Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՏՔԵՐԸ ՀԵՌՈ՛Ւ ԲՈՒՀԵՐԻՑ»

Հոկտեմբեր 14,2005 00:00

Երեկ
տարբեր բուհերի ուսանողների հերթական ակցիան տեղի ունեցավ կառավարության շենքի առաջ՝
ընդդեմ կառավարության թիվ 975-Ն որոշման, որը սահմանում է բուհական խորհուրդների
ձեւավորման նոր կարգը: Ակցիայի հիմնական կազմակերպիչը «Բուհերի
ավտոնոմիայի պաշտպանության խորհուրդն» է, որ պատրաստվում է գնալ մինչեւ վերջ՝ մինչեւ
կառավարության սույն որոշման կասեցում: Խորհրդին չի բավարարում այն փաստը, որ որոշ
բուհերում, այդ թվում՝ ԵՊՀ-ում, բուհի ներկայացուցիչների 50 տոկոսը պետք է դառնա
62. «Ես այս գործընթացը կասկածի տակ չեմ դնում, մենք հասնելու ենք որոշման կասեցմանը,-
ասում է խորհրդի անդամ Գոհար Վեզիրյանը:- Եթե գործող կարգը չէր բավարարում նոր կրթական
համակարգի չափորոշիչներին, միասին նստեինք, գրեինք նոր կարգ, բայց դա բացառապես պետք
է լիներ երկխոսության շրջանակներում: Այսինքն՝ բուհերում սովորող, աշխատող մարդիկ
պետք է հնարավորություն ունենան իրենց տեսակետը ներկայացնել: Որովհետեւ դա աշխատանքային
փաստաթուղթ է»: Ըստ Գ. Վեզիրյանի, այստեղ միարժեք խնդիրը քաղաքական է. «Հենց
թեկուզ տարբեր բուհերում թռուցիկների բաժանման հարցը, որ արվել էր ուսանողներին որոշման
հետ ծանոթացնելու նպատակով: Հետո առանձին-առանձին այդ թռուցիկ բաժանողներին տարել
էին դեկանատներ եւ ճնշել՝ ուզում ես այլեւս այստեղ չսովորե՞լ… Իսկ ուսանողը կախման
մեջ է դեկանից, դեկանը՝ ռեկտորից, ռեկտորը՝ հանրապետության նախագահից»: Եթե ի սկզբանե
բոլորը կախման մեջ են, ապա ինչպե՞ս եք պնդում, թե նոր որոշմամբ եւ խորհուրդների կազմում
կառավարության ներկայացուցիչների ու օլիգարխների «ներմուծմամբ»՝ բուհերը զրկվում
են անկախությունից եւ քաղաքականացվում են: Մեր այս հարցին ի պատասխան՝ իրենց նպատակների
էությունը Գ. Վեզիրյանը այսպես բացատրեց. «Երբ կառավարությունը կասեցնում է որեւէ
որոշում՝ համալսարանում միանգամից իրավիճակ է փոխվում, ասպիրատների խնդրից հետո սկսեցին
ուսանողների հետ հաշվի նստել: Յուրաքանչյուրն իր տեղում պետք է իր իրավունքների համար
պայքարի: Քանի որ ԵՊՀ-ում շուտով ռեկտորի ընտրություններ են, այդ ամենը նաեւ ռեկտորի
ընտրության հետ է կապված: Խնդիր է դրված, թե ով կվերցնի ռեկտորի պորտֆելը, ով գիտխորհրդում
կունենա առավելագույն ձայն, որպեսզի նրա քաղաքական գիծն էլ ԵՊՀ-ում դրվի գործունեության
մեջ: Իսկ այս պայքարով ուսանողները գործոն են դառնում: Կոչ ենք անում բոլոր ուսանողներին՝
միանալ, պաշտպանել իրենց իրավունքները»: Այս բոլոր ակցիաներին զարմանալիորեն
չեն մասնակցում ոչ բուհական ուսխորհուրդները, ոչ էլ որեւէ կերպ իրենց կարծիքն են
հայտնում ռեկտորներից շատերը: Այսինքն՝ նրանք, ովքեր հենց սկզբից բարձրացրին այս
աղմուկը, եւ ինչպես մի առիթով կանխատեսել էինք, թաքնվեցին ուսանողների հետեւում:
Սակայն երեկ հավաքված ուսանողները շեշտում էին, որ իրենք ամենեւին էլ իրենց ռեկտորներին
պաշտպանելու չէին եկել: «ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը ռադիոյով վերջերս ասել է,
որ ԵՊՀ ռեկտորը, որ կլանային համակարգ է ստեղծել բուհում, համալսարանի պատուհաններն
իր տղայի «ցեխից» է պատվիրում: Մենք այդ ամենը հասկանում ենք, եւ տպավորություն չստեղծվի,
թե եկել ենք ռեկտորին պաշտպանելու, պարզապես որոշման տակ բուհական համակարգի կործանումն
է նշմարվում»,- ասում է արեւելագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Մարտիրոսյանը:
Իսկ աստվածաբանության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Ստեփանյանը այսպես
է հասկանում որոշման էությունը. «Որոշում են ընդունել մեր բուհերը սեփականացնելու:
Այսինքն՝ բուհերը կդառնան հարուստ մարդկանց սեփականություն, եւ իրենք կարող են հեշտությամբ
օպտիմալացնել մեր դասախոսներին, փակել ֆակուլտետները»: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել