Կարեւոր է, բայց պետք չէ Անվճար բուժելու համար միայն բարի ցանկությունը քիչ է Բժիշկ-էնդոկրինոլոգ Հրանտ Սարգսյանի մասին ավելի շատ տեղյակ են Ռուսաստանում եւ Ուկրաինայում, հատկապես՝ շաքարային դիաբեդով տառապողները: Վերջին 30 տարում նա բուժել է հազարից ավելի հիվանդի: Բուժել է ոչ սովորական, այլ՝ իր մեթոդով, որը մինչ օրս չի փոխանցել ոչ մեկին: Իսկ նա արդեն 78 տարեկան է: Ժամեր են պետք, որպեսզի հնարավոր լինի ծանոթանալ ռուսական եւ հայկական մամուլում նրա հրաշք մեթոդի մասին տպագրված բոլոր նյութերին, բուժված «մեծամեծերի» շնորհակալագրերին, հայտնի պրոֆեսորների բարձր գնահատականին: Բժիշկն աշխատել է տնային պայմաններում, ինչի համար ունի համապատասխան արտոնագիր: Նրա ունեցած ապացույցները համոզիչ են՝ իր մեթոդով բուժման արդյունքում լիովին վերականգնվում են վերջույթների մկանային եւ ոսկրային հյուսվածքները, փակվում փտախտից առաջացած վերքերը, ինչը դասական բժշկության առաջարկած եղանակներով բարդ է ու ոչ միշտ՝ հնարավոր: Հ. Սարգսյանի գյուտն արտոնագրվել է 1997-ին: 1990-ականներից սկսած առողջապահական վերնախավը նրա խնդրանքին՝ թե «հիվանդանոցում կոյկաներ հատկացրեք», պատասխանել է, թե «մեթոդը խիստ հետաքրքրական է, բայց չենք կարող տեղ տալ»: Ավելին, իր ասելով՝ «որ չկարողանամ գործ անել, սուտ մեղադրանքով փորձել են ինձ բանտարկել, մի տարի անց արդարացվեցի ու որոշեցի այլեւս նրանց չդիմել»: Առողջապահության ներկա նախարարին նա չի դիմել. «Ազնիվ մարդ է, բայց ինձ օգնել չի կարող, իմ խնդրանքը կառավարությունը պետք է լսի»: Վերջին 4 տարիներին բժիշկը Հայաստանից չի բացակայել՝ հիվանդ չունի. «Ուկրաինայում էի աշխատում, այնտեղ էլ քաղաքական վիճակը խառնվեց, վերադարձա, հիմա ուզում եմ այստեղի հիվանդներին բուժել, բայց հնարավորություն չկա՝ սարքեր են պետք, նյութեր, դեղեր: Եթե տրամադրեն՝ ես պատրաստ եմ անվճար բուժել: Ախր հիվանդներին ինսուլինով ապահովելու համար այդքան փող են ծախսում, թող պայմաններ ստեղծեն՝ ես իրենց բեռը կթեթեւացնեմ, վա՞տ է»: Բժիշկը փորձել է հիվանդներին իր մասին տեղեկացնել հայտարարությունների միջոցով, բայց «ուր գնացի՝ փող ուզեցին, չեն ուզում հասկանալ, որ ես բարեգործություն եմ ուզում անել, ինձ ռեկլամ պետք չէ»: Հիմա նա հույսը դրել է Հայաստանի կոմկուսի 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանի վրա՝ «նա ինձ լսել է եւ խոստացել է օգնել ամեն ինչով»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ