Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեզվի

Հոկտեմբեր 13,2005 00:00

«Լեզվի մասին» օրենքի խախտո՞ւմ Հայոց լեզվի ժամերի կրճատում՝ Գրերի գյուտի 1600-ամյակի կապակցությամբ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը սահմանում է հայոց լեզվի գործնական կիրառության տիրույթները, մասնավորապես՝ միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի պարտադիր ուսուցում՝ միտված մայրենիի անաղարտությանը,- այս մասին է հիշեցնում Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի հայոց լեզվի եւ մշակույթի ամբիոնի վարիչ Ռոբերտ Դավթյանը:- Օրենքի կիրարկմանն էր ուղղված կառավարության որոշումը՝ 1994-95 ուստարվանից ՀՀ բուհերում հայոց լեզվի երկամյա միասնական ուսուցման մասին, ինչն իրականացվել է մինչեւ օրս: Սակայն վերջերս, չգիտես ո՞ւմ եւ ո՞ր որոշմամբ է վիճարկվել ՀՀ կառավարության հիշյալ որոշումը, եւ այս ուսումնական տարուց կիսով չափ կրճատվեց հայոց լեզվի ժամաքանակը ոչ մասնագիտական բուհերում»: Ըստ պրն Դավթյանի, այսքանով խախտումը չի վերջանում. կատարվել է խմբերի միացում՝ մինչեւ 30-35 հոգի հայկական խմբերում, եւ մինչեւ 18՝ օտարալեզու խմբերում: «Իսկ մինչեւ հիմա գործող նախարարության որոշմամբ, հայկական խմբերում պետք է լինի մինչեւ 15, իսկ ռուս եւ օտարազգի քաղաքացիներինը՝ մինչեւ 5 ուսանող: Ի՞նչ հիմքերով է փոխվել կառավարության՝ օրենքի ուժ ստացած վերոհիշյալ որոշումը»,- հարցնում է Ռ. Դավթյանը: Հարցի սպառիչ պատասխանը մենք այդպես էլ չստացանք: Կրթության եւ գիտության նախարարության համապատասխան բաժիններում ընդհանրապես տեղյակ չեն այս մասին: Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը եւս մեզ հետ զրույցում իր անտեղյակությունը հայտնեց եւ ասաց, որ եթե մենք իրենց գրավոր դիմենք եւ մեր անհանգստությունը հայտնենք, իրենք անպայման կգնան եւ տեղում կպարզեն՝ խախտում եղե՞լ է, թե՞ ոչ: «Եթե միայն գրություն ստանանք, կարող ենք գնալ, ստուգել եւ միջոցներ ձեռնարկել»: Խմբագրությունը, իհարկե, գրություն չի պատրաստվում ուղարկել, բացի սույն հոդվածի հրապարակումից: Մնացածը համապատասխան մարմինների անելիքն է: Հարցի կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք նաեւ ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Արեստ Բեգլարյանից: Նա ասաց, որ բուհական խորհուրդն է քննարկումների արդյունքում որոշել, որ միացվեն հայոց լեզվի խմբերը եւ կրճատվեն ժամերը, որպեսզի մեկ տարի էլ հայոց լեզու անցնեն մագիստրատուրայում: Պրն Բեգլարյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ քննարկումներին ներկա են եղել բուհի շահագրգիռ բոլոր անձինք եւ համատեղ որոշում են կայացրել: Սակայն հայոց լեզվի եւ մշակույթի ամբիոնի վարիչը համաձայն չէ որոշման հետ: Նա ասում է, որ մագիստրատուրա է անցնում բուհի 20 տոկոսը միայն, «իսկ մնացածը, փաստորեն, պետք է բավարարվեն 1 տարով: Ընդհանրապես հայոց լեզու սովորում են դպրոցում, բայց քանի որ մեր դպրոցն այսօր ողբերգական վիճակում է, գոնե այստեղ պետք է չկրճատել եղած ժամերը: Կամ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է 18 պարսիկին մեկ խմբում հայերեն սովորեցնել»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել