Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոք-կուսակցություն՝ քրիստոնեական երանգով

Հոկտեմբեր 13,2005 00:00

Հոկտեմբերի վերջին «ARMY of GOD» ռոք խումբը
Երեւանում հանդես կգա համերգային մեծ ծրագրով Խումբը, որ արդեն
ձայնագրել է 2 ալբոմ՝ «Արմագեդոն» եւ «Լինել Քո լույսի մեջ», օրգանական շարունակությունն
է «Ոստան Հայոցի»: «ARMY of GOD»-ի ղեկավար Հովհաննես Կուրղինյանին հասարակությունը
դեռեւս հիշում է որպես «Ոստան Հայոց» խմբի Հովհան, որը ռոք շարժման մեջ է ավելի քան
25 տարի: 1986-ին ստեղծված «Ոստան Հայոցը» ազգային-հայրենասիրական, ցեղասպանության,
պատմական արդարության վերականգնման, ավելի ուշ՝ նաեւ ազգային զարթոնքի թեմաները ռոք
ժանրի մեջ ի մի բերելով՝ մեծ ճանաչում ձեռք բերեց: Իսկ այն արժեքներն ու շարժառիթները,
որոնք հիմք հանդիսացան ստեղծելու «Ոստան Հայոցը», երբեւէ չեն դադարել գոյություն
ունենալուց: «Խումբը ես համարում եմ հաջողված, քանզի ստեղծվեց կոնկրետ գաղափարախոսության
հենքի վրա եւ չէր հետապնդում ոչ կոմերցիոն, ոչ լայն ճանաչման հասնելու նպատակ: Տղաները
նվիրյալներ էին, որոնք ազգային երգերը մշակեցին ռոք ժանրում: Խումբը իրենից անկախ
պատճառներով մի քանի անգամ դադարեցրեց գործունեությունը: Անընդհատ փոփոխվեցին խմբի
անդամները: Այն կազմը, որն ավելի երկար է աշխատել, ցավոք, ցրվեց: Վահե Խաչատրյանը
հիմա հայտնի կինոռեժիսոր է, ապրում է ԱՄՆ-ում: Արեգ Նազարյանը այսօր հասարակությանն
ավելի հայտնի է որպես «Կիլիկիա» առագաստանավի «բոցման»: Դավիթ Մուշեղյանը՝ շնորհալի
կիթառիստ, այժմ աշխատում է Մոսկվայում, Լեւոն Հախվերդյանը զբաղվում է ձայնագրություններով՝
«Բռեվի» ստուդիայում: «Ոստան Հայոցը» թողարկել է երկու ալբոմ, առաջինը՝ 89-ին՝ «Զարթիր,
որդյակ» եւ 96-ին՝ «Քիմերներ»: Այդ ժամանակ ես Միացյալ Նահանգներում էի, որտեղից
վերադարձա եւ մեծ հայրենասեր, անկախության բանակի հրամանատար, Շուշիի գրավման մասնակից
Աշոտ Մալխասյանի հետ հիմնեցի ռոք ակումբ: Արդեն 2001-ին որոշեցի նոր խումբ ունենալ՝
քրիստոնեական ռոք կոչվող ուղղության մեջ»,- պատմեց Հ. Կուրղինյանը: Արվեստի
աշխարհում այդքան անհանգիստ մարդ լինելով, Հովհանի անցումը դեպի քրիստոնեություն՝
շատերի համար անակնկալ ու զարմանալի էր: «Տարիների մաքառումներն ինձ բերեցին այն
համոզման, որ մարդկության բոլոր, այդ թվում եւ արվեստի խնդիրների լուծումը, գտնվում
է Քրիստոսի ուսմունքի մեջ: 2004-ի մայիսին ես եւ իմ համախոհները հիմնադրեցինք «Ազգային
քրիստոնեական առաքելություն» կուսակցությունը»,- պատմեց Հ. Կուրղինյանը: «Մեր նպատակն
է ստեղծել իրական քրիստոնեական կեցությամբ ապրող ազգապետություն: Ազգովի պիտի աշխատենք,
որ սովետական մամլիչի տակից դուրս եկած խեղաթյուրված ուղեղներով եւ միայն անունով
քրիստոնյա ազգի յուրաքանչյուր մանուկի սովորեցնենք Քրիստոսի ուսմունքը»,- համոզված
է Հ. Կուրղինյանը: Նա եղել է Ազատության բանակի մարտիկ, Հանրապետական կուսակցության
ստեղծման նախաձեռնող խմբի մեջ: Արեգ Նազարյանի հետ հեղինակել է Աշոտ Նավասարդյանի
ժամանակ ընդունված կանոնադրության՝ լեզվին եւ մշակույթին վերաբերող մասը: «Մարդիկ
դադարում են սիրել եւ հարգել իրենց ազգային պատկանելությունը, որը շատ վտանգավոր
է: Իսկ այն սուտը, թե նյութական բարեկեցությունը լուծում է բոլոր հարցերը՝ ծնում
է բազմաթիվ չարիքներ»,- գտնում է Հովհաննես Կուրղինյանը: ՌՈՒԶԱՆ
ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել