Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սակագնային մահակ

Հոկտեմբեր 14,2005 00:00

Մոսկվան գտել է ԱՊՀ կոչվող «կալպակի» տակ գտնվող իր անհնազանդ
գործընկերների սանձահարման թերեւս ամենաէֆեկտիվ եղանակը, որը մեկ արտահայտությամբ
կարող է բնութագրվել իբրեւ էներգա-սակագնային մահակ: Ավելի
ճիշտ, գտածոն այնքան էլ նոր չէ, պարզապես եկել է մի պահ, երբ, ՌԴ արտգործնախարար
Սերգեյ Լավրովի կարծիքով, այդ մահակի կիրառման պրակտիկան արդեն կարելի է հրապարակայնորեն
մատուցել՝ որպես երկրի արտաքին քաղաքական պաշտոնական կռվան: Ահա թե, ըստ ռուսական
«ՆԳ» թերթի, ՌԴ Դաշնային խորհրդի փակ նիստին ինչպես է ձեւակերպել իր ասելիքը պրն
Լավրովը. «Մեր երկրի գլխավոր դիվանագիտական ռեսուրսը գազն է, նավթը եւ էլեկտրաէներգիան:
ԱՊՀ անդամ մեր ոչ բավարար լոյալ հարեւանների նկատմամբ անհրաժեշտ է կիրառել տնտեսական
ճնշման միջոցների մեր ողջ բազմազան զինանոցը»: Ի՞նչ է ստացվում. փաստորեն,
եթե ֆորմալիզացնենք ՌԴ արտաքին քաղաքական «լավրովյան» մեթոդը, ապա այն, օրինակի համար,
ստորեւ բերված պայմանական սխեմայի փոխարեն՝ «Հայաստան, այդպես մի վարվիր, քանի որ
այդպես արդարացի չէ», կընդունի հետեւյալ տեսքը. «Հայաստան, այդպես մի վարվիր, հակառակ
դեպքում, արդարացի է թե ոչ, գազդ կթանկացնեմ կամ ընդհանրապես կկտրեմ»: Ինչպես արդեն
վերը նշեցինք, ռուսական էներգակիրների սակագնային մանիպուլյացիան Մոսկվան վաղուց
է ներառել իր դիվանագիտական զինանոցի մեջ: Սակայն հանգամանքը, որ այդ գործելակերպը,
թվում է թե՝ հակառակ ցանկացած տրամաբանության, փաստորեն, պաշտոնականացել է, հավանաբար
պայմանավորված է ԱՊՀ տարածքում Միացյալ Նահանգների ազդեցության շարունակվող աճով:
Համենայնդեպս, հենց այդպես են մեկնաբանում Լավրովի հիշյալ հայտարարությունը ռուս
փորձագետները: Վերջիններս խորհուրդ են տալիս նաեւ Մոսկվայի այդ վարքագիծը դիտարկել
Բելառուսի եւ Ուզբեկստանի նկատմամբ ԱՄՆ կողմից կիրառվող «համարժեք քաղաքականության»
հետ համեմատության համատեքստում: Իսկ մենք շտապենք հանգստացնել մեր ընթերցողներին.
Մոսկվայից տառացիորեն վասալային կախման մեջ գտնվող Հայաստանին առայժմ սակագնային
այդ մահակը չի սպառնում, իսկ մեր բերած օրինակն ընդամենը «դիդակտիկ-ուսուցողական»
նպատակ էր հետապնդում: Մահակի զոհերի ամենառեալ թեկնածուների թվում ներկայումս նշվում
են ԱՊՀ անդամ երեք երկրներ, որոնց անվանումները, թերեւս, արդեն կռահեցիք: Ահա թե
ինչ «խորհրդավոր» հարցադրում է անում այդ կապակցությամբ ինքը՝ ՌԴ արտգործնախարարը.
«Ի՞նչ կերպ են այնպիսի պետությունները, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը եւ Ադրբեջանը,
կառուցում իրենց հարաբերությունները Եվրաատլանտյան հանրության հետ: Գուցե ի վնաս
Ռուսաստանի հետ ավանդական կապերի՞»: Վա՜յ դրանց գազին: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել