Լրահոս
Օրվա լրահոսը

«Առեղծվածային խեղկատակը»՝ Երեւանում

Հոկտեմբեր 14,2005 00:00

Հայ-իտալական
բարեկամության 10-րդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական
թատրոնում, առաջին անգամ Հայաստանում, ներկայացվեց Դարիո Ֆոյի «Առեղծվածային խեղկատակը»
կատակերգությունը: Դարիո Ֆոն իտալական մշակույթն արտերկրում
ներկայացնող ամենաճանաչված անհատներից է եւ քանի որ ավելի շատ «խոսում է մարմնով»,
նրա լեզուն համամարդկային է: «Առեղծվածային խեղկատակը» ներկայացրին «Աբսուրդա կոմիկա»
թատրոնի դերասաններ Ստեֆանո դի Պիետրոն եւ Քրիստիանո Բեֆֆան: Ներկայացումը, որ չէր
կրում ավանդական թատրոնին հատուկ երանգներ, հանդիսատեսի հետ հաղորդակցվում էր ավելի
շատ արտահայտչական միջոցներով եւ միջնադարյան ծաղրածուներին հատուկ ոճով: Այն շատ
հետաքրքիր էր իր տեսակի մեջ, որ բերում էր հայ հանդիսատեսի համար գրեթե անծանոթ մի
մոտեցում՝ նրան ներկայացնելով միջնադարյան խեղկատակի եւ այսօրվա կատակերգուի մի հետաքրքիր
զուգորդում: «Ներկայացվածը ինձ հետաքրքիր է, քանի որ իրենք արմատներին շատ մոտ են,-
ասաց Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս Ստեփան Շահինյանը:- Տեղեկություն
ստանում ես բուն ակունքից: Հենց սա է, որ շատ տպավորիչ է դարձնում խաղը: Ես բավականաչափ
ուսումնասիրել եմ «Կոմեդի դը Արտեն», բայց ոչ այդ ծավալով: Իսկ այստեղ կարծես առաջին
ձեռքից ես ստանում ամենը»: Ստեֆանո դի Պիետրոն ընդհանուր գիտի հայկական մշակույթը
եւ «Առավոտին» ասաց, որ ինքը թեպետ տպավորված է Հայաստանից, սակայն դեռ պետք է ուսումնասիրի,
հայտնագործի ու հայտնաբերի իր համար հայ մշակույթ կոչվածը: Քրիստիանո Բեֆֆան՝ երիտասարդ
ու հմայիչ մի իտալացի, մեծ վարպետությամբ էր մարմնավորում քաղցած մարդուն, որ երեւակայում
է, թե ուտում է իր մարմնի մասերը: Այնուհետեւ նույն երեւակայության օգնությամբ հայտնվում
է այնպիսի խոհանոցում, ուր ամեն բան կա եւ ինքը վայելում է գտած բարիքները: «Առեղծվածային
խեղկատակի» հեղինակը ինքը կատարյալ խեղկատակ է, որ իրեն վերապահված՝ զուտ մասնագիտությամբ
պայմանավորված ազատությամբ վեր է հանում անարդարությունն ու կյանքի մանեւրները եւ
միաժամանակ կոչ է անում գիտակցության արթնացման, քանզի միայն այդկերպ կարելի է գտնել
արդարությունը: Իսկ երեկ Իտալիայի դեսպանատանը իտալացի կատակերգուները կազմակերպել
էին «Դիմակներ եւ ծամածռություններ» կոնֆերանս-ներկայացումը, որտեղ տարբեր դիմակների
մասին շատ հետաքրքիր բացատրություններ եղան՝ համեմված իրենց յուրօրինակ արվեստով:
Շարունակվում է նաեւ իտալացի հայտնի վարպետների ֆիլմերի ցուցադրումը: Այսօր
«Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Տավիանի եղբայրների «Քաոս» ֆիլմը: ՌՈՒԶԱՆ
ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել