Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵԼԻ

Հոկտեմբեր 12,2005 00:00

ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՎԵԼԻՆ ԱՆԵԼ Հայաստանի երիտասարդ ծանրորդները հաջող հանդես եկան Սլովակիայի Տրենչին քաղաքում անցկացված տարիքային այս խմբի Եվրոպայի առաջնությունում: Մասնակցելով թերի կազմերով՝ մեր հավաքականը, այնուամենայնիվ, թիմային հաշվարկով տեղ զբաղեցրեց առաջատարների շարքում: Արայիկ Միրզոյանը՝ 62 կգ քաշային կարգ եւ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 75 կգ, նվաճեցին արծաթե, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝ 69կգ, բրոնզե մեդալ: Մեր աշխատակիցը զրուցեց Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Մխիթարյանի հետ, որը թիմին ուղեկցել էր մրցավայր: – Ովքե՞ր էին հավաքականներին նախապատրաստել այս առաջնությանը: – Տղաներին՝ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Վիլասյանն ու ես, աղջիկներին՝ Արտաշես Ներսիսյանը: Սակայն հանգամանքների բերումով տղաների թիմը Տրենչինում ես գլխավորեցի: – Մարզիկների ընդհանուր մրցելույթները ձեզ գոհացնո՞ւմ են: – Անշուշտ: Չնայած կարելի էր ավելի ազնիվ մետաղից ձուլված մեդալներ բերել: – Ի՞նչը նկատի ունեք: – Սկսեմ սկզբից: 62 կգ քաշային Արայիկ Միրզոյանը մրցահարթակ էր մտնում միայն հաղթալու նպատակով: Նա դրա համար ամեն բան արեց: Հաջող իրացնելով բոլոր վեց մոտեցումները՝ նա ի վերջո ցույց տվեց 123+147=270 կգ: Դա բավականին բարձր ցուցանիշ է: Սակայն հիմնական մրցակիցն ավելի հաջողակ գտնվեց: Պատկերացրեք, որ Արայիկը երկամարտում նրան զիջեց ընդամենը մեկ կիլոգրամով: 69 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, որ մեկ ամիս առաջ 62 կգ-ում դարձել էր Եվրոպայի պատանիների չեմպիոն, իր համար նոր քաշում 142+167=309 կգ ցուցանիշով արժանացավ բրոնզե մեդալի: Ընդ որում, նա պոկումում ու երկամարտում սահմանեց Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդներ: Մեր մարզիկը կարող էր նաեւ հաղթող դառնալ, եթե երկրորդ վարժության վերջին փորձը ստացվեր: Պատվիրված 171 կգ ծանրաձողը նա հանեց կրծքին, սակայն վեր բարձրացնել չկարողացավ: 4-րդը ճանաչված Աղվան Մելիքյանը նույնպես Եվրոպայի պատանեկան երկու ռեկորդ սահմանեց, սակայն դա բավարար չեղավ մրցանակային տեղ զբաղեցնելու համար: Ասեմ, որ Աղվանն այստեղ 18 կգ-ով բարելավեց մեկ ամիս առաջ իր իսկ ցույց տված արդյունքները: Ես պրոֆեսիոնալ մարզիչ եմ, բայց իմ աշխատանքի ընթացքում չեմ տեսել, որ ծանրորդն այդքան կարճ ժամանակահատվածում այսքան մեծ առաջընթաց գրանցի: Իսկ +105 կգ քաշային Արեն Հակոբյանի 6-րդ տեղը (166+195=361) նման կարգի մրցումների համար վատ ցուցանիշ չէ: Ինչ վերաբերում է Եվրոպայի պատանիների գործող չեմպիոնուհի (69 կգ-ում) Հռիփսիմե Խուրշուդյանին՝ նա հանդես եկավ ավելի բարձր՝ 75 կգ քաշային կարգում: Հռիփսիմեն էլ մինչեւ վերջին պահը հաղթելու գերազանց շանսեր ուներ: Հրում վարժությունում երկրորդ մոտեցմամբ նա սանձեց 123 կիլոգրամը, ռուս մրցակցուհին՝ 124-ը: Մեր ծանրորդուհին գնաց 125-ի ու թվում էր, թե հաղթանակն ապահովված է: Սակայն մրցակիցը ռիսկի գնաց՝ պատվիրելով 129 կգ ու թեեւ շատ մեծ դժվարությամբ, բայց հաղթահարեց: Վստահեցնում եմ, որ Հայաստանում պատանի ու երիտասարդ ծանրորդների լավ սերունդ է աճում, նրանք վստահելի են ու իրենց ծանրակշիռ խոսքն անպայման դեռ կասեն: Մնում է, որ կարողանանք կարգավորել մոտեցումներն առավելագույն արդյունավետությամբ իրացնելու խնդիրը: Ծանրորդները մոտենում են այն քաշերին, իսկ դրանք բավականին լուրջ կիլոգրամներ են, որոնց հետ ի վիճակի են ճակատամարտ տալ: Մնում է, որ հոգեբանորեն ավելի պատրաստ լինեն դրան, ավելի հավատան իրենց ուժերին: – Դոպինգային խնդիրներ չե՞ն լինի: – Հավաքին մասնակցած հավաքականի բոլոր թեկնածուները պարտադիր դոպինգ-ստուգում են անցել: Ստուգումներն անցկացվել են Քյոլնի լաբորատորիայում: Ես հավատում եմ մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին: Խնդիրներ, գրեթե վստահ եմ, չեն լինի: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել