Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոք-կուսակցություն՝

Հոկտեմբեր 13,2005 00:00

Ռոք-կուսակցություն՝ քրիստոնեական երանգով Հոկտեմբերի վերջին «ARMY of GOD» ռոք խումբը Երեւանում հանդես կգա համերգային մեծ ծրագրով Խումբը, որ արդեն ձայնագրել է 2 ալբոմ՝ «Արմագեդոն» եւ «Լինել Քո լույսի մեջ», օրգանական շարունակությունն է «Ոստան Հայոցի»: «ARMY of GOD»-ի ղեկավար Հովհաննես Կուրղինյանին հասարակությունը դեռեւս հիշում է որպես «Ոստան Հայոց» խմբի Հովհան, որը ռոք շարժման մեջ է ավելի քան 25 տարի: 1986-ին ստեղծված «Ոստան Հայոցը» ազգային-հայրենասիրական, ցեղասպանության, պատմական արդարության վերականգնման, ավելի ուշ՝ նաեւ ազգային զարթոնքի թեմաները ռոք ժանրի մեջ ի մի բերելով՝ մեծ ճանաչում ձեռք բերեց: Իսկ այն արժեքներն ու շարժառիթները, որոնք հիմք հանդիսացան ստեղծելու «Ոստան Հայոցը», երբեւէ չեն դադարել գոյություն ունենալուց: «Խումբը ես համարում եմ հաջողված, քանզի ստեղծվեց կոնկրետ գաղափարախոսության հենքի վրա եւ չէր հետապնդում ոչ կոմերցիոն, ոչ լայն ճանաչման հասնելու նպատակ: Տղաները նվիրյալներ էին, որոնք ազգային երգերը մշակեցին ռոք ժանրում: Խումբը իրենից անկախ պատճառներով մի քանի անգամ դադարեցրեց գործունեությունը: Անընդհատ փոփոխվեցին խմբի անդամները: Այն կազմը, որն ավելի երկար է աշխատել, ցավոք, ցրվեց: Վահե Խաչատրյանը հիմա հայտնի կինոռեժիսոր է, ապրում է ԱՄՆ-ում: Արեգ Նազարյանը այսօր հասարակությանն ավելի հայտնի է որպես «Կիլիկիա» առագաստանավի «բոցման»: Դավիթ Մուշեղյանը՝ շնորհալի կիթառիստ, այժմ աշխատում է Մոսկվայում, Լեւոն Հախվերդյանը զբաղվում է ձայնագրություններով՝ «Բռեվի» ստուդիայում: «Ոստան Հայոցը» թողարկել է երկու ալբոմ, առաջինը՝ 89-ին՝ «Զարթիր, որդյակ» եւ 96-ին՝ «Քիմերներ»: Այդ ժամանակ ես Միացյալ Նահանգներում էի, որտեղից վերադարձա եւ մեծ հայրենասեր, անկախության բանակի հրամանատար, Շուշիի գրավման մասնակից Աշոտ Մալխասյանի հետ հիմնեցի ռոք ակումբ: Արդեն 2001-ին որոշեցի նոր խումբ ունենալ՝ քրիստոնեական ռոք կոչվող ուղղության մեջ»,- պատմեց Հ. Կուրղինյանը: Արվեստի աշխարհում այդքան անհանգիստ մարդ լինելով, Հովհանի անցումը դեպի քրիստոնեություն՝ շատերի համար անակնկալ ու զարմանալի էր: «Տարիների մաքառումներն ինձ բերեցին այն համոզման, որ մարդկության բոլոր, այդ թվում եւ արվեստի խնդիրների լուծումը, գտնվում է Քրիստոսի ուսմունքի մեջ: 2004-ի մայիսին ես եւ իմ համախոհները հիմնադրեցինք «Ազգային քրիստոնեական առաքելություն» կուսակցությունը»,- պատմեց Հ. Կուրղինյանը: «Մեր նպատակն է ստեղծել իրական քրիստոնեական կեցությամբ ապրող ազգապետություն: Ազգովի պիտի աշխատենք, որ սովետական մամլիչի տակից դուրս եկած խեղաթյուրված ուղեղներով եւ միայն անունով քրիստոնյա ազգի յուրաքանչյուր մանուկի սովորեցնենք Քրիստոսի ուսմունքը»,- համոզված է Հ. Կուրղինյանը: Նա եղել է Ազատության բանակի մարտիկ, Հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի մեջ: Արեգ Նազարյանի հետ հեղինակել է Աշոտ Նավասարդյանի ժամանակ ընդունված կանոնադրության՝ լեզվին եւ մշակույթին վերաբերող մասը: «Մարդիկ դադարում են սիրել եւ հարգել իրենց ազգային պատկանելությունը, որը շատ վտանգավոր է: Իսկ այն սուտը, թե նյութական բարեկեցությունը լուծում է բոլոր հարցերը՝ ծնում է բազմաթիվ չարիքներ»,- գտնում է Հովհաննես Կուրղինյանը: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել