Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԶՊԵՏՆ

Հոկտեմբեր 13,2005 00:00

«ՄԱՐԶՊԵՏՆ ԻՆՁ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ» Սիսիանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը իրեն համարում է «Ժողպատգամավորի» թիմակից Սյունիքի մարզի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Սիսիանում, քաղաքապետի ընտրություններն ու դրանց շուրջ կրքերի շիկացումները հոկտեմբերի 9-ից հետո մնացին ետին պլանում: Այդ ընտրությունների արդյունքում արդեն երրորդ ժամկետում Սիսիանի քաղաքապետ ընտրվեց Լավրենտի Սարգսյանը՝ չնայած այն բանին, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, իրենց վարչական ռեսուրսներով հանդերձ, աջակցում էին քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Վահրամ Սարգսյանին: Անդրադառնալով իր համար բարեհաջող անցած ընտրություններին` Սիսիանի քաղաքապետ Լ. Սարգսյանը հավաստիացրեց, որ ընտրություններն անցել են քաղաքակիրթ մթնոլորտում. «Ոչ մի խախտում չի եղել: Ընտրություններին մասնակցել է մոտ 7000 սիսիանցի: Քվեարկության արդյունքներով ես հաղթել եմ 3000 ձայնի տարբերությամբ: Իհարկե, նախընտրական փուլում եւ ընտրությունների օրը եւս քաղաքի բնակիչների վրա ճնշումներ եղան, բայց ժողովուրդը կանգնեց իմ կողքին, եւ ուրախ եմ, որ ընտրությունները խաղաղ անցան: Օրերս ես հանդես եկա տեղի հեռուստատեսությամբ, իմ խորին շնորհակալությունը հայտնեցի նրանց, ովքեր ինձ ձայն են տվել: Ես կրկնակի շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր ինձ չեն ընտրել: Ինձ համար բոլոր սիսիանցիները նույնն են, եւ իմ գործունեության ընթացքում որեւէ խտրականություն այս իմաստով, վստահեցնում եմ, չի լինելու»: Այդուհանդերձ, ինչպիսի՞ն են լինելու քաղաքապետի եւ անցած ընտրություններում նրա ընդդիմախոսներ մարզպետի եւ ՀՀ վարչապետի հարաբերությունները, հատկապես քաղաքին վերաբերող խնդիրների լուծման համատեքստում: Ըստ Լ. Սարգսյանի՝ նորմալ. «Մարզպետը երեկ ինձ կանչել ու շնորհավորել է վերընտրության կապակցությամբ: Զանգել եւ շնորհավորել է նաեւ իմ մրցակից Վահրամ Սարգսյանը»: Ինչ վերաբերում է Սիսիանի խնդիրների լուծմանը, ապա Լ. Սարգսյանի համոզմամբ, ՀՀ կառավարությունը այսուհետ եւս կօժանդակի քաղաքի հիմնախնդիրների լուծմանը: «Ես արդեն 6 տարի եղել եմ Սիսիանի քաղաքապետ եւ շարունակելու եմ իրագործել կիսատ ու անավարտ մնացած ծրագրերը, որոնք կան Սիսիանում: Առաջինը, որ ուզում եմ անել՝ բնակելիներ կառուցել քաղաքի նորապսակներին բնակարաններով ապահովելու համար: Հույս ունեմ, որ ՀՀ կառավարությունը իր հնարավորության սահմաններում այդ նպատակի համար բյուջետային հատկացումներ կանի: Առանձնապես չլուծվող խնդիրներ առայժմ չկան, բայց մեծ ցանկություն կա վերակառուցել քաղաքի հրապարակը: Այս տարի ՀՀ կառավարությունն այդ աշխատանքների համար նախատեսել էր 80 մլն դրամ, եւ հույս ունենք, որ հաջորդ տարի եւս այդ նպատակի համար հատկացումներ կարվեն. տեսնենք»,- ասաց Սիսիանի քաղաքապետը՝ հավելելով, թե՝ «ամեն ինչ ճիշտ հունով կընթանա, որովհետեւ մենք (քաղաքապետը, մարզպետն ու ՀՀ վարչապետը- Ն. Մ.) պետության մարդ ենք եւ պետության համար ենք մտածում»: Դեռ նախընտրական փուլում հայտնի էր, որ Լ. Սարգսյանին այդ ընտրություններում մեծապես սատարել էր ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը: Որքանո՞վ է վճռորոշ եղել քաղաքապետի ընտրության հարցում խմբի աջակցությունը: «Ինձ եւ եւս մի քանի գյուղերում՝ Թանահատ, Աղիտու, Նորավան, Ծղուկ, Ղըզլջուղ, Մուցք, առաջադրված գյուղապետերի թեկնածուներին սատարել է «Ժողպատգամավոր» խումբը, եւ այդ բոլոր գյուղերում գյուղապետեր են ընտրվել հենց խմբի կողմից աջակցություն վայելող թեկնածուները: Իհարկե, խմբի աջակցությունից մեծ բան էր կախված: Ես ինձ համարում եմ այդ խմբի կողմնակից»,- երեկ մեր զրույցի ժամանակ հայտարարեց Սիսիանի քաղաքապետը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել