Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 13,2005 00:00

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ ԴԻՍԵՐՏԱՑԻԱՆԵՐ ԵՆ «ԹԽՎՈՒՄ» Ինչպես են դասախոսները գիտական աստիճան ձեռք բերում «Առավոտը» բազմիցս ահազանգեր է ստացել այն մասին, որ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ Մնացական Մանուկյանը «դիսերտացիներ սարքելու եւ վաճառելու գործում վիրտուոզ աճպարար է»: Հասկանալի պատճառներով չենք ներկայացնում դասախոսների անունները: Ըստ վերջիններիս, պարոն Մանուկյանը այս հարցում համագործակցում է իր հավատարիմ գործընկերոջ՝ մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արամ Աբրահամյանի հետ: Վերջինս էլ տարածում է լուրեր, իբր մանկավարժականի ռեկտորը ոչ մի հարց չի լուծում առանց իրեն, բերելով հետեւյալ օրինակը. «Տեսա՞ք, ոնց Մանուկյանին (նույն ինքը՝ Մնացական Մանուկյան) ռեկտորը չհանեց, չնայած որ լրացել էր նրա պաշտոնավարման ժամանակը եւ տարիքն էլ արդեն 71 է: Ավելին, անժամկետ հրաման տվեց իր պաշտոնում մնալ»: Խմբագրություն ահազանգողները օրինակ են բերում համալսարանի նախկին պարային ամբիոնի դասախոս Գոհար Աբրահամյանին: «Ժամանակին Մանուկյանը չկարողացավ այս դասախոսի «գործերը սարքել», թեեւ թխել էր մի դիսերտացիա պարային ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանի աշխատությունից ու ներկայացրել դիսերտացիաների պաշտպանական խորհուրդ: Եվ եթե փաստաթղթերի հետ կապված պրոբլեմ չլիներ, հիմա այդ կինը գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կունենար: Բայց համոզված ենք, որ այդ կինը գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը կստանա»: Դասախոսները նշեցին նաեւ Արցախից Արմինե Բաղդասարյանի անունը. «Սրանն արդեն գրել է Մանուկյանի հավատարիմը՝ Աբրահամյանը»: Ըստ մեր զրուցակիցների՝ գուցե այս բողոքը չլիներ, եթե մի առավել ցնցող լուր ամբողջ համալսարանը տակնուվրա չաներ. դոկտորական ատենախոսության պաշտպանության է պատրաստվում Մ. Մանուկյանի աղջիկը՝ Արմինե Մանուկյանը, ինչի կապակցությամբ Ա. Աբրահամյանը խոստացել է նրան այդ դիպլոմը՝ բարձրաձայնելով. «Ես ղարաբաղցի Վերդիի տղան չլինեմ, որ դու էդ աստիճանը չստանաս»: Ինչպես տեղեկացրին խմբագրություն դիմողները, ընդամենը օրեր առաջ կուլտուրայի ֆակուլտետի դեկան Ռ. Միրզախանյանի գրած զեկուցագրի համաձայն, Ա. Մանուկյանը հեռացվել է ֆակուլտետից՝ աշխատանքից մշտապես բացակայելու, հոր անունը չարաշահելու պատճառով: «Թիկունքին ունենալով հորը եւ ամենազոր Ա. Աբրահամյանին, Ա. Մանուկյանը հավանաբար կհասնի երազանքին: Ինչպես ընդունված է մեր բուհում, այդ դիսերտացիան էլ թխված է ամբիոնի նախկին հայցորդի աշխատանքից»,- տեղեկացրին դասախոսները: «Առավոտը» հետաքրքրվեց վերջիններից, թե ի՞նչ արժե այդ ամբողջ «գործարքը»: Պարզվեց, որ այն տատանվում է 2000-3000 դոլարի սահմաններում: «Առավոտը» կապվեց մանկավարժական համալսարանի ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ Մ. Մանուկյանի հետ՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով: Պատասխանը եղավ շատ կարճ. «Առաջին անգամ եմ լսում նման բանի մասին: Այս մակարդակի հերյուրանք առաջին անգամ եմ լսում: Խորհուրդ կտայի ձեզ դիմած դասախոսներին՝ զբաղվել իրենց աշխատանքով ու չփորձել նման ճանապարհով սեւացնել ե՛ւ մեր աշխատանքը, ե՛ւ համալսարանն ընդհանրապես»: Մենք փերձեցինք այս ամենի մասին պարզաբանումներ ստանալ նաեւ մանկավարժականի ռեկտորից: Օգնականը ոչ մի կերպ չէր կապում նրա հետ: Իսկ բուհի մամուլի քարտուղար Սիլվա Ասրյանը մեզ հայտնեց, որ իրեն էլ չի հաջողվել խոսել ռեկտորի հետ: Մեր հարցին, թե ռեկտորը գիտե՞ր՝ ինչի մասին է խոսքը, Ս. Ասրյանը ասաց, որ «օգնականն արդեն տեղեկացրել էր, բայց նա ոչինչ չասաց եւ գնաց»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել