Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր է, բայց պետք չէ

Հոկտեմբեր 14,2005 00:00

Անվճար
բուժելու համար միայն բարի ցանկությունը քիչ է Բժիշկ-էնդոկրինոլոգ
Հրանտ Սարգսյանի մասին ավելի շատ տեղյակ են Ռուսաստանում եւ Ուկրաինայում, հատկապես՝
շաքարային դիաբեդով տառապողները: Վերջին 30 տարում նա բուժել է հազարից ավելի հիվանդի:
Բուժել է ոչ սովորական, այլ՝ իր մեթոդով, որը մինչ օրս չի փոխանցել ոչ մեկին: Իսկ
նա արդեն 78 տարեկան է: Ժամեր են պետք, որպեսզի հնարավոր լինի ծանոթանալ ռուսական
եւ հայկական մամուլում նրա հրաշք մեթոդի մասին տպագրված բոլոր նյութերին, բուժված
«մեծամեծերի» շնորհակալագրերին, հայտնի պրոֆեսորների բարձր գնահատականին: Բժիշկն
աշխատել է տնային պայմաններում, ինչի համար ունի համապատասխան արտոնագիր: Նրա ունեցած
ապացույցները համոզիչ են՝ իր մեթոդով բուժման արդյունքում լիովին վերականգնվում են
վերջույթների մկանային եւ ոսկրային հյուսվածքները, փակվում փտախտից առաջացած վերքերը,
ինչը դասական բժշկության առաջարկած եղանակներով բարդ է ու ոչ միշտ՝ հնարավոր: Հ.
Սարգսյանի գյուտն արտոնագրվել է 1997-ին: 1990-ականներից սկսած առողջապահական վերնախավը
նրա խնդրանքին՝ թե «հիվանդանոցում կոյկաներ հատկացրեք», պատասխանել է, թե «մեթոդը
խիստ հետաքրքրական է, բայց չենք կարող տեղ տալ»: Ավելին, իր ասելով՝ «որ չկարողանամ
գործ անել, սուտ մեղադրանքով փորձել են ինձ բանտարկել, մի տարի անց արդարացվեցի ու
որոշեցի այլեւս նրանց չդիմել»: Առողջապահության ներկա նախարարին նա չի դիմել. «Ազնիվ
մարդ է, բայց ինձ օգնել չի կարող, իմ խնդրանքը կառավարությունը պետք է լսի»: Վերջին
4 տարիներին բժիշկը Հայաստանից չի բացակայել՝ հիվանդ չունի. «Ուկրաինայում էի աշխատում,
այնտեղ էլ քաղաքական վիճակը խառնվեց, վերադարձա, հիմա ուզում եմ այստեղի հիվանդներին
բուժել, բայց հնարավորություն չկա՝ սարքեր են պետք, նյութեր, դեղեր: Եթե տրամադրեն՝
ես պատրաստ եմ անվճար բուժել: Ախր հիվանդներին ինսուլինով ապահովելու համար այդքան
փող են ծախսում, թող պայմաններ ստեղծեն՝ ես իրենց բեռը կթեթեւացնեմ, վա՞տ է»: Բժիշկը
փորձել է հիվանդներին իր մասին տեղեկացնել հայտարարությունների միջոցով, բայց «ուր
գնացի՝ փող ուզեցին, չեն ուզում հասկանալ, որ ես բարեգործություն եմ ուզում անել,
ինձ ռեկլամ պետք չէ»: Հիմա նա հույսը դրել է Հայաստանի կոմկուսի 1-ին քարտուղար Ռուբեն
Թովմասյանի վրա՝ «նա ինձ լսել է եւ խոստացել է օգնել ամեն ինչով»: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել