Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ

Հոկտեմբեր 14,2005 00:00

«ՄԵԶ ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ԱՆԸՆԴՀԱՏ ՆՎԱՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ» Ասում են հարկատուները՝ բողոքելով, թե հարկային տեսուչների հետ ցանկացած շփում սթրես է առաջացնում «Հարկատուներին օրենքի փոփոխությունների մասին պատշաճ կերպով չեն տեղեկացնում: Հարկայինին ավելի ձեռնտու է մեզ չտեղեկացնելը, որովհետեւ այդ դեպքում մեծ տույժեր ու տուգանքներ են գրում: Արդյունքում՝ մի օր պատահաբար իմանում ես, որ քո ընկերությունը լիքը պարտքեր ու տուգանքներ է կուտակել՝ ամենատարբեր պատճառներով ու հարկայինի տարբեր բաժիններից»,- օրերս «Առավոտի» խմբագրությանը այս բողոքն էր ներկայացրել Լրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ, հեռուստալրագրող Դավիթ Ասլանյանը, որն ունի համանուն «Դավիթ Ասլանյան պրոդյուսերական կենտրոն» ՍՊԸ: Նրա տեղեկացմամբ՝ իր կենտրոնը, չնայած ոչ մի գործունեություն չի իրականացրել, բայց պարտաճանաչ եւ ժամանակին բոլոր հաշվետվությունները ներկայացրել է. «Ես միշտ զրոյական հաշվետվություններ եմ ներկայացրել եւ ոչ մի աշխատող չեմ ունեցել: Հետո պարզվեց, որ օրենքը փոխվել է, անպայման պետք է 1 աշխատողի ներկայացնեի, ուստի տուգանքներ են նշանակել՝ թաքնված աշխատող պահելու համար: Բայց նախ ինձ ոչ մեկը օրենքի փոփոխման մասին տեղյակ չի պահել, հետո, եթե անգամ այստեղից-այնտեղից դրա մասին լսել եմ, լավ չեմ հասկացել, որովհետեւ այն մեկնաբանող չի եղել: Թե չէ, ինչքան էլ օրենքն անտրամաբանական լիներ, եթե բացատրեին, որ կա՛մ պիտի մուծեմ, կա՛մ մեծ տուգանքների տակ ընկնեմ, կմուծեի»: Դ. Ասլանյանին զարմացրել էր հատկապես այն, թե «ես ինձ ո՞նց կարող եմ թաքցնել, երբ գրանցված եմ Պետռեգիստրում, Սոցիալական հիմնադրամում, ես հիմնադիր-տնօրենն են, որտե՞ղ եմ թաքնվել: Գոնե ձեւակերպեն տուգանք՝ չիմացության համար, բայց ոչ թե դիտավորյալ աշխատող թաքցնելու»: Խնդիրն այն է, որ ըստ մի շարք հարկատուների բողոքների, Հարկային պետական ծառայությունը շատ հաճախ է օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարում, իսկ թե դրանց մասին հարկատուները երբ եւ ինչ հանգամանքներում կիմանան՝ արդեն հարկայինի գործը չէ: Ծառայության լրատվականի պարզաբանմամբ՝ «օրենքների փոփոխությունների մասին հարկ վճարողը կարող էր տեղեկանալ տարբեր աղբյուրներից»: Այսինքն՝ ստացվում է, որ դրանց մասին հարկատուներին տեղյակ պահելու պատասխանատվությունը հարկայինի ուսերին չէ: Իսկ ծառայության մատնանշած աղբյուրներն ինչ-ինչ տեղեկատուներ ու պաշտոնական տեղեկագրեր են, որոնք, իհարկե, կարող էին եւ հարկատուին չհասնել, մանավանդ որ դրանք անհատապես չեն բաժանվում բոլոր հարկատուներին: Պարզապես, ով ցանկանա եւ դիմի տեսչությանը՝ կարող է անվճար ստանալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային օրենսդրական դաշտում օրենքների մեջ շատ արագ են փոփոխություններ լինում, ուրեմն բոլոր հարկատուները վերջին նորություններին ծանոթանալու համար պետք է շաբաթը մեկ այցելեն տեսչություն: Բացի տեղեկատուներից, հարկային ծառայությունը մատնանշում է իրազեկման մեկ այլ աղբյուր՝ հարկայինի ինտերնետային կայքը: Բայց տասնյակից ավելի հարկատուներից մեր հարցումների ժամանակ պարզեցինք, որ կայքի հասցեն նրանցից ոչ ոք չգիտեր: Պարզապես տեղյակ էին, որ «ոնց էլ լինի, հարկայինը կայք կունենա»: Ըստ ծառայության լրատվականի՝ հարկատուները փոփոխություններին կարող էին ծանոթանալ նաեւ տարածքային տեսչությունների տեղեկատվական տախտակներից, բայց նկատենք, որ այժմ հարկատուներից շատերը գերադասում են ընդհանրապես հարկային տեսչություններ չայցելել ու տեսուչների հետ չշփվել՝ նախընտրելով փոստային շփման տարբերակը: Դա ունի իր բացատրությունը: Դ. Ասլանյանի եւ ընդհանրապես մի շարք հարկատուների հավաստմամբ՝ հարկային տեսչությունում հարկատուին անընդհատ նվաստացնում են, նրան չեն հարգում. «Մեզ հետ վարվում են՝ ինչպես վերջին ջեբկիրի հետ: Հարկայինի հետ ցանկացած շփում սթրես է առաջացնում, տեսնեք՝ ամեն դուռ բացելիս, ամեն ստորագրություն տալիս ոնց են վարվում՝ չհիմնավորված հայկական մուննաթներով, ստորացնելով: Երբ արդեն նյարդերդ տեղի են տալիս, ասում ես՝ կներեք, էլի, էս արդեն 4 ժամ է՝ սպասում ենք, ասում են՝ դուրդ չի գալիս, մի աշխատի, ախպեր»: Սակայն շատ դեպքերում հաշվետվությունները ծրարով ներկայացնելն էլ չի փրկում, քանի որ, Դ. Ասլանյանի խոսքերով՝ «սկսում են գործերդ լավ փորփրել»: Այս առնչությամբ հարկային ծառայության պարզաբանմամբ՝ «հարցադրումը շատ խիստ է ձեւակերպված, իրականում որեւէ ստորացուցիչ իրավիճակ կամ հարաբերություն չի կարող լինել. միայն հարկ վճարողի համապատասխան դիրքն ու բարոյական կերպարն արդեն միակողմանիորեն կբացառեն նման իրավիճակները: Եթե, այնուամենայնիվ, նման եզակի դեպքեր եղել են եւ հարկային մարմինն այդ մասին տեղյակ է եղել, ապա համապատասխան հարկային աշխատողն անպայման ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Հարկային ծառայությունը փորձում է ձերբազատվել հարկային ծառայողին անհարիր կերպար ունեցող անձանցից»: Նշենք, որ հարկային ծառայողին նման կերպ պատժելու համարձակություն կունենան շատ քիչ թվով հարկատուներ, որովհետեւ նախ իրենք կհայտնվեն հարկայինի ուշադրության կենտրոնում, ինչը ցանկացած գործարարի համար տհաճ է: Ինչ վերաբերում է Դ. Ասլանյանի բողոքին՝ այժմ նա «աշխատող թաքցնելու» հարցը հարկայինի հետ վիճարկում է դատարանում: «Ինչ էլ որ դատարանը որոշի՝ ես կհարգեմ բոլոր որոշումներն ու օրենքները, բայց խնդիրը ուզում եմ դիտարկել ոչ թե իրավական, այլ բարոյական հարթության վրա»,- ընդգծեց նա: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել