Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՄՈ՞Վ

Հոկտեմբեր 14,2005 00:00

ՈՒՄՈ՞Վ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Համենայնդեպս, հասարակական կարծիքն այստեղ դեր չունի «Վերջին երկու տարիների ընթացքում կովկասյան տարածաշրջանում ոչ մի նոր զարգացում էլ տեղի չի ունենում»,- երեկ «Համաձայնություն» քաղաքագիտական հետազոտությունների նախաձեռնած՝ «Արտաքին քաղաքական զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Բանախոսի կարծիքով, այն ամենը, ինչ այժմ կատարվում է տարածաշրջանում՝ դրսեւորումներն ու արձագանքներն են դեռեւս 1990-ականներին սկիզբ առած իրադարձությունների: ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ընդլայնումները, ԱՄՆ-ի «պայքարը» ահաբեկչության դեմ՝ իրաքյան դեպքերը, Իրանի եւ նրա միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ԱՊՀ-ՎՈՒԱՄ վերադասավորումները, ՌԴ-ի դերի փոփոխությունը տարածաշրջանում, Բաքու-Ջեյհանի գոյությունը, Վրաստանից ռուսական ռազմաբազաների դուրսբերումը եւ այլն, ԽՍՀՄ փլուզումից հետո նա համարում է միանգամայն կանխատեսելի եւ տրամաբանական ընթացք: Այս մարտահրավերների նկատմամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, պարոն Իսկանդարյանի գնահատմամբ, սթափ չէ. «Այն հաճախ ռեակցիոն է, արձագանքում ենք իրադարձություններին, երբ դրանք արդեն ավարտվում են»: Հնչած այլ կարծիքների առանցքը նույնն էր՝ արտաքին քաղաքական կոնցեպտի բացակայության եւ արտաքին քաղաքականության հիմքում ազգային անվտանգության խնդիր չդնելու արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաճախ հայտնվում է հակասական իրավիճակներում: «Մեր արտաքին քաղաքականությունը սկսվում եւ ավարտվում է Սերժ Սարգսյանով ու Ռոբերտ Քոչարյանով: ԱԳՆ-ն կարող է մի գեղեցիկ հայտարարություն անել, բայց քանի որ դա այս երկու մարդկանց դուր չի գա, Վարդան Օսկանյանը ստիպված կլինի մեծ ճիգեր գործադրել եւ բացատրել, թե «օկուպացված» բառն ինչ է նշանակում»,- կարծիք հայտնեց «Արմատ» կենտրոնի անդամ Վահագն Խաչատրյանը: Այս եւ այլ քննադատություններին իր խոսքում ստիպված էր դիմագրավել ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետ Սարմեն Բաղդասարյանը: Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի համար կարեւորագույն հարցերից մեկի՝ ԼՂՀ խնդրի առնչությամբ քննարկման ընթացքում ընդգծվեց «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած վերջին զեկույցը: Ի հակադրություն Դավիթ Շահնազարյանի եւ Ալեքսանդր Իսկանդարյանի, նախկին նախագահի մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը կարեւորելով եւ ընդգծելով զեկույցի դրական միտումները, այդուհանդերձ խորհուրդ է տալիս այն ընդունել իբրեւ «Միջազգային ճգնաժամային խմբի» փաստաթուղթ եւ ոչ թե միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխություն: Նախկին արտգործնախարար Վահան Փափազյանն այդ առիթով «Առավոտին» ասաց. «Ես չեմ կարծում, որ շրջադարձ կա ընդհանրապես, առավել եւս՝ կտրուկ: Քանի որ «Միջազգային ճգնաժամային խմբի» էքսպերտներն իրենց մտածելակերպով եւ քայլերում ազատ են, նրանք քաղաքական գործիչներ չեն, պրակտիկ դիվանագետներ չեն, բնականաբար՝ իրենց կարող են թույլ տալ ճկուն լինել եւ շատ ավելի ճշգրիտ լուծումներ առաջարկել: Բայց դա բնավ էլ կտրուկ շրջադարձ չի նշանակում: Ընդունենք, որ սա ինչքան էլ հեղինակավոր է, հետաքրքիր է՝ պրակտիկ քաղաքականության տեսանկյունից, գործընթացի վրա ազդեցություն ունենալ չի կարող: Այլ խնդիր է, որ այսպիսի զեկույցների հրապարակումները եւ մասսայականացումը զգալի կերպով կարող են ազդել հասարակական կարծիքի վրա: Եթե, իհարկե, հասարակական կարծիքն ընդհանրապես հետաքրքրված է եւ մեզ նման երկրներում այդ կարծիքը կարող է ռեալ ազդեցություն գործել քաղաքական գործիչների՝ որոշում ընդունելու վրա: Ես դա չեմ տեսնում. հասարակական կարծիքը բավական պասիվ է եւ այստեղ, եւ Ադրբեջանում, եւ ԼՂՀ-ում: Եթե անգամ ակտիվ էլ լինի, հաշվի առնելով մեր պետությունների՝ իշխանություն-հասարակություն հարաբերությունների բնույթը, չեմ կարծում, որ հասարակական կարծիքը, գոնե այս պահին, էական նշանակություն ունենա քաղաքական որոշում կայացնելու գործընթացի վրա: Վերջին հաշվով հանգում ենք նույն հարցին՝ իշխանություններն ուզո՞ւմ են գնալ հարցի հանգուցալուծման: Եթե ցանկությունը լինի՝ ձեւակերպումներ դիվանագետները միշտ էլ կգտնեն»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել