էր ուսանողներին որոշման հետ ծանոթացնելու նպատակով: Հետո առանձին-առանձին այդ թռուցիկ բաժանողներին տարել էին դեկանատներ եւ ճնշել՝ ուզում ես այլեւս այստեղ չսովորե՞լ… Իսկ ուսանողը կախման մեջ է դեկանից, դեկանը՝ ռեկտորից, ռեկտորը՝ հանրապետության նախագահից»: Եթե ի սկզբանե բոլորը կախման մեջ են, ապա ինչպե՞ս եք պնդում, թե նոր որոշմամբ եւ խորհուրդների կազմում կառավարության ներկայացուցիչների ու օլիգարխների «ներմուծմամբ»՝ բուհերը զրկվում են անկախությունից եւ քաղաքականացվում են: Մեր այս հարցին ի պատասխան՝ իրենց նպատակների էությունը Գ. Վեզիրյանը այսպես բացատրեց. «Երբ կառավարությունը կասեցնում է որեւէ որոշում՝ համալսարանում միանգամից իրավիճակ է փոխվում, ասպիրատների խնդրից հետո սկսեցին ուսանողների հետ հաշվի նստել: Յուրաքանչյուրն իր տեղում պետք է իր իրավունքների համար պայքարի: Քանի որ ԵՊՀ-ում շուտով ռեկտորի ընտրություններ են, այդ ամենը նաեւ ռեկտորի ընտրության հետ է կապված: Խնդիր է դրված, թե ով կվերցնի ռեկտորի պորտֆելը, ով գիտխորհրդում կունենա առավելագույն ձայն, որպեսզի նրա քաղաքական գիծն էլ ԵՊՀ-ում դրվի գործունեության մեջ: Իսկ այս պայքարով ուսանողները գործոն են դառնում: Կոչ ենք անում բոլոր ուսանողներին՝ միանալ, պաշտպանել իրենց իրավունքները»: Այս բոլոր ակցիաներին զարմանալիորեն չեն մասնակցում ոչ բուհական ուսխորհուրդները, ոչ էլ որեւէ կերպ իրենց կարծիքն են հայտնում ռեկտորներից շատերը: Այսինքն՝ նրանք, ովքեր հենց սկզբից բարձրացրին այս աղմուկը, եւ ինչպես մի առիթով կանխատեսել էինք, թաքնվեցին ուսանողների հետեւում: Սակայն երեկ հավաքված ուսանողները շեշտում էին, որ իրենք ամենեւին էլ իրենց ռեկտորներին պաշտպանելու չէին եկել: «ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը ռադիոյով վերջերս ասել է, որ ԵՊՀ ռեկտորը, որ կլանային համակարգ է ստեղծել բուհում, համալսարանի պատուհաններն իր տղայի «ցեխից» է պատվիրում: Մենք այդ ամենը հասկանում ենք, եւ տպավորություն չստեղծվի, թե եկել ենք ռեկտորին պաշտպանելու, պարզապես որոշման տակ բուհական համակարգի կործանումն է նշմարվում»,- ասում է արեւելագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Մարտիրոսյանը: Իսկ աստվածաբանության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Ստեփանյանը այսպես է հասկանում որոշման էությունը. «Որոշում են ընդունել մեր բուհերը սեփականացնելու: Այսինքն՝ բուհերը կդառնան հարուստ մարդկանց սեփականություն, եւ իրենք կարող են հեշտությամբ օպտիմալացնել մեր դասախոսներին, փակել ֆակուլտետները»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել