Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՀՐԱՄՆ

Հոկտեմբեր 13,2005 00:00

ՎԱՀՐԱՄՆ ԱՅԼԵՎՍ ՎԱՆՆՈ Է Հայ տենորը դժգոհ է Հայաստանում եւ Իսպանիայում տարվող մշակութային քաղաքականությունից Վաննո Թադեո Լեոնին՝ Վահրամ Թադեւոսյանը, 5-ամյա ընդմիջումից հետո Իսպանիայից վերադարձել է Հայաստան: Տենորը համերգներով հանդես է եկել Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում, Ավստրիայում: Նա Ջուզեպպե Վերդիի եւ Ֆրանցիսկո Վինիասի անվան միջազգային մրցույթների դափնեկիր է, հայտնի անուն Բիլբաոյում: Դեռ Երեւանում 1996-ից մասնակցել է միջազգային մրցույթների, սովորել է Երեւանի պետկոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանում, վարպետության դասերի մասնակցել ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանի մոտ: 1999-2000թթ. աշխատելով Երեւանի օպերային թատրոնում՝ ունեցել մենահամերգներ եւ ընդամենը հասցրել Ալֆրեդի դերերգով հանդես գալ Վերդիի «Տրավիատայում»: Այնուհետեւ մեկնել է Բարսելոն՝ ընտանեկան պայմաններից ելնելով: Հետաքրքրվեցինք՝ ոչ հաճախ հանդիպող տենորին ինչպե՞ս Գեղամ Գրիգորյանը չպահեց մեր օպերային թատրոնում, մանավանդ բազմիցս նշել է, որ Հայաստանում էլ տենորի «սով» է: «Ինձ հեշտությամբ չեն թողել, պարզապես ծնողներս արտերկրում էին ապրում, ես էլ ստիպված էի մեկնել: Հայրս՝ ճանաչված նկարիչ Լեւոն Թադեւոսյանը, լայն կապեր ուներ դրսում, որոնք ի նպաստ ինձ ծառայեցին»,- ասաց Վ. Թադեւոսյանը: Երգիչը նկատեց, որ Հայաստանում մի արատավոր հոգեբանություն է սերմացած. «Մեզ մոտ չեն ուզում աստղեր բացահայտել, ոմանց համար ավելի ձեռնտու է մեկ-երկուսին անընդհատ գովազդել: Քավ լիցի, ես աստղ ասելով բնավ ինձ նկատի չունեմ: Կամ էլ փողեր են ծախսում, արտասահմանից երգիչներ հրավիրում, որոնք շատ անգամ չունեն մեր երգիչների միջին մակարդակը»: Զրույցի ընթացքում պարզվեց, որ Վ. Թադեւոսյանը նաեւ բարեգործական նպատակներով է Հայաստանում: «Իսպանիայի տարբեր քաղաքներում ունեմ ինձ հետ համագործակցող ագենտներ: Նրանք կազմակերպում են իմ մենահամերգները, որոնցից գոյացած հանգանակությունները ուղղվում են ավերված եւ պատերազմող երկրների որբերի խնդիրները լուծելուն: Ցանկությունս է, որ Արցախում զոհված ազատամարտիկների երեխաները եւս նման օգնություն ստանան»,- ասաց նա: Վերադառնալով իր բեմական գործունեությանը՝ երգիչն ասաց, որ բանակցություններ են գնում երեւանյան «Տրավիատայում» Ալֆրեդի դերերգով հանդես գալու համար: Նա նաեւ 1-2 մենահամերգ է պլանավորել հայրենիքում: Հետաքրքրվեցինք, թե ինչպես է մշակույթը «կառավարվում» Եվրոպայում, մասնավորապես իր նոր «հայրենիքում»՝ Իսպանիայում: «Հիմա Եվրոպայում, հատկապես Իսպանիայում հեռուստատեսությունը, ԶԼՄ-ները կարծես թե հակամշակութային քարոզչություն են սկսել: Չգիտեմ՝ ինչո՞ւ է ողջ աշխարհում նման տարօրինակ շարժում սկսվել. ամեն ինչ հրամցվում է՝ բացի մշակույթից: Այնպես որ, միայն Հայաստանում եւ Երեւանում չէ, որ արժե քննադատել մշակույթի պատասխանատուների նման վերաբերմունքը: Ինչ վերաբերում է Իսպանիային, այն ասես գնչուական երկիր լինի. եթե Հայաստանում արեւելյան մուղամներ են հնչում փողոցներում ու անգամ համերգային դահլիճներում, ապա Իսպանիայում գնչուական երաժշտությունն է «մոլեգնում»: Անգամ թագավորական թատրոնում ավելի շատ ֆլամենկո է հնչում, քան լուրջ կոմպոզիտորների ստեղծագործություններ, սիմֆոնիա, օպերա, ազգային իսպանական օպերետ»,- ասաց Վ. Թադեւոսյանը: Նրան 5 տարվա ընդմիջումից հետո փոխված Երեւանն էլ դուր չի գալիս. «Երեւանը մոդեռնացվել է, որը ընդամենը սովորական քողարկում է: Շատ շենքեր, որոնք պատմամշակութային արժեք ունեն եւ իսկապես կարոտ են նորոգման, չեն նորոգվում, փոխարենը կառուցվում են հայկական ճարտարապետությանը խորթ շենքեր: Ուզում եմ, որ մեզանում վերջապես վերանա օտարամոլությունը եւ իսկական մշակույթ պրոպագանդվի»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել