Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՀՐԱՄՆ ԱՅԼԵՎՍ ՎԱՆՆՈ Է

Հոկտեմբեր 13,2005 00:00

Հայ
տենորը դժգոհ է Հայաստանում եւ Իսպանիայում տարվող մշակութային քաղաքականությունից
Վաննո Թադեո Լեոնին՝ Վահրամ Թադեւոսյանը, 5-ամյա ընդմիջումից
հետո Իսպանիայից վերադարձել է Հայաստան: Տենորը համերգներով հանդես է եկել
Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում, Ավստրիայում: Նա Ջուզեպպե Վերդիի եւ Ֆրանցիսկո
Վինիասի անվան միջազգային մրցույթների դափնեկիր է, հայտնի անուն Բիլբաոյում: Դեռ
Երեւանում 1996-ից մասնակցել է միջազգային մրցույթների, սովորել է Երեւանի պետկոնսերվատորիայում՝
պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանում, վարպետության դասերի մասնակցել ճանաչված
տենոր Գեղամ Գրիգորյանի մոտ: 1999-2000թթ. աշխատելով Երեւանի օպերային թատրոնում՝
ունեցել մենահամերգներ եւ ընդամենը հասցրել Ալֆրեդի դերերգով հանդես գալ Վերդիի «Տրավիատայում»:
Այնուհետեւ մեկնել է Բարսելոն՝ ընտանեկան պայմաններից ելնելով: Հետաքրքրվեցինք՝ ոչ
հաճախ հանդիպող տենորին ինչպե՞ս Գեղամ Գրիգորյանը չպահեց մեր օպերային թատրոնում,
մանավանդ բազմիցս նշել է, որ Հայաստանում էլ տենորի «սով» է: «Ինձ հեշտությամբ չեն
թողել, պարզապես ծնողներս արտերկրում էին ապրում, ես էլ ստիպված էի մեկնել: Հայրս՝
ճանաչված նկարիչ Լեւոն Թադեւոսյանը, լայն կապեր ուներ դրսում, որոնք ի նպաստ ինձ
ծառայեցին»,- ասաց Վ. Թադեւոսյանը: Երգիչը նկատեց, որ Հայաստանում մի արատավոր
հոգեբանություն է սերմացած. «Մեզ մոտ չեն ուզում աստղեր բացահայտել, ոմանց համար
ավելի ձեռնտու է մեկ-երկուսին անընդհատ գովազդել: Քավ լիցի, ես աստղ ասելով բնավ
ինձ նկատի չունեմ: Կամ էլ փողեր են ծախսում, արտասահմանից երգիչներ հրավիրում, որոնք
շատ անգամ չունեն մեր երգիչների միջին մակարդակը»: Զրույցի ընթացքում պարզվեց,
որ Վ. Թադեւոսյանը նաեւ բարեգործական նպատակներով է Հայաստանում: «Իսպանիայի տարբեր
քաղաքներում ունեմ ինձ հետ համագործակցող ագենտներ: Նրանք կազմակերպում են իմ մենահամերգները,
որոնցից գոյացած հանգանակությունները ուղղվում են ավերված եւ պատերազմող երկրների
որբերի խնդիրները լուծելուն: Ցանկությունս է, որ Արցախում զոհված ազատամարտիկների
երեխաները եւս նման օգնություն ստանան»,- ասաց նա: Վերադառնալով իր բեմական
գործունեությանը՝ երգիչն ասաց, որ բանակցություններ են գնում երեւանյան «Տրավիատայում»
Ալֆրեդի դերերգով հանդես գալու համար: Նա նաեւ 1-2 մենահամերգ է պլանավորել հայրենիքում:
Հետաքրքրվեցինք, թե ինչպես է մշակույթը «կառավարվում» Եվրոպայում, մասնավորապես
իր նոր «հայրենիքում»՝ Իսպանիայում: «Հիմա Եվրոպայում, հատկապես Իսպանիայում
հեռուստատեսությունը, ԶԼՄ-ները կարծես թե հակամշակութային քարոզչություն են սկսել:
Չգիտեմ՝ ինչո՞ւ է ողջ աշխարհում նման տարօրինակ շարժում սկսվել. ամեն ինչ հրամցվում
է՝ բացի մշակույթից: Այնպես որ, միայն Հայաստանում եւ Երեւանում չէ, որ արժե քննադատել
մշակույթի պատասխանատուների նման վերաբերմունքը: Ինչ վերաբերում է Իսպանիային, այն
ասես գնչուական երկիր լինի. եթե Հայաստանում արեւելյան մուղամներ են հնչում փողոցներում
ու անգամ համերգային դահլիճներում, ապա Իսպանիայում գնչուական երաժշտությունն է «մոլեգնում»:
Անգամ թագավորական թատրոնում ավելի շատ ֆլամենկո է հնչում, քան լուրջ կոմպոզիտորների
ստեղծագործություններ, սիմֆոնիա, օպերա, ազգային իսպանական օպերետ»,- ասաց Վ. Թադեւոսյանը:
Նրան 5 տարվա ընդմիջումից հետո փոխված Երեւանն էլ դուր չի գալիս. «Երեւանը մոդեռնացվել
է, որը ընդամենը սովորական քողարկում է: Շատ շենքեր, որոնք պատմամշակութային արժեք
ունեն եւ իսկապես կարոտ են նորոգման, չեն նորոգվում, փոխարենը կառուցվում են հայկական
ճարտարապետությանը խորթ շենքեր: Ուզում եմ, որ մեզանում վերջապես վերանա օտարամոլությունը
եւ իսկական մշակույթ պրոպագանդվի»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել