Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐՈՏՆ Է ԻՆՁ ԲԵՐՈՒՄ»

Հոկտեմբեր 13,2005 00:00

Հարցազրույց Սերգո Միկոյանի հետ «Վերջին
5-6 տարիներին ես ամեն աշնան սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին այցելում եմ Հայաստան:
Հայրենիքի կարոտն է բերում: Ամեն տարի մեկնում եմ Սանահին: Հայրս ծնունդով այնտեղից
է: Մի քանի անգամ եղել եմ Ղարաբաղում: Մեծ որդուս հետ շրջել ենք Հայաստանի բոլոր
տեսարժան վայրերում, պատմաճարտարապետական կոթողներում: Այս ընթացքում ես այնքան եմ
շրջագայել Հայաստանում, որ ինձ թվում է, թե չկա մի վայր, որն ինձ անծանոթ լինի»,-
«Առավոտի» հետ զրույցում պատմեց Անաստաս Միկոյանի որդին՝ Սերգո Միկոյանը: Այս տարի
նրա այցի հիմնական նպատակը նաեւ հորեղբոր՝ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի 100-ամյա
հոբելյանի տոնակատարություններին մասնակցելն էր: Դրանք նախատեսվում էին հոկտեմբերի
3-4-ին, ինչ-ինչ պատճառներով հետաձգվել են նոյեմբերի 11-ին. «Այնպես որ, բացառված
չէ, որ այդ ժամանակ էլ գամ Հայաստան: Ի դեպ, հորեղբորս իսկական անունն Անուշավան
էր, տանը կարճ ասում էինք Անուշ: Ընտանիքում նրան շատ սիրում եւ հարգում էին»,- պատմում
է մեր զրուցակիցը: Նոյեմբերի 25-ին լրանում է նաեւ Անաստաս Միկոյանի ծննդյան 110-ամյակը:
Այդ առիթով նույնպես նախատեսված է միջոցառումների շարք: Համապատասխան գումարները
փոխանցված են ՀՀ պաշտպանության նախարարությանը, որտեղ մեզ խոստացան եկող շաբաթվա
ընթացքում մանրամասներ հաղորդել միջոցառումների կազմակերպական փուլի մասին: Մոսկվայում
այդ առիթով եւս նախատեսված են միջոցառումներ: Իսկ շենքի մուտքին, որտեղ երկար տարիներ
աշխատել է Անաստաս Միկոյանը, հուշատախտակ է փակցվելու: Հետաքրքրվեցինք, թե
ինչո՞վ է զբաղվում Սերգո Միկոյանը. «Այս տարի ես աշխատել եմ երկու գրքի վրա: Մեկը,
որը բավականին հաստափոր է, հուշեր եւ հիշողություններ է Կարիբյան ճգնաժամի մասին:
Ինչպես գիտեք, հայրս համարվում էր այն մարդկանցից մեկը, որը կանխեց երրորդ համաշխարհային
պատերազմը: Այդ գիրքը լույս կտեսնի Մոսկվայում, ռուսերեն: Մյուս գիրքը նախատեսված
է Հայաստանի եւ հայ ընթերցողի համար: Այն լույս կտեսնի հայերեն եւ ռուսերեն: Գիրքը
կոչվում է «Իմ հայրը՝ Անաստաս Միկոյանը»: Այդ գրքի, այսպես կոչված, ծնունդը պայմանավորված
էր նրանով, որ ամեն անգամ Հայաստան այցելելիս ես շփվում եմ հարյուրավոր մարդկանց
հետ, ովքեր հետաքրքրվում են ընտանիքիս՝ ծնողներիս, եղբայրներիս մասին: Մոտավոր պատկերացում
ունենալով, թե ինչն է հետաքրքրում հայ մարդուն իր հանրաճանաչ համերկրացու եւ նրա
ընտանիքի մասին, ես որոշեցի գրել այդ գիրքը: Գրքում ես պատմում եմ Անաստաս Միկոյանի
կյանքի, աշխատանքի, մայրիկիս, հորեղբորս՝ Անուշավան Միկոյանի մասին: Մի խոսքով՝ գրել
եմ այն ամենը, ինչն ըստ իս կհետաքրքրի ընթերցողին»: Իսկ ի՞նչ տպավորություններ
է ստացել Սերգո Միկոյանը՝ առավել մոտիկից ծանոթանալով Հայաստանին. «Գիտե՞ք, տարեցտարի
շարժը նկատելի է: Համենայնդեպս, երեւանաբնակների արտաքինը բավականին տպավորություն
գործող է: Ցավոք՝ այստեղ էլ նույն դժբախտությունն է՝ չափազանց մեծ է անդունդը մայրաքաղաքի
եւ մարզերի, փողատերերի եւ սովորական մարդկանց միջեւ: Ռուսաստանում էլ է այդպես»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել