Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչը պահպանենք մտքում եւ սրտում

Հոկտեմբեր 13,2005 00:00

«Կանաչի
պահպանման տարի» հուզիչ կարգախոսի ներքո կատարվող գործողությունները, ինչպես եւ սպասվում
էր, զավեշտալի դրսեւորումներ են ստանում: Օրինակ՝ Կորյունի
13 հասցեում կանաչը պահպանելու մի յուրօրինակ ձեւ են գտել. ինչ-որ անհայտ մարդիկ,
որոնց ինքնությունը մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, նշված հասցեով շենքի դիմացի
հենց գազոնների վրա որոշել են «բուտկա» տեղադրել: Իհարկե, քաղաքապետարանից, միայն
իրենց բնորոշ խորաթափանցությամբ, մեզ նկատել տվեցին, որ նշված հատվածում կանաչ խոտ
չի աճում. այնտեղ միայն հողածածկ տարածք է: Մեր կողմից հարգելի չինովնիկին հիշեցնենք,
որ այդ հողակտորը ոչ վաղ անցյալում խոտածածկ էր, իսկ ցանկության դեպքում այդպիսին
կարող է դառնալ նաեւ հիմա: «Այս գազոնը վերջին ամիսներին դիտավորյալ չէր խնամվում
ու ջրվում, դրա համար էլ խոտը վերացել էր, բայց հո ծառերը կան: Եկան հենց ծառի կողքից
սկսեցին կրպակատիպ ինչ-որ բան սարքել»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին բնակիչները:
Ուշագրավ մի հանգամանք. բնակիչներն այնքան էլ հաճույքով չէին պատասխանում հարցերին,
զգուշանալով հավանական անախորժություններից: Կրպակի տեղադրման բուն փաստը, այնուամենայնիվ,
նրանց խիստ զայրացրել էր: Կենտրոն թաղապետարանից մեզ տեղեկացրին, որ խնդրո
առարկա շինությունն օրինական է: Այս առիթով՝ փոքրիկ մի տեղեկանք. Կենտրոն համայնքի
առաջարկով եւ Երեւանի քաղաքապետի որոշմամբ արգելվել է 20 եւ պակաս քառակուսի մետր
տարածք ունեցող կառույցների համար շինթույլտվություն տալը: Ստացվում է, որ 21 քմ
տարածքով «բուտկայի» կառուցումն արդեն թույլատրելի է: Էլ չենք խոսում այն մասին,
որ ամենաթռուցիկ իսկ հայացքը բավական է համոզվելու համար, որ անմիջապես բնակելիի
լուսամուտների դիմաց եւ գազոնների մեջ կառուցված այդ անհեթեթ օբյեկտը չի համապատասխանում
գործող քաղաքաշինական տարրական նորմերին: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ
Հ. Գ. Չնայած բնակիչների պայքարին՝ կրպակի տեղադրման շինաշխատանքները
մոտենում են ավարտին: Հերթական անգամ ոչ վաղ անցյալում կանաչ տարածքը փոխարինվեց
բետոնով: «Մենք կանգ չենք առնի, եթե թույլ տանք, որ այս փոքր կրպակն այստեղ կանգուն
մնա, ուրեմն վաղը գազոնների տեղը սուպերմարքեթներ կսարքեն»,- ասացին բնակիչներն ու
տեղեկացրին, որ դիմելու են բոլոր հնարավոր ատյաններին՝ կրպակի ապամոնտաժման աշխատանքում
իրենց աջակցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել