Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչը

Հոկտեմբեր 13,2005 00:00

Կանաչը պահպանենք մտքում եւ սրտում «Կանաչի պահպանման տարի» հուզիչ կարգախոսի ներքո կատարվող գործողությունները, ինչպես եւ սպասվում էր, զավեշտալի դրսեւորումներ են ստանում: Օրինակ՝ Կորյունի 13 հասցեում կանաչը պահպանելու մի յուրօրինակ ձեւ են գտել. ինչ-որ անհայտ մարդիկ, որոնց ինքնությունը մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, նշված հասցեով շենքի դիմացի հենց գազոնների վրա որոշել են «բուտկա» տեղադրել: Իհարկե, քաղաքապետարանից, միայն իրենց բնորոշ խորաթափանցությամբ, մեզ նկատել տվեցին, որ նշված հատվածում կանաչ խոտ չի աճում. այնտեղ միայն հողածածկ տարածք է: Մեր կողմից հարգելի չինովնիկին հիշեցնենք, որ այդ հողակտորը ոչ վաղ անցյալում խոտածածկ էր, իսկ ցանկության դեպքում այդպիսին կարող է դառնալ նաեւ հիմա: «Այս գազոնը վերջին ամիսներին դիտավորյալ չէր խնամվում ու ջրվում, դրա համար էլ խոտը վերացել էր, բայց հո ծառերը կան: Եկան հենց ծառի կողքից սկսեցին կրպակատիպ ինչ-որ բան սարքել»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին բնակիչները: Ուշագրավ մի հանգամանք. բնակիչներն այնքան էլ հաճույքով չէին պատասխանում հարցերին, զգուշանալով հավանական անախորժություններից: Կրպակի տեղադրման բուն փաստը, այնուամենայնիվ, նրանց խիստ զայրացրել էր: Կենտրոն թաղապետարանից մեզ տեղեկացրին, որ խնդրո առարկա շինությունն օրինական է: Այս առիթով՝ փոքրիկ մի տեղեկանք. Կենտրոն համայնքի առաջարկով եւ Երեւանի քաղաքապետի որոշմամբ արգելվել է 20 եւ պակաս քառակուսի մետր տարածք ունեցող կառույցների համար շինթույլտվություն տալը: Ստացվում է, որ 21 քմ տարածքով «բուտկայի» կառուցումն արդեն թույլատրելի է: Էլ չենք խոսում այն մասին, որ ամենաթռուցիկ իսկ հայացքը բավական է համոզվելու համար, որ անմիջապես բնակելիի լուսամուտների դիմաց եւ գազոնների մեջ կառուցված այդ անհեթեթ օբյեկտը չի համապատասխանում գործող քաղաքաշինական տարրական նորմերին: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ Հ. Գ. Չնայած բնակիչների պայքարին՝ կրպակի տեղադրման շինաշխատանքները մոտենում են ավարտին: Հերթական անգամ ոչ վաղ անցյալում կանաչ տարածքը փոխարինվեց բետոնով: «Մենք կանգ չենք առնի, եթե թույլ տանք, որ այս փոքր կրպակն այստեղ կանգուն մնա, ուրեմն վաղը գազոնների տեղը սուպերմարքեթներ կսարքեն»,- ասացին բնակիչներն ու տեղեկացրին, որ դիմելու են բոլոր հնարավոր ատյաններին՝ կրպակի ապամոնտաժման աշխատանքում իրենց աջակցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել